Չտարածում, ռազմավարական արտահանման վերահսկում և միջուկային անվտանգություն
Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) չտարածման մասին բոլոր պայմանագրերի և ռեժիմների համապարփակ և արդյունավետ կատարումը` դրանք դիտարկելով որպես ԶՈԶ տարածումը կանխարգելող գործուն միջոցներ:
Առկա է ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական միջոցների լայն շրջանակ` միաժամանակ միջազգային և ազգային մակարդակներում: ԶՈԶ տարածումը կանխարգելող իրավական համակարգի սյուներն են հանդիսանում.
«Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը», որին Հայաստանի Հանրապետությունը միացել է դեռևս 1991թ. սեպտեմբերի 24-ին: ՀՀ համար պայմանագիրն ուժի մեջ է մտել 1993թ․: 1995թ.` «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» վերանայմանն ու ժամկետի երկարաձգմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ, Հայաստանը սատարել է Պայմանագիրն անժամկետ երկարացնելու մասին որոշումը:
«Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան» Հայաստանի համար ուժի մեջ է մտել 1997թ. ապրիլի 29-ին։
«Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին Կոնվենցիան», որին ՀՀ միացել է 1994թ. հունիսի 7-ին:
1996թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ ստորագրել և 2006թ. հուլիսի 12-ին վավերացրել է «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրը»:
«Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին Կոնվենցիան» Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ին: Հայաստանը միացել է նաև Կոնվենցիայի 2005թ.-ի լրացմանը:
«Միջուկային անվտանգության մասին կոնվենցիան» ՀՀ համար ուժի մեջ է մտել 1998թ. դեկտեմբերի 20-ին:
«Միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի մասին կոնվենցիան» ՀՀ համար ուժի մեջ է մտել 2010թ. սեպտեմբերի 22-ին:
Հայաստանի Հանրապետությունը 2004թ. հոկտեմբերի 12-ին ստորագրել է «Բալիստիկ հրթիռների տարածումը կանխարգելող միջազգային վարքի կանոնակարգը» (Հաագայի վարքի կանոնակարգ):
Հայաստանի Հանրապետությունը ԶՈԶ տարածման դեմ պայքարի և գլոբալ անվտանգության հենասյուներից մեկն է համարում 2004թ․ ապրիլի 28-ի ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը, որը վերահաստատեց միջազգային հանրության հանձնառությունը՝ պաշտպանելու ապագա սերունդները զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և ահաբեկիչների ձեռքում դրանց հայտնվելու սպառնալիքից։ Բանաձևի ընդունումից ի վեր Հայաստանը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել դրա համապարփակ իրականացման համար, մասնավորապես ընդունել և իրականացրել է 2015-2020 թվականների գործողությունների ազգային ծրագիրը, որը հնարավորություն է տվել վերանայել արդեն գոյություն ունեցող համապատասխան ներպետական օրենսդրական դաշտը և նոր իրավակարգավորումներ հաստատել միջուկային, քիմիական և կենսաբանական ոլորտներում, ինչպես նաև արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության հարցերում։
ԶՈԶ տարածման դեմ պայքարում առաջնային նշանակություն ունի միջազգային փոխգործակցությունը։ Այս առումով Հայաստանն ակտիվ համագործակցություն է ծավալում երկկողմ ձևաչափով, մասնավորապես ՌԴ, ԱՄՆ և ԵՄ հետ՝ ելնելով նաև ՀՀ կարողությունների զարգացման կարևորությունից:
Հայաստանը ներգրավված է նաև ԱՄՆ արտահանման վերահսկման և սահմանային վերահսկողության ծրագրում, Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ԵՄ P2P ծրագրում, որոնք նպատակաուղղված են համապատասխան ոլորտի ծառայողների` զանգվածային ոչնչացման զենքի և երկակի նշանակության ապրանքների փոխադրման բնագավառում հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ԵՄ գերազանցության կենտրոնների Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) ռիսկերի նվազեցման ծրագրերում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով օգտագործումն առաջնահերթ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Լինելով ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիայի ապահով և խաղաղ օգտագործման բաց և թափանցիկ քաղաքականություն և այս կապակցությամբ ընդունում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնական դերը: ՀՀ անդամակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը 1993թ-ից: Նույն թվականին ՀՀ և ԱԷՄԳ միջև ստորագրվել է «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին համաձայնագիրը», իսկ 1997թ. ստորագրվել նաև համաձայնագրի Լրացուցիչ արձանագրությունը: Հայաստանը հանդիսանում է միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին, ինչպես նաև Օգտագործված վառելիքի ու ռադիոակտիվ թափոնների կառավարման ապահովության մասին միասնական կոնվենցիաների անդամ: Այս ուղղություններով առկա է սերտ համագործակցություն ԱԷՄԳ հետ, որին Հայաստանը պարբերաբար զեկույցներ է ներկայացնում ազգային գործողությունների վերաբերյալ:
1993 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը զգալի տեխնիկական աջակցություն է ստանում ԱԷՄԳ-ի Տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում։ ԱԷՄԳ-ի ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ իրականացվել է մոտ 50 ազգային ծրագիր, որոնք հնարավորություն են ստեղծել բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը, Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի որակավորումը, պատրաստել և վերապատրաստել միջուկային էներգետիկայի բնագավառի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների:
Հայկական ԱԷԿ-ը պարբերաբար ընդունում է ԱԷՄԳ առաքելություններ, որոնց շրջանակներում իրականացված ստուգումները վերահաստատում են կայանի անվտանգության բարձր մակարդակը։ Առաքելությունների հաշվետվությունների և առաջարկությունների հիման վրա նաև իրականացվում են կայանի անվտանգության բարձրացման աշխատանքներ։
Հայաստան-ԱԷՄԳ համագործակցության բարձր մակարդակի մասին են վկայում գործակալության գլխավոր տնօրենների պարբերական այցերը Հայաստան: Նախկին գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Հայաստան է այցելել է 2012 և 2019 թվականներին: 2022թ․ հոկտեմբերի 4-5-ին Հայաստան է այցելել գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին:
Քիմիական զենքի արգելման կազմակերպություն
Հայաստանը ստորագրել է Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիան (Կոնվենցիա) 1993թ. մարտի 19-ին և հանդիսանում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հիմնադիր անդամ: 1997թ. մայիսին Կոնվենցիայի անդամ երկրների առաջին կոնֆերանսի ժամանակ Հայաստանը վերահաստատել է իր պարտավորությունները քիմիական զենքի չտարածմանն ու դրա վերացմանն ուղղված նպատակների վերաբերյալ: Հայաստանը կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության առանցքային դերակատարությունը Կոնվենցիայի դրույթների առաջ մղման գործում:
ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ 2011թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով (Ազգային մարմին) Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով:
ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցում են ՔԶԱԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր աշխատաժողովներին, դասընթացներին և հանդիպումներին, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում երկրի կարողությունների ամրապնդման համար՝ ԶՈԶ չտարածման, խաղաղ նպատակներով քիմիական արդյունաբերության, ինչպես նաև ազգային պաշտպանվածության տեսանկյունից:
Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիա
Զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների, նյութերի, սարքավորումների և տեխնոլոգիաների մշակման, ձեռքբերման, ապօրինի շրջանառության կամ օգտագործման դեմ միջազգային հանրության պայքարի առանցքային տարրերից է «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան, որը հայտնի է որպես Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիա: Կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994թ. հունիսի 7-ին:
Անդամ երկրներին Կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման հարցում շարունակական աջակցություն է ցուցաբերում Կոնվենցիայի իրականացման աջակցության ստորաբաժանումը /BWC Implementation Support Unit/, որին Հայաստանը տրամադրում է տարեկան ազգային զեկույց:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2018թ. ստեղծվել է նաև ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ՝ ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավարությամբ:
Արտահանման վերահսկում
Հայաստանը չի անդամակցում արտահանման միջազգային վերահսկման այնպիսի ռեժիմների, ինչպիսիք են Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմը, Միջուկային մատակարարների խումբը, Ցանգերի կոմիտեն և Ավստրալական խումբը: Դրա առաջնային պատճառն այն է, որ Հայաստանը չի հանդիսանում վերահսկվող կամ ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների խոշոր արտադրող երկիր, և այս ռեժիմներին անդամակցելը չի համապատասխանում երկրի տնտեսական ուղղվածությանը: Սակայն դա որևէ կերպ չի խոչընդոտում վերոնշյալ ռեժիմների նպատակներին և սկզբունքներին հավատարիմ լինելու ՀՀ դիրքորոշմանը:
Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում երկակի նշանակության ապրանքների վերահսկողության ազգային մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը: Ներպետական իրավական համակարգը ներառում է ՀՀ քրեական օրենսգիրքը, ինչպես նաև 2010թ. մայիսի 15-ին ուժի մեջ մտած «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՕ-42-Ն օրենքը: Վերջինը նպատակաուղղված է զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաև ապրանքների արտահանման բնագավառում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովմանը: Օրենքով երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկման ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել Էկոնոմիկայի նախարարությունը:
Վերահսկվող ապրանքների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշմամբ, և դրա համար հիմք է հանդիսացել ԵՄ վերահսկվող ապրանքների ցանկը, որը պարբերաբար թարմացվում և համապատասխանեցվում է ԵՄ ցանկին:
2009թ. նոյեմբերի 12-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1308-Ն Որոշումը «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին»: Որոշման համաձայն` ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարությունը: