ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի  համատեղ մամուլի ասուլիսը

21 հոկտեմբերի, 2003

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ.- Բարեւ Ձեզ: Ես ուզում եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Սերգեյ Մարտինովին, Հայաստանում: Բոլորդ գիտեք, որ նախարարը ծնվել է Հայաստանում, Գյումրիում: Երեկ նա այցելեց ծննդավայր, իր համար դա բավականին հուզական պահ էր:

Ես պետք է ասեմ, որ այս երկու օրերի ընթացքում բանակցություններն անցել են շատ արդյունավետ: Նախ հաստատեմ, որ այսօր Հայաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Որեւէ քաղաքական տարակարծություն երկու երկրների միջեւ չկա եւ դա մեզ հնարավորություն է տալիս, որ մենք շեշտը դնենք եւ կենտրոնանանք տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Այդ առումով, պետք է ասեմ, որ տնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման դինամիկան շատ դրական է, բայց համենայն դեպս շատ անելիք կա եւ նախարարի այս այցելությամբ, ես կարծում եմ, որ մենք մի նոր քայլ ենք անում եւ նոր խթան ենք տալիս մեր երկկողմ հարաբերություններին: Ընդամենը մի շաբաթ առաջ տեղի ունեցավ նաեւ մեր միջկառարավարական հանձնաժողովի հանդիպումը: Այնտեղ նոր խնդիրներ են դրվել:  Կան գործնական պայմանավորվածություններ, եւ մենք ուղղակի համոզված ենք, որ այդ դինամիկան շարունակելու է գնալ դեպի վեր՝ շատ ավելի մեծ տեմպերով: 

Մենք նախարարի հետ քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Ես  նախարարին տեղյակ եմ պահել ԼՂ հարցի շուրջ իրավիճակին եւ նաեւ մեր ակնկալիքների մասին, հստակեցրել եմ Հայաստանի դիրքորոշումը, քննարկվել են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ նախարարը տեղյակ է պահել իրենց տարածաշրջանի հարցերին, իրենց հարաբերություններին եւ հարեւանների հետ, եւ նաեւ եվրոպական կառույցների հետ: Նաեւ չմոռանանք, որ Հայաստանն ու Բելառուսը ոչ միայն ԱՊՀ անդամ երկրներ են, այլ նաեւ, լինելով ՀԱՊ-ի անդամ երկրներ, մեզ միացնում են անվտանգության խնդիրները: Այդ շրջանակներում նաեւ քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ համարգործակցությունը:

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք գոհ ենք այցից: Արդյունքները բարձր ենք գնահատում, դրական ենք գնահատում, եւ համոզված ենք, որ այս այցը նոր խթան է լինելու երկու երկրների միջեւ հարաբերությունների ավելի արագ եւ դինամիկ զարգացմանը եւ խորացմանը: Այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը:

Ս. ՄԱՐՏԻՆՈՎ.- Բարեւ ձեզ, հարգելի տիկնայք եւ պարոնայք: Ես մի քանի խոսք կուզենայի ավելացնել իմ գործընկեր նախարարի ասածին: Նախեւառաջ ուզում եմ ընդգծել, որ սա Բելառուսի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան եւ առաջին այցն է Հարավային Կովկաս: Եվ դա վկայում է այն մասին, թե որքան կարեւորություն ենք մենք տալիս հենց Հայաստանին` որպես մեր մերձավոր հարեւանի, չնայած աշխարհագրական դիրքին: Ես համամիտ եմ նրա այն գնահատականին, որ մեր հարաբերություններում տարաձայնություններ չկան: Այսօր, մի հանդիպման ժամանակ, ես ընդգծեցի, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան, բայց կան առաջադրանքներ, եւ այդ առաջադրանքները վերաբերում են նախեւառաջ տնտեսական ոլորտին: Մենք մեր առեւտրատնտեսական հարաբերությունները պետք է դուրս բերենք լրիվ այլ մակարդակ, քան նախկինում էր կամ ներկայում: Այս հարցում առկա դինամիկան շատ դրական է: Այս տարվա մեջ 8 ամսվա ընթացքում մեր երկու երկրների միջեւ ապրանքափոխանակությունն աճել է 3,1 անգամ, աշխատանք է տարվում Բելառուսի եւ Հայաստանի արտադրողների միջեւ անմիջական կապեր հաստատելու ուղղությամբ, կատարվում են սարքավորումների փոխադարձ մատակարարումներ՝ ծանր տեխնիկայից մինչեւ այլ տեսակներ եւ մենք հիմքեր ունենք հուսալու, որ այս տարվա ընթացքում եւ այս այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները  ապագա հարաբերությունների համար լուրջ հիմք կդառնան: Հենց նոր մշակութային համագործակցության մասին ստորագրված համաձայնագիրը եւս մի կարեւոր տեսանկյուն է ավելացնում մեր փոխհարաբերությունների այս կոմպլեքսային ծավալին:

Ես նույնպես խիստ բավարարված եմ իմ այցով: Այցի ընթացքում ես ոչ միայն հարցերի հանգամանալից քննարկում ունեցա իմ գործընկերոջ՝ արտգործնախարարի, հետ, այլեւ՝ հանդիպումներ ունեցա կառավարության, խորհրդարանի ղեկավարության հետ եւ այսօր կայացավ իմ հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ժամանակ մենք  դիտարկեցինք մեր հարաբերությունների ներկա վիճակը՝ տնտեսական ոլորտի վրա հատուկ շեշտադրումով: Հանգամանալից քննարկեցինք այս ոլորտում առկա բոլոր հարցերն ու խնդիրները, քննարկվեցին այդ բնագավառում առկա բոլոր հարցերն ու հնարավորությունները եւ մոտավոր ծրագրեր կազմվեցին դրանց լուծումները գտնելու ուղղությամբ: Դրա համար, ավարտելով, կուզենայի ասել, որ մեր տեսանկյունից այս այցը լեցուն էր կամ հագեցած էր եւ որպես եւս մեկ աստիճան է ծառայելու մեր հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հաջորդ տարի մենք այցեր ենք սպասում: Բելառուս այցելության համապատասխան հրավերներ իմ կողմից փոխանցվել են Հայաստանի Նախարարների խորհրդի եւ Խորհրդարանի նախագահներին:

ԳԱՅԱՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ., Դե ֆակտո գործակալություն.- Ասացեք, խնդրեմ, կողմերը կոնկրետ ի՞նչ նոր խնդիրներ են առաջ քաշում տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Ս. ՄԱՐՏԻՆՈՎ - Եթե մենք կոնկրետության մասին ենք խոսում, ապա խնդիրները առկա են Հայաստանի տնտեսական կոմպլեքսի համար ՄԱԶ տեսակի բեռնատար ավտոմեքենաների, բելառուսական տրակտորների մատակարարման ուղիների որոնման գործում եւ այստեղ՝ Հայաստանում, Մինսկի տրակտորային գործարանի հզոր ծառայության ստեղծման հարցում. այդ կենտրոնը կարող էր սպասարկել ոչ միայն այստեղ առաքվող նոր տրակտորներին, այլեւ՝ տրակտորների գոյություն ունեցող կայանները: Ձեզանից շատերը հավանաբար գիտեն, որ Հայաստանում տրակտորների կայանների 80 տոկոսը բելառուսական են, ձեր ագարակատերերը նախապատվություն են տալիս հենց այդ տրակտորներին: Այսօր տարբերակներ էին քննարկվում նաեւ բելառուսական արտադրության ավտոբուսների առաքման կապակցությամբ: Թեթեւակիորեն ապագային հայացք գցելով, մենք այսօր քննարկում էինք մեր երկրների միջեւ, եթե այդպես կարելի է անվանել, ինտելեկտուալ կոմպլեքսների գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ անհրաժեշտությունը: Եվ Հայաստանում, եւ Բելառուսում առկա են գիտատեխնիկական հզոր ուժեր, որոնք համագործակցությունից միայն կշահեն: Ահա այսպես կարելի է կարճ պատասխան տալ ձեր հարցին:

ԱՐՄԱՆ ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ, «Ինտերֆաքս» գործակալություն,- Պարոն Օսկանյան, երեք փոխկապակցված հարց: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում ընտրություները եւ Իլհամ Ալիեւի հաղթանակը: Ի՞նչ անդրադարձ կարող է դա ունենալ Հայաստանի համար: Դրա հետ կապված, արդյոք Հայաստանի ղեկավարությունը մտադի՞ր է շնորհավորել Իլհամ Ալիեւին, միգուցե, պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո: Եվ երրորդը: Արդյոք, Հայաստանում չկա՞  անհանգստություն Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված, շնորհակալություն:

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Առաջինի հետ կապված, ասեմ, որ ես չէի ուզենա որեւէ գնահատական տալ: Մենք մոտիկից հետեւում ենք իրադարձություններին, տեղյակ ենք ԵԱՀԿ դիտորդական առաքելության գնահատաաններին եւ նաեւ տեղյակ ենք Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը, որի մեջ ասվում է, որ նախագահ է ընտրվել Իլհամ Ալիեւը: Հայաստանը կաշխատի այդ նորընտիր նախագահի հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առումով եւ ուզում ենք հույս հայտնել, որ նա կկարողանա իսկապես շարունակել բանակցություները, ինչը որ նախկին նախագահն արել է եւ հասցրել է ինչ-որ մի մակարդակի: Երկրորդ մասով պետք է ասեմ, որ այսօր փոխադարձաբար շնորհավորելու ավանդույթ չկա եւ ես կարծում եմ, որ մեր կողմից որեւէ այդպիսի շնորհավորական չի լինի: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, պետք է նշեմ, որ մենք բազմիցս ասել ենք, որ մեզ պետք են կայուն հարեւաններ եւ մենք հույս ունենք, որ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը հնարավորին չափ շուտ կկարգավորվի:

ՄԱՐԻԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Ֆրանսպրես» գործակալություն.- Պարոն Օսկանյան, ներողություն եմ խնդրում, հարցս փոքր-ինչ շեղվում է թեմայից: Երեկ մեր օդանավակայանում վայրէջք կատարեց առաջին թուրքական ինքնաթիռը: Կարելի՞ է արդյոք այս փաստը գնահատել որպես օդային ճանապարհի բացում եւ ընդհանրապես Հայաստանի ապաշրջափակմանն ուղղված առաջին քայլ:

Վ. ՕՍԿԱՆՅԱՆ - Գիտեք, օդային ճանապարհը բաց էր. հայկական ավիաուղիները կատարում էին Երեւան-Ստամբուլ կանոնանվոր չվերթներ: Ես կարծում եմ, որ թուրքական կողմը ընդ ամենը փոխադարձում է եւ օգտվում է պայմանագրով ընձեռնված հնարավորությունից, որովհետեւ ցանկացած օդային չվերթ միակողմանի լինել չի կարող: Եթե մի երկրից մյուս երկիրը թռչում են, դա ինքնաբերաբար ենթադրում է, որ մյուս կողմը իրավունք ունի նույն քանակությամբ չվերթներ կատարել: Այնպես, որ ես կարծում եմ, թուրքական կողմը որոշել է այդ իրավունքից օգտվել եւ սկսում են արդեն թուրքական ավիաուղիների մասնավոր չվերթներ:

ԿԱՐԵՆ ԹՈՓՉՅԱՆ, BBC ռուսական ծառայություն,- Պարոն Մարտինով, դատելով նրանից, որ, ինչպես դուք ասացիք, սա Ձեր առաջին այցն է Հարավային Կովկասի տարածաշրջան եւ հատկապես Հայաստան, կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանը Բելառուսի համար համարվում է առաջնային: Շնորհակալություն:

Ս. ՄԱՐՏԻՆՈՎ.- Բելառուսի համար արտաքին քաղաքականության ոլորտում առաջնային են համարվում հարեւան բոլոր երկրները եւ, ինչպես ես արդեն ասացի, Հայաստանին, չնայած աշխարհագրական դիրքին, դասում ենք մերձավոր հարեւանների շարքին: Այդ պատճառով վստահ կարելի է ասել, որ Հայաստանը եւս մեզ համար առաջնային երկիր է համարվում: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանը Հարավկովկասյան երկրներից միակն է, որը ՀԱՊԿ անդամ է եւ դա, իհարկե, մեր հարաբերություններին զգալիորեն առաջնայնություն է ավելացնում եւ երրորդը՝ իրական կյանքը այնպես է դասավորվում, որ տնտեսական առավել լուրջ գործերն ու համագործակցությունը մեզ մոտ ծավալվում են հենց Հայաստանի հետ: Դա մեր աչքում կրկին ամրապնդում է Հայաստանի առաջնայնությունը:

ԱՐԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ, ,,Հարավային Կովկաս» թերթ.- Պրն Մարտինով, Դուք ընդգծեցիք Հայաստանի հանդեպ Բելառուսի կողմից արտահանման վերաբերյալ դիրքորոշումները, այսինքն բելառուսական ապրանքների ներմուծումը: Նախատեսվու՞մ է, արդյոք, նաեւ հայկական ապրանքների առաքումը Բելառուս: Սա հարցի առաջին մասն է, իսկ երկրորդը՝ հաղորդակցություններն են: Ի վերջո, մեր աշխարհագրական հեռվությունը ենթադրում է լավագույն աշխատանք ինչպես երկաթուղային, այնպես էլ՝ երթուղային ճանապարհների ուղղությամբ: Ինչ-որ ջանքեր այդ ուղղությամբ արդեն գործադրվու՞մ են, թե դեռ ոչ:

Ս. ՄԱՐՏԻՆՈՎ.- Ուրեմն, Հայաստանի ապրանքների գնման հետ կապված, այդպիսի գնումներ, իհարկե, արվում են, դրանք պատասխան հոսքեր են, ես կարող եմ ձեզ համար այնպիսի արտադրատեսակներ նշել, որոնք մենք գնում ենք Հայաստանից, ինչպես սպիրտային խմիչքները, բնական հյութերը, էլեկտրոնային եւ էլեկտրական սարքավորումները, մասնավորապես, աստիլոսկոպներ եւ սպեկտրոմետրեր: Հաղորդակցությունների հետ կապված խնդիրներում, որոնք դուք առաջ քաշեցիք, այժմ դեռ սկզբունքային առաջխաղացումներ չկան: Դրա շուրջ դեռ պետք է աշխատել: Մենք հույս ունենք, որ մեր եւ հայկական օդային ծառայությունների զարգացման արդյունքում հնարավոր կդառնան Երեւան-Մինսկ  ուղիղ չվերթները, որոնք դեռ չկան: Մեր ընկերությունը ներկայումս վերահագեցվում է սարքավորումներով, փոփոխում է կայանը եւ երբ դա ավարտվի, հույս կունենանք, որ այդ չվերթները հնարավոր կդառնան: Ամենայն բարին ձեզ:

Տպել էջը