ԱԳ ݳ˳ñ³ñ Վ.ՕëϳÝÛ³ÝÇ Ù³Ùá&otil

20 հունիսի, 2005
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ.

Այս հարցով կայացան երկու կարեւոր հանդիպումներ.

- Հունիսի 8-ին Վիեննայում ԱԳ նախարար Վ. Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր, որոնք բխում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպման մոտեցումներից, ինչպես նաեւ ճշտվեցին առաջիկա փարիզյան հանդիպման որոշ մանրամասներ:

- Հունիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ նախարար Վարդան Օսկանյանը Փարիզում հանդիպեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պրագյան գործընթացի շրջանակներում անցկացված բանակցությունների ընթացքում նախարարները կենտրոնացան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վարշավյան հանդիպմանը արձանագրված առաջընթացի վրա: Նախարարները ընդհանուր եզրակացության չեն հանգել եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրություններ.

Հայաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում անցկացված հերթական ընտրությունները: Սրանով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւս մեկ անգամ արտահայտում է իր քաղաքական կամքը ինքնուրույն ձեւավորելու իշխանություն, որը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ճակատագրի հանդեպ: Ընտրություններով ամրագրվում են նաեւ ժողովրդավարական սկզբունքները, որով առաջնորդվում են պետական հաստատությունները: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները իրենց նպաստն են բերում ղարաբաղյան հարցի խաղաղ, համապարփակ կարգավորմանը, ինչպես նաեւ ներքին, սոցիալական խնդիրների լուծմանը:

Հայ օդաչուների ազատման կապակցությամբ.

Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմայի ս.թ. հունիսի 4-ի հրամանով ներում է շնորհվել անցյալ տարվա սկզբից ի վեր այդ երկրում բանտարկված վեց հայ օդաչուներին:

Օդաչուների վրայից լիովին հանվել են բոլոր մեղադրանքները:

Հայաստանը գոհունակություն է հայտնում հայ օդաչուներին ներում շնորհելու կապակցությամբ եւ այդ առիթով իր երախտագիտությունը հայտնում Հասարակածային Գվինեայի իշխանություններին:

Հայ օդաչուների անպարտ հռչակվելը եւ ազատ արձակումը շատ դրական իրադարձություն է եւ ձեռք է բերվել համատեղ աշխատանքով: Գործին ամենաբարձր մակարդակով միջամտել են Հայաստանի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ՀՀ ԱԳ նախարարն անձամբ այցելել է Մալաբո եւ հանդիպումներ ունեցել Հասարակածային Գվինեայի վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Բազմաթիվ անգամ Մալաբո են այցելել հայ դիվանագետները:

Հայ օդաչուների ազատման գործի մեջ ներդրվեցին նաեւ անհատ մարդկանց հնարավորությունները, որոնց մեջ առաջին հերթին Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ջանքերը: Այս բոլորը հանգեցրին դրական արդյունքի, ինչի կապակցությամբ մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում:

Վաշինգտոն կատարած աշխատանքային այց. 09-10-ը հունիսի, 2005թ.

- Հիմնական հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ էր: Քննարկվեցին հայ-ամերիկյան օրակարգի հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձան դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին, նշելով, որ երկու երկրների միջեւ ծավալվում է առողջ քաղաքական երկխոսություն, հետզհետե թափ հավաքող գործակցություն առեւտրի եւ տնտեսության բնագավառներում, հումանիտար բնագավառում շարունակվում է ամերիկյան ներառնվածությունը:

Կ. Ռայսը բարձր գնահատեց Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարին եւ Իրաքի վերականգնման ծրագրերին: Քննարկվեցին նաեւ Հայաստանի ներքին զարգացումներին, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին առնչվող հարցեր:

Վ. Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղարին ծանոթացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին: Մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում ընթացող զարգացումների շուրջ, ինչպես նաեւ քննարկվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր:

- ԱԳ նախարարը հանդիպեց նաեւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ստիվըն Հեդլիի հետ: Կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

- ԱՄՆ Կոնգրեսում Հայկական խմբի անդամների հետ կայացած հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող օրակարգային խնդիրները: Նախարար Օսկանյանը շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

- Այցի շրջանակներում Վ. Օսկանյանը հանդիպեց Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ, քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր:

- Այցի ավարտին նախարար Օսկանյանը ելույթներ ունեցավ Բրուկինգս հաստատությունում եւ Մամուլի Ազգային ակումբում:

Պեկին կատարած պաշտոնական այց. 13-14-ը հունիսի, 2005թ.

- ԱԳ նախարարի այցը պաշտոնական էր, որի ընթացքում նա ունեցավ երեք կարեւոր հանդիպում` Չինաստանի վարչապետ Վեն Ձյաբաոի, ՉԺՀ ԱԳ նախարար Լի Չժաոսինի եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային վարչության պետ Վան Ձիառուի հետ:

Քննարկումներն ընդգրկում էին երկկողմ բազմաբնույթ, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: Առանձին կարեւորություն տրվեց ՄԱԿ-ի առաջիկա բարեփոխումների վերաբերյալ հարցին: Հայ-չինական երկկողմ տնտեսական, գիտատեխնիկական ու կրթական, մշակութային, առողջապահական ու քաղաքական ոլորտներում ունեցած հարաբերությունների զարգացման վերաբերյալ կայացավ մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Չինական կողմը կարեւորեց Հայաստանի հետ քաղաքական փոխըմբռնման առկայությունը եւ նշեց, որ երկու երկրները շատ նման մոտեցումներ ունեն գլոբալ զարգացումներին եւ փոփոխություններին: Կողմերը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերություններից:

Ստորագրվեցին երկու երկրների կառավարությունների միջեւ միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքերի, շինությունների եւ հողամասերի փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը: Նամակներ փոխանակվեցին նաեւ 5 մլն. յուանի (800 հազար ԱՄՆ դոլար) չափով Հայաստանի տեխնիկական աջակցությանն ուղղված չինական դրամաշնորհի վերաբերյալ:

Մասնակցություն Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատում կայացած Ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսին. 15-ը հունիսի, 2005թ.

- ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը որպես հիմնական բանախոս հրավիրված էր Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատում տեղի ունեցած ցեղասպանություններին նվիրված միջազգային կոնֆերանսին (Վ. Օսկանյանի ելույթի ամբողջական տեքստը տարածվել է

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան բարոնուհի Քերոլայն Քոկսը եւ դեսպան Վահե Գաբրիելյանը։ Ելույթ ունեցան կանադահայ նախկին խորհրդարանական Սարգիս Ասատուրյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆրանս-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, Հոլոքոստի հիշատակի Բեթ Շալոմ հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեյմ Սմիթը։

Կոնֆերանսին մասնակցում էին բրիտանական քաղաքական եւ հասարակական գործիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, դիվանագետներ, համալսարանականներ, բրիտանական եւ արտասահմանյան մամուլ։

- Նույն օրը Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը 3.000 ստորագրություններով հաստատաված խնդրագրով դիմել է բրիտանական կառավարությանը` պահանջելով ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունը եւ նպաստել հայ-թուրքակական հաշտեցմանը:

Հյուսիսատլանտյան խորհրդին եւ ԵՄ հանձնաժողովին Հայաստանի գործողությունների ծրագրերի ներկայացում. 16-ը հունիսի, 2005թ.

Բրյուսելում ներկայացվեց երկու փաստաթուղթ, որոնք շրջադարձային փուլ են նշանավորում Հայաստանի եվրոպական ինտեգրացման ուղղությամբ:

ա) Վ. Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդի հաստատմանը ներկայացրեց Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ներկայացման փաստաթուղթը: Նա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 26 երկրների դեսպաններին հիմնական գծերով ներկայացրեց փաստաթղթի էությունը, Հայաստանի մոտեցումները համագործակցության հեռանկարների հանդեպ, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները:

Նախքան խորհրդի նիստը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերն ընդունեց նախարար Վ.Օսկանյանին եւ շահագրգիռ զրույց ունեցավ նրա հետ:

բ) Նույն օրը նախարար Օսկանյանը Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին հանձնեց հայկական կողմի մշակած Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համատեղ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը:

Ակնկալվում է, որ այս երկու փաստաթղթերի շուրջ վերջնական աշխատանքներն ավարտին կհասցվեն ընթացիկ տարվա վերջին:

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Եվրոպական միության Խորհրդի Գլխավոր քարտուղար, ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին, այդ թվում թուրք-հայկական սահմանի բացմանը, ԵՄ հովանու ներքո տարածաշրջանային տրանսպորտային եւ էներգետիկ նոր նախաձեռնություններին, Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր:

Հարցերի լայն շրջանակ քննարկվեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Մայքլ Լիի հետ:

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունած որոշման կապակցությամբ. 16-ը հունիսի, 2005թ.

Հայաստանը դրական է գնահատում Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը: Այն կարեւոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Բունդեսթագի որոշումը կարեւոր է հատկապես նրանով, որ Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 1915թ. ողբերգական իրադարձություններին եւ կոչ անում Թուրքիային հաշտվել իր անցյալի հետ:

Բունդեսթագի որոշումը եւս մեկ կարեւոր քայլ է Թուրքիայի ԵՄ անդամակցության կապակցությամբ հայկական հարցերը առաջիկա աշնանը նախատեսվող բանակցությունների օրակարգում ընդգրկելու առումով:

Տպել էջը