ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

16 հունվարի, 2006
1. Կարս-Ախալքալաք - Թբիլիսի երկաթգծի հնարավոր կառուցում
2. Սահմանագծման գործընթաց
3. Համագործակցություն պաշտպանության բնագավառում
4. Հայաստան - Ռուսաստան, գազի գնի բարձրացում

1.Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի հնարավոր կա

Երկաթգծի հետ կապված հարցը քննարկվել է Վրաստանի ԱԳ նախարարի հետ: Հայաստանի դիրքորոշումը հստակ է: Մեծ գումարներ փորձել ծախսել եւ սպասել մեկ-երկու տարի մինչեւ նոր երկաթգծի կառուցումը, որը ծառայելու է նույն նպատակին, ինչ արդեն գոյություն ունեցողը, իմաստ չունի: Եթե Ղարաբաղի հարցի պատճառով Թուրքիան չի ուզում Հայաստանը որեւէ տնտեսական օգուտ ունենա, ապա մենք նշում ենք, որ Հայաստանը պատրաստ է չօգտվել այդ երկաթգծի գործողություններից, այսինքն` իր բեռները չտեղափոխել: Միջազգային հանրությունը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը գիտեն, որ Հայաստանը պատրաստ է թույլ տալ երկաթգիծն աշխատի առանց իր մասնակցության, առանց ծառայություններից օգտվելու: Դա հնարավորություն է ընձեռում այդ երկրներին երկաթգծով նաեւ իրենց առեւտուրն իրականացնել: Կարծում ենք, նման պայմանների առկայությամբ աննպատակ է այդքան մեծ գումար ծախսել երկրորդ երկաթգիծ կառուցելու համար:

Իհարկե, այլ խնդիր է, երբ, ինչպես նշեց Վրաստանի ԱԳ նախարարը, Կենտրոնական Ասիայից, Չինաստանից այս տարածաշրջանով անցնող բեռների ծավալն այնքան մեծանա, որ երկու երկաթգծերի կարիքը լինի: Բայց դեռեւս այդ ծավալը չկա: Դրա համար էլ, կարծում ենք, կարելի է սկսել Կարս-Գյումրի–Թբիլիսի երկաթգծով, հետագայում, եթե մեծ ծավալներ լինեն, մտածել երկրորդ երկաթգծի կառուցման մասին: Այսպիսի քննարկում ենք այսօր ունեցել նախարարի հետ:

2. Սահմանագծման գործընթաց

Սահմանագծման հետ կապված այս պահին լրացուցիչ բան չունեմ ասելու: Ընդամենը մի քանի հանդիպում է եղել, դեռեւս պետք է շարունակել: Բնական է, որ կան տարակարծություններ, տարբեր մոտեցումներ, նաեւ քարտեզների առումով տարբեր ելակետային հիմքեր: Պետք է այդ բոլորը սեղանի վրա դնել եւ փորձել հասնել լավագույն լուծման: Կարեւորը, որ մեր երկու երկրների միջեւ կապերը բարեկամական են, եւ կամքի դրսեւորումը բավական ուժեղ է: Կարծում ենք, այդ բոլորը լուծելի խնդիրներ են, սպասենք` բանակցությունների եւս մեկ-երկու փուլ անցնի: Դրանից հետո, անհրաժեշտության դեպքում, կարելի է ավելի բարձր մակարդակով որոշումներ կայացնել: Երկու կողմի մի փոքր քաղաքական կամքի դրսեւորման դեպքում կկարողանանք այդ հարցը հանգիստ լուծել:

3.Համագործակցություն պաշտպանության բնագավառում

Կարծում եմ, արդեն բավական լավ համագործակցություն կա երկու երկրների միջեւ: Երկու երկրներն էլ այսօր ՆԱՏՕ-ի ԱԳԳԾ անդամ են, դրա դրույթները հստակ ուղղություն են տալիս երկու երկրների պաշտպանության կառույցների բարեփոխման եւ, առհասարակ, նրանց զարգացման: Քանի որ երկու երկրներն էլ նույն ճանապարհն են ընտրել, այդ շրջանակում նույնպես համագործակցության հնարավորություն կա, եւ որոշ բաներ արդեն արվում են: Մենք այստեղ որեւէ բարդություն չունենք, հակառակը, ունենք ընդհանուր խնդիրներ, ընդհանուր նպատակներ, մեկը մյուսի փորձից կարող է օգտվել եւ արդեն օգտվում է: Հույս ունեմ, այդ հարաբերություններն առավել կխորանան: Վրաստանը ՆԱՏՕ-ի հարցում` անդամակցության կապակցությամբ ունի բավական հստակ դիրքորոշում: Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ գործընթացներին, կարծում ենք, դա տարածաշրջանի համար բավական հետաքրքիր փորձ է լինելու: Այդ ուղղությամբ մեր քաղաքական երկխոսությունը պետք է առավել խորացնել, որպեսզի կարողանանք այնպիսի համագործակցություն ծավալել, որ այդ ոլորտներում գոնե թույլ չտանք մեր տարածաշրջանում որեւէ բաժանարար գծի ստեղծում: Այս խորհրդակցությունների նպատակը դա է. բոլորս լավ գիտակցում ենք, որ հայ-վրացական հարաբերությունները այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը ապահովող կարեւոր օղակներից մեկն է: Այդ կոնտեքստում ցանկացած խնդիր կարելի է ավելի հեշտությամբ լուծել:

4.Հայաստան -Ռուսաստան, գազի գնի բարձրացում

Երկու երկրների միջեւ հարաբերությունները ռազմավարական համարելու համար որոշ գործոններ պետք է լինեն: Կարծում եմ, Վրաստանի նախարարի բացատրությունը բոլորիդ համար հստակ էր: Եթե երկու երկրների համար որոշ գործոններ կան, հատկապես անվտանգությանը վերաբերող, որոնք այդ երկրների հարաբերությունների հիմքում են դրվում, ապա կարելի է այդ հարաբերությունները համարել ստրատեգիական: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ստրատեգիական են: Կարծում եմ, մի գործոնը` նավթի գինը, մեր հարաբերություններում լուրջ շեղումների չպետք է բերի, որովհետեւ անվտանգությանը վերաբերող հարցերում, հատկապես պաշտպանության, դեռեւս մեր խնդիրներն ու ընդհանուր շահերը մնում են: Այնպես որ, պետք չէ շտապել նման եզրակացություններ անելու, առավել եւս պետք չէ շտապել եզրակացություններ անել կապված գազի գնի բարձրացման հետ: Բանակցությունները շարունակվում են, դրանց արդյունքից հետո կարելի է խոսել, թե հատկապես մեր էներգետիկ ոլորտում ինչպիսի վերանայումներ պետք է անենք, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել էներգետիկ դիվերսիֆիկացիան եւ հետագա նման ցնցումներից խուսափել: Պետք է ճիշտ հասկանալ ստրատեգիական բառի իմաստը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հիմքում դրված է մեր անվտանգության խնդիրը, մեր ֆիզիկական պաշտպանության խնդիրը:

Տպել էջը