ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

20 փետրվարի, 2006
1. Ներածություն, դեսպան Հ. Տալվիտիեի դերը Հայաստան-ԵՄ հարաբերություններում
2. Վրաստանի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբեյալ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ
3. Գազի գնի բարձրացում, էներգետիկ քաղաքականության վերանայում
4. Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ
5. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Ռամբույեի բանակցությունների փուլից հետո

 

1. Ներածություն, դեսպան Տալվիտիեի դերը Հայաստան-ԵՄ հարաբերություններում

Վ. Օսկանյան. - Ողջունում եմ պրն. Տալվիտիեին Երեւանում: Այս պաշտոնում սա պրն. Տալվիտիեի վերջին այցն է, նա եկել է հրաժեշտ տալու: Այցելությունը որոշ չափով արարողակարգային է, բայց, հաշվի առնելով պրն. Տալվիտիեի այս տարածաշրջանի հետ կապված հսկայական փորձը` նա դեռ ներգրավված կլինի, եւ մենք հնարավորություն կունենանք նրան այստեղ տեսնել: Պրն. Տալվիտիեն այս տարածաշրջանում ԵՄ ներկայացուցիչ է նշանակվել 2003թ. հունիսի 7-ին, երեք տարիների ընթացքում մոտ 10 այցելություն է կատարել Հայաստան: Մենք շատ բարձր ենք գնահատում նրա աշխատանքը, այդ նշանակումը օգտակար է եղել եւ որպես անձի, եւ որպես պաշտոնավարողի: Այն ժամանակ, երբ քննարկում էինք, թե արդյոք այդ նշանակման անհրաժեշտությունը կա՞, որոշ կասկածներ կային, բայց երեք տարի անց մեծ համոզմունքով կարող եմ ասել` դա կարեւոր եւ ճիշտ նշանակում էր: Այս ընթացքում մենք շատ սերտ աշխատել ենք միմյանց հետ, երկար ճանապարհ ենք անցել, եւ այս տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ օրակարգն առավել ծավալուն է դարձել:

Պրն. Տալվիտիեի գործունեության ընթացքում մեծ թափ է հավաքել Գործողությունների ծրագիրը, շատ մոտ ենք դրա ավարտմանը, որից հետո մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ առավել խորքային կլինի: Նա մեծ ջանք է ներդրել նաեւ Ղարաբաղի հարցով, իր փորձով ու ներգրավվածությամբ այդ հարցին նույնպես նպաստել է` շատ հաճախ կրիտիկական պահերին կողմերի միջեւ կապը պահպանելու առումով: Նաեւ օգտակար է եղել Թուրքիայի հետ մեր երկխոսության հարցում իր անընդհատ խորհուրդներով սահմանից այն կողմ եւ այստեղ, որպեսզի այդ հարաբերությունները տեղից շարժվեն: Այս պահին, երբ հետադարձ հայացք ենք գցում, փոխադարձ բարձր ենք գնահատում այս գործունեությունը, պաշտոնի անհրաժեշտությունը:

Համոզված ենք, որ նրա հաջորդի` շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբիի հետ նույն ինտենսիվությամբ եւ արդյունավետությամբ կշարունակենք մեր համագործակցությունը: Երեւի թե մոտ ապագայում նա կայցելի տարածաշրջան եւ մենք կշարունակենք մեր գործունեությունը նոր հանձնակատարի հետ: Ես նաեւ ուզում եմ այս առիթը օգտագործել, ձեր բոլորի առջեւ շնորհակալություն հայտնել պրն. Տալվիտիեին իր նվիրումի համար:

2. Վրաստանի հայտը ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբեյալ, Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններ

Վ. Օսկանյան. - Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Կովկասի մյուս երկրների ՆԱՏՕ-ին անդամակացությանը, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքը ոոշելու իր անվտանգության խնդիրները եւ որ երկրի հետ ինչպիսի դաշինքներ կազմելու: Դա յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է: Առաջին օրվանից էլ մենք կողմ ենք եղել այդ մոտեցմանը, ոչ ոք ոչ մեկին չպետք է թելադրի իր անվտանգության հարցերն ինչպես լուծել: Եթե Վրաստանը գտնում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ապահովում է իր անվտանգությունը եւ երկիրն առավել ապահով եւ կայուն է դարձնում, դա իրենց որոշումն է: Հայաստանին հետաքրքրում է կայուն Վրաստանը: Հուսով ենք, Վրաստանի իշխանությունները ճիշտ որոշումներ են կայացնում իրենց անվտանգության հարցերը լուծելու առումով առավել կայուն երկիր ունենալու համար: Դա բխում է Հայաստանի շահերից: Մեր մասով բազմիցս ասել ենք, որ ուզում են ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները առավելագույնս խորացնել, օգտվել այսօր Հայաստանին ընձեռնված բոլոր հնարավորություններից: Բարեբախտաբար, Կովկասի երեք պետություններն էլ ՆԱՏՕ-ի հարաբերություններում նույն հարթակի վրա են գտնվում, ունեն նույն հնարավորությունները, եւ կարծում եմ, յուրաքանչյուրն իր չափով փորձում է լավագույնս օգտվել ընձեռնված հարաբերություններից:

3. Գազի գնի բարձրացում, էներգետիկ քաղաքականության վերանայում

Վ. Օսկանյան. - Ինչ վերաբերում է Ռուսաստանի գազի գնին. մեր քաղաքականությունը միշտ էլ բազմաշառավիղ է եղել, որովհետեւ դրա հիմքում ընկած է մեր կոմպլեմենտար գաղափարախոսությունը: Այն հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ցանկացած պահի տարբեր շեշտադրումներ անել: Վերջին զարգացումները մեզ հուշում են, որ էներգետիկ հարցերում պետք է շեշտադրումները փոխել, նայել, վերանայել մեր էներգետիկ քաղաքականությունը, որովհետեւ այլ զարգացումներ են տեղի ունեցել. մենք անում ենք դա: Եթե հինգ տարի առաջ Իրանի հետ գազամուղ կառուցելու խնդիր չունեինք, ապա մի քանի տարի առաջ այդ հարցը ծագեց, եւ այսօր շատ գոհ ենք, որ այդ պահին ճիշտ որոշում ենք կայացրել եւ սկսել ենք շինարարությունը: Մեր քաղաքականությունն ինքնին արդեն կոմպլեմենտար գաղափարախոսության հիման վրա բազմավեկտոր է, եւ դա մեզ լայն հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում շեշտադրումները փոխել: Կարծում եմ, գազի գնի վերջին բարձրացումը մեզ հուշում է, որ էներգետիկ ուղղությամբ պետք է կարողանանք առավել համապարփակ եւ բազմաշերտ քաղաքականություն ունենալ: Այդ ուղղությամբ արդեն ճիշտ քայլեր արվում են:

4. Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ

Վ. Օսկանյան. - Այդ հարցն այսօր միջազգային հարթության վրա է գտնվում, բանակցություններ են ընթանում Եվրամիության եռյակի եւ Իրանի միջեւ: Այս պահին, այդ խնդիրը լուծելու համար Մոսկվայում հանդիպում են Իրանի եւ Ռուսաստանի պատվիրակությունները: Մեզ հետաքրքրում է, որ այս հարցը կարգավորվի դիվանագիտության շրջանակում, կողմերը կարողանան համաձայնության գալ, որպեսզի հարցն առավել չբարդանա եկող շաբաթների եւ ամիսների ընթացքում:

5. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը Ռամբույեի բանակցությունների փուլից հետո

Վ. Օսկանյան. - Ես բազմիցս ասել եմ, որ սեղանի վրա կա մեկ էջանոց փաստաթուղթ, այդ նույն մեկ էջը Ռամբույեում նույնպես սեղանի վրա էր: Այդ մեկ էջի վրա շարադրվել են հարցի կարգավորման հիմնական սկզբունքները, դրանց մի մասի վերաբերյալ արդեն համաձայնություն կա կողմերի միջեւ, իսկ որոշ մասի վերաբերյալ չկա: Ռամբույեում փորձ արվեց համաձայնության գալ մնացածի վերաբերյալ, բայց չստացվեց: Հույս ունենք, որ գործընթացը շարունակություն կունենա եւ, վերջիվերջո, հնարավոր կլինի համաձայնության գալ նաեւ այդ հարցերի շուրջ: Ինչ վերաբերում է երաշխիքներին. վերջիվերջո հարցի ցանկացած կարգավորում ենթադրելու է անհատ պետությունների, հատկապես համանախագահող երկրների լուրջ երաշխիքներ, նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի, այնպես որ, պետք չէ առանձնացնել: Կարծում եմ, այդ երաշխիքները պետք է համապարփակ լինեն, որպեսզի բոլոր կողմերին առավել մեծ վստահություն ներշնչեն պայմանագրի անբողջական կիրառության առումով, եւ ընթացքում որեւէ հետ քայլ չլինի: Իսկ Ռուսաստանն այդ հայտարարության պատճառով առավել կակտիվանա թե ոչ, կարծում եմ, համանախագահները իրար հետ աշխատում են համերաշխությամբ եւ զուգահեռ գործընթացներ չեն գնում: Այսօր միակ գործընթացը Մինսկի խմբի շրջանակում է, կարծում եմ եւ ակնկալում, որ վաշինգտոնյան հանդիպման ընթացքում համանախագահողները որոշելու են` հաջորդ քայլերը որոնք են լինելու, հատկապես երբ եւ ինչ օրակարգով է լինելու նախարարների հանդիպումը:

Տպել էջը