ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

05 ապրիլի, 2006
1. Ներածություն, ԵՄ-ի հետՆոր հարեւանություն ծրագրի (ՆՀԾ) շրջանակում գործողությունների ծրագրի մշակում, ԼՂ հիմնահարց, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ
2. ԼՂ բանակցությունների վիճակը Ռամբույեից հետո
3. 2006թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Հարնիշի հայտարարությունը
4. Առաջիկա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հադիպում
5. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում Հայաստանի արված զիջումների մասին
6. Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման խնդիր
7. ԱՄՆ-ի դերակատարություն ղարաբաղյան հիմնախնդրում
8. Էներգետիկ քաղաքականություն

1. Ներածություն, ԵՄ-ի հետՆՀԾ շրջանակում գործողությունների ծրագրի մշակում, ԼՂ հիմնահարց, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ

Վ. Օսկանյան.- Ողջունում եմ իմ գործընկերոջը` Պիտեր Սեմնեբիին Հայաստանում: Այս պաշտոնում նշանակվելուց հետո սա նրա առաջին այցելությունն է: Նա Հայաստանում եղել է երկրաշարժի օրերին, երբ աշխատում էր Մոսկվայում Շվեդիայի դեսպանատանը: Այնպես որ, Հայաստանին ծանոթ է, բայց այս պաշտոնում առաջին այցելությունն է: Ուզում եմ շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ, նաեւ վերահաստատել մեր նվիրումը ԵՄ ինտեգրման գործընթացին: Մենք առաջին օրվանից շատ բարձր ենք գնատահել ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը: ԵՄ-Հայաստան, ԵՄ-Կովկաս, առհասարակ, օրակարգն օրեցօր ընդլայնվում է, առավել խորքային է դառնում, որովհետեւ հարաբերություններն առավել խորացնելու նոր գործիքներ են գործի դրվում:

Այսօր մեր բանակցությունները շարունակում ենք Նոր հարեւանության ծրագրի շրջանակում գործողությունների ծրագրի մշակման առումով: Առավոտյան ես ընդունել եմ նաեւ Ֆոկիոն Ֆոտիադիսին Եվրահանձնաժողովի կողմից: Քննարկել ենք գործողությունների ծրագրի բովանդակությունը եւ մեր հետագա անելիքները: Հաջորդ փուլը, հավանաբար, տեղի կունենա ապրիլի վերջին կամ մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: Կարծում ենք, արդեն այդ փուլով ավարտին կհասցնենք Գործողությունների ծրագիրը, ստորագրելուց հետո դա գործի կդրվի, ինչը նոր հեռանկար կբացի մեր երկկողմ հարաբերություններում: Այդ համատեքստում Հատուկ հանձնակատարի ներկայացուցչի նշանակումը, նրա ներկայությունը առավել իմաստ է ստանում, քանի որ մեր առաջ արդեն գործողությունների ծրագրի բովանդակության իրականացման խնդիր է դրվում: Նախկին փորձը ցույց է տվել, որ օգտակար է կոորդինացված ձեւով աշխատել մի մարդու հետ, ով ունի Հայաստան-Եվրամիություն օրակարգն իրականացնելու մանդատ:

Պրն. Սեմնեբիի կարեւոր խնդիրներից է նաեւ Ղարաբաղի հարցը, նա այդ հարցում նույնպես ներգրավվածություն կունենա, ոչ որպես միջնորդ, բայց որպես գործընթացին նպաստող եւ բանակցային փուլում, եւ հարցի կարգավորման համատեքստում հետագա անելիքների առումով: Այսօր մեր քննարկման առանցքային խնդիրներից մեկը եղել է ԼՂ հարցի վերջին զարգացումը, Ռամբույեից հետո ստեղծված վիճակը: Քննարկել ենք նաեւ Վաշինգտոնի իմ հանդիպումը ամերիկյան համանախագահողի հետ: Ես փոխանցել եմ մեր տեսակետը, որ հակառակ Ռամբույեից հետո գործընթացի ձախողման մասին տարաբնույթ մեկնաբանությունների` մեր գնահատականն այն է, որ գործընթացը կենդանի է: Գործընթացը շարունակելու, նաեւ լրացուցիչ առաջընթաց արձանագրելու հնարավորություններ դեռեւս կան:

Քննարկել ենք նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, քանի որ դա ամբողջությամբ տեղավորվում է Հայաստան- Եվրամիություն հարաբերությունների, Հարեւանության ծրագրի համատեքստում: Այդ առումով քննարկել ենք հետագա անելիքները, նաեւ հանձնակատարի ներգրավվածությունը այդ հարցերի լուծմանը: Սա մեր առաջին հանդիպումն էր, կարծում եմ, արդյունավետ էր, քանի որ ուրվագծվել է այն օրակարգը, որով միասին աշխատելու ենք: Կա նաեւ անցյալի փորձը. Հեյկի Թալվիտիեն, երկու տարի լինելով այդ պաշտոնին, բավական մեծ աշխատանք է արել: Այնպես որ, բավական ամուր հիմքեր են ստեղծվել, եւ համոզված ենք, որ նոր հանձնակատարի հետ կկարողանանք այդ հիմքի վրա լրացուցիչ կառուցել մեր հարաբերությունները:

2. ԼՂ բանակցությունների վիճակը Ռամբույեից հետո

Վ. Օսկանյան.- Մանրամասները չեմ կարող հաստատել, միայն կարող եմ ասել, որ Ռամբույեում օրակարգային հարցը հնարավոր չեղավ լուծել, բայց բանակցությունները պետք է շարունակել: Սեղանի վրա այն, ինչ կա, բավական դրական էլեմենտներ է պարունակում: Դրա վրա պետք է կառուցել ամենաբարդ հարցերը, որոնք մնում են: Պետք է աշխատել եւ փորձել լուծումներ գտնել:

3. 2006թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Հարնիշի հայտարարությունը

Վ. Օսկանյան.- Դժվարանում եմ ասել` ինչի վրա կարող են հիմնված լինել նման պնդումները, յուրաքանչյուրն իր համոզմունքն ունի: Համենայնդեպս, մի պահ բոլորս էլ ասում էինք, որ 2006թ. հնարավորությունների տարի է, եւ պետք է շարունակենք աշխատել, որպեսզի կարողանանք հասնել լուծման: Չեմ կարող պնդել, բայց այդ հավանականությունը պետք չէ նաեւ բացառել, բարդություններ կան, շարունակում ենք աշխատել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Եթե Ադրբեջանը կարողանա քաղաքական բավական կամք ցուցաբերել, կարծում եմ, իրոք, հնարավոր է գործընթացը տեղից շարժել եւ լրացուցիչ հաջողություն արձանագրել եկող ամիսների ընթացքում:

Ցանկալի կլինի 2006թ. հասնել առաջընթացի, բայց եթե չի լինում, կարծում եմ, աշխարհի վերջը չէ: 2007թ. ընտրությունների տարի է Հայաստանում, բայց այստեղ էլ պետք չէ բացառել, որ ոչինչ չի կարելի անել: Այս պահին բանակցությունները պետք է շարունակել, դժվարանում եմ ասել` ինչպիսի զարգացումներ կլինեն:

4. Առաջիկա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հադիպում

Վ. Օսկանյան.- Այս պահին նման որեւէ առաջարկություն չկա: Մոտավորապես կարող եմ ուրվագծել` ինչպիսի զարգացումներ կարող են լինել զուտ բանակցության առումով: Վաշինգտոնում ես հանդիպել եմ Սթիվեն Մանի հետ, Մամեդյարովը Վաշինգտոնում կլինի այս մի քանի օրերի ընթացքում, նույնպես կհանդիպի Սթիվեն Մանին: Դրանից հետո միայն, եթե նկատվի տեսակետների մոտեցում, երեւի թե համանախագահները կայցելեն տարածաշրջան, որից հետո չի բացառվում նախարարների հանդիպումը:

5. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում Հայաստանի արված զիջումների մասին

Վ. Օսկանյան.- Մենք միշտ ասել ենք, որ այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. դրա լավագույն ապացույցը պատերազմում մեր հաղթելն է, բայց կոնֆլիկտի լուծված չլինելու փաստը: Միակ ճանապարհը փոխզիջումների ճանապարհն է, առանց փոխզիջումների հնարավոր չէ: Վերջին շրջանում Հայաստանն իր բաժին զիջումն արել է, մենք այսօր սահմանաեզրում ենք գտնվում, արդեն տեղ չունենք հետ գնալու: Պահն է, որ Ադրբեջանը համապատասխան քայլ անի, որպեսզի կարողանանք գործընթացը տեղից շարժել եւ հասցնել վերջնական ավարտին:

6. Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցման խնդիր

Վ. Օսկանյան.- ԵՄ դիրքորոշումը շատ հստակ է եւ հրապարակային. տկն. Ֆերերո-Վալդները հարցազրույցներում, նաեւ պաշտոնական հայտարարություններում հստակ ասել է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի նախագիծը ԵՄ ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը չունի, քանի որ պետք է ֆինանսական ռեսուրսը դնել առկա երկաթգծի վերակենդանացման վրա եւ ռեսուրս չվատնել նորը կառուցելու, եղածը փոխարինելու համար, ինչը նպատակ է հետապնդում շրջանցել Հայաստանը: Այնպես որ, այս հարցում ԵՄ դիրքորոշումը բավական հստակ է:

7. ԱՄՆ-ի դերակատարություն ղարաբաղյան հիմնախնդրում

Վ. Օսկանյան.- ԱՄՆ-ն միշտ էլ ակտիվ, շահագրգռված եւ հետաքրքրված է եղել ղարաբաղյան հարցի կարգավորմամբ, բայց միշտ գործել է Մինսկի խմբի շրջանակում: Վերջերս կարող է այն տպավորությունն ստեղծվել, որ ԱՄՆ-ն առանձին առավել ակտիվ նախաձեռնություն է վերցրել, քանի որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հաճախակի են այցեր կատարել Հայաստան եւ տարածաշրջան: Վերջերս Բրայզան էր այստեղ, Ֆրիդը, Սթիվեն Մանը, եղել է իմ այցելությունը Վաշինգտոն: Համենայն դեպս, կարող եմ ասել, որ ինչ մեզ փոխանցվում է եւ ինչ քննարկում ենք, դիտարկվում է Մինսկի խմբի շրջանակում: Սթիվեն Մանի այցն այստեղ եւ հայտնած մտքերը համանախագահների կողմից էին, այնպես որ, հակառակ մեծ հետաքրքրությանը, դեռեւս չենք տեսնում որեւէ շեղում համանախագահների միասնական աշխատանքից:

8. Էներգետիկ քաղաքականություն

Վ. Օսկանյան.- Պրն. Սեմնեբիի հետ մենք էներգետիկ խնդիրներ չենք քննարկել: Կենտրոնացել ենք հիմնականում Ղարաբաղի, Թուրքիայի հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վրա, նաեւ որոշ չափով անդրադարձել ենք մեր Գործողությունների ծրագրին, բայց չենք խորացել բովանդակության մեջ: Մինչեւ պրն. Սեմնեբիի հետ հանդիպելը առավոտյան հանդիպել եմ պրն. Ֆոտիադիսի հետ, ով եկել էր հատուկ Գործողությունների ծրագրի մասին խոսելու: Էներգետիկ խնդիրներն այդ ծրագրի կարեւոր մասն են կազմում, եւ մենք բավական խորքային քննարկում ենք ունեցել այդ հարցի վերաբերյալ:

Այսօր ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն էներգետիկ խնդիրների առնչությամբ շատ ինտենսիվ կոնսուլտացիաների մեջ են, քանի որ սկսել են նոր մոտեցումներ որդեգրել եւ նոր տեսլական են դրել ամբողջ տարածաշրջանի ու Եվրոպայի համար էներգետիկ խնդիրների լուծման առումով: Մեր խնդիրն է այդ տեսլականի մաս լինելը, որովհետեւ խոսքը էներգետիկ նոր աղբյուրների օգտագործման, դիվերսիֆիկացման մասին է, խոսք կա տարածաշրջանում նոր ատոմակայանների, տրանսկասպյան գազամուղի կառուցման վերաբերյալ որպես դիվերսիֆիկացման միջոց: Այս խնդիրները ծագել են վերջերս ՌԴ գազի թանկացման, նաեւ Ուկրաինայի հետ առաջացած խնդիրների արդյունքում, ինչը նաեւ բացասական ազդեցություն է ունեցել ԵՄ անդամ պետությունների վրա: Այսօր ԵՄ օրակարգի առաջնային խնդիրներից է էներգետիկ հարցը, եւ այս տարածաշրջանն այդ ֆորմուլայի կարեւոր մաս է կազմում, որտեղ Հայաստանն իր տեղն ու դերը պիտի ունենա: Այդ համատեքստում քննարկումներ ենք տանում ԵՄ-ի հետ, որպեսզի կարողանանք մեր առաջ ծառացած էներգետիկ խնդիրները լուծել նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցելու միջոցով:

Տպել էջը