ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

20 ապրիլի, 2006

1. Ներածություն, ԵՄ-ի հետ համագործակցություն, Նոր հարեւանություն ծրագրի (ՆՀԾ) շրջանակում գործողությունների ծրագրի մշակում, ներքին զարգացումներ, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց

2. Էներգետիկ քաղաքականություն, էներգետիկայի դիվերսիֆիկացում

3. Իրան - Հայաստան գազատար, հնարավոր վաճառք

4. Լեռնային Ղարաբաղի հիմնահարց

5. Նոր առաջարկներ համանախագահների կողմից

6. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորություն

7. Ժողովրդավարության զարգացման հարցեր, խորհրդարանական ընտրություններ

8. Թուրքական լրատվամիջոցների տարածած լուրեր հայ-թուրքական շփումների, հայկական սփյուռքի հետ թուրք դիվանագետների հանդիպումների մասին

9. Հայոց ցեղասպանության հարցը որպես արտաքին քաղաքականության օրակարգի հարց

 

1. Ներածություն, ԵՄ-ի հետՆՀԾ շրջանակում գործողությունների ծրագրի մշակում, ներքին զարգացումներ, ԼՂ հիմնահարց

Վ. Օսկանյան.- Բարեւ ձեզ, ես ուզում եմ ողջունել Եվրամիության եռյակին, պատվիրակության բոլոր անդամներին եւ պատվիրակության ղեկավարին` Ավստրիայի պետքարտուղար Հանս Վինկլերին: Սա նրա առաջին այցելությունն է Հայաստան, բայց եռյակի` ոչ առաջինը. իհարկե, մարդիկ փոխվում են, բայց ինստիտուտը մնում է: Այսօր Եվրամիության հետ մեր համագործակցությունը բավական ծավալուն է, խորքային, եւ այսօրվա մեր զրույցը դրա դրսեւորումն էր, որովհետեւ, իսկապես, շատ բովանդակալից, բազմակողմանի զրույց ենք ունեցել: Իհարկե, առաջին հերթին մեր գործողությունների ծրագիրն է` «Նոր հարեւանության» ծրագրի շրջանակում, որը մոտենում է արդեն իր ավարտին: Բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի սկզբին, շատ հարցեր չեն մնացել, մի քանիսն են: Կարծում ենք` կկարողանանք ավարտին հասցնել փաստաթուղթը, որը բավական խորքային եւ բազմակողմանի է, եւ որը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների արդեն հստակ ուղեցույց է լինելու եւ ամբողջությամբ նոր որակ է հաղորդելու մեր երկկողմ հարաբերություններին: Կարեւորագույն մյուս հարցը, որ այսօր քննարկել ենք, ժողովրդավարական գործընթացներն են Հայաստանում եւ առաջին քննությունը, որը Հայաստանը պետք է անցնի` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն են: Պետքարտուղարը հատուկ ուշադրություն դարձրեց այդ հարցի վրա, եւ Եվրամիությունն այսօր շատ մոտիկից է հետեւում այդ գործընթացներին` հիմնականում, մինչեւ ընտրություն, նաեւ ընտրության հիմնական գործընթացին. այսօր սա մեր երկկողմ օրակարգի կարեւոր հարցերից մեկն է: Մենք նաեւ քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, իհարկե, խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: Ես ներկայացրել եմ վերջին զարգացումները, Հայաստանի դիրքորոշումները, նաեւ մեր մոտեցումները, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել եկող օրերի եւ շաբաթների ընթացքում, քանի որ Բեռնար Ֆասիեն էր այստեղ, իսկ այսօր Երեւանում կլինի նաեւ Սթիվեն Մանը: Գործընթացը, կարծես, թափ է հավաքում. դրա մասին ենք խոսել: Քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, խոսել ենք էներգետիկ խնդիրների, Իրանի հետ կապված հնարավոր զարգացումների վերաբերյալ, այնպես որ, բավական բովանդակային զրույց է եղել: Հայկական կողմն ամբողջությամբ գոհ է, բավարարված է զրույցից, կարծում ենք` մեր հետագա քննարկումները կբերեն առավել գործնական արդյունքի:

2. Էներգետիկ քաղաքականություն, էներգետիկայի դիվերսիֆիկացում

Վ. Օսկանյան. - Այդ հարցին հնարավորություն ունեցա պատասխանել վերջերս «Հայկական ժամանակին» տված իմ հարցազրույցում: Դիվերսիֆիկացումը, կարծում եմ, հիմնականում այնքան կախված չէ, թե էներգիա արտադրող օբյեկտները ում ձեռքում են գտնվում, որքան որ կախված է նրանից, թե դրանք բնույթով, տեսակով ինչքան են դիվերսիֆիկացված, եւ այդ օբյեկտները սնող էներգակիրներն ինչքանով են դիվերսիֆիկացված: Դրա մեջ է, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիան, ոչ թե այն բանի, թե ովքեր են այդ օբյեկտը ղեկավարողները կամ դրանց սեփականատերերը, որովհետեւ այդ օբյեկտները գտնվում են Հայաստանի տարածքում: Եթե նույնիսկ դրանք սեփականաշնորհվել են կամ երկարաժամկետ տրվել են կառավարման, ապա` հստակ պայմաններով, որոնք չեն կարող հակասության մեջ լինել Հայաստանի էներգետիկ կարիքների հետ: Այնպես որ, 5-րդ բլոկը Ռուսաստանին կամ այլ օբյեկտները այս կամ այն երկրին տրամադրելը դիվերսիֆիկացիայի տեսանկյունից ինձ այնքան էլ չի մտահոգում, որովհետեւ դիվերսիֆիկացիան հիմնականում այդ մյուս երկու ուղղություններով պետք է նայել, ոչ թե ովքեր են կառավարում այդ օբյեկտները:

Էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումները ղարաբաղյան հարցի հետ չէի կապի, բայց այս հարցերին, կարծում եմ, պետք է նայել ցանկալիի եւ հնարավորի խառնուրդի մեջ: Իհարկե, ցանկալի է, որ այնտեղ նաեւ դիվերսիֆիկացում ունենանք, որ էներգետիկ օբյեկտների մի մասը հայ գործարարներինը լինի, մի մասը` Ռուսաստանի, մյուս մասը, գուցե` եվրոպական երկրի, բայց, երեւի, դրա հնարավորությունը չի եղել կամ հետաքրքրություն չի եղել, եւ այնպես է ստացվել, որ մի քիչ ավելի ռուսական թեքման է գնում: Նորից եմ կրկնում, այնքան ժամանակ, որ այդ պայմանագրերը հստակ են, կարծում եմ, պետք է շատ մտահոգվենք, որովհետեւ, իրոք, շատ բան կախված կլինի, թե սեփականաշնորհումը կամ երկարաժամկետ կառավարման այդ պայմանագրերը ինչ բնույթի են եւ ինչպիսի դրույթներ են դրվել այնտեղ: Համոզված եմ, որ այնտեղ անպայման կլինեն դրույթներ, որ ամբողջությամբ կպաշտպանեն մեր էներգետիկ անվտանգությունը եւ դիվերսիֆիկացման խնդիրները:

3. Իրան - Հայաստան գազատար, հնարավոր վաճառք

Վ. Օսկանյան. - Անկեղծ ասած, ես դրա պատասխանը չունեմ, դրա վերաբերյալ գիտեմ, որ քննարկումներ, բանակցություններ են գնում: Այդ գազամուղը դեռեւս չկա, այստեղ խոսքը չեղածը վաճառելու մասին է, փաստորեն: Կարծում եմ, խոսքն ավելի այն մասին է, թե ով պետք է կառուցի, դրա փողը ով կտա: Բնականաբար հարց կտաք, եթե փողը տվին, կառուցեցին, երեւի նաեւ տերը կլինեն. միգուցե, ճիշտն ասած: Քանի որ բանակցությունները ինքս չեմ վարում, մանրամասներին էլ այս պահին չեմ տիրապետում: Այսպես, բավական հեղհեղուկ վիճակում է, բայց եթե ինձ կոնկրետ հարց եք տալիս, բացառում եմ, թե` չէ, իհարկե, ոչինչ չի կարելի բացառել, բայց մյուս կողմից էլ պետք չէ արագ եզրակացությունների հանգել այնքան ժամանակ, մինչեւ որ մանրամասները իմանանք:

4. ԼՂ հարց

Վ. Օսկանյան. - Եթե Ադրբեջանն ընդունում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ նրանք հնարավորություն ունենան իրենք որոշել` ինչպիսի կարգավիճակ պետք է ունենան (ցանկացած կարգավիճակ), այդ դեպքում, Հայաստանը պատրաստ է լրջորեն քննարկել պատերազմի հետեւանքների վերացման խնդիրները: Այդպիսիք մենք համարում ենք տարածքների հարցը, փախստականների հարցը, անվտանգության խնդիրները:

ԼՂ ժողովուրդն ինքը պետք է իրավունք ունենա որոշել` ինչպիսի քաղաքական կարգավիճակ է ուզում ունենալ, առանց սահմանափակումների: Եթե այս փաստը Ադրբեջանն ընդունի, այո, հայկական կողմը պատրաստ է քննարկելու պատերազմի հետեւանքների վերացման հարցերը: Սա է այսօր մեր դիրքորոշումը:

5. Նոր առաջարկներ համանախագահների կողմից

Վ. Օսկանյան. - Ձեւակերպումներում, նոր առաջարկ ասելիս, պետք է զգույշ լինել, դա ճիշտ է եւ ոչ այնքան ճիշտ, քանի որ այսօր սեղանի վրա կա սկզբունքների շուրջ մի փաստաթուղթ, ընդամենը մի էջանոց, որից մի քանիսի վերաբերյալ համաձայնություն կա, մի քանիսի` ոչ: Կարծում եմ, նոր ասելով, նրանք, երեւի թե, նկատի ունեն թերեւս չհամաձայնեցված հարցերին փորձել նոր ձեւակերպումներ տալ, բայց հարցերն էությամբ չեն փոխվում, շատ հստակ են ձեւակերպվել այն հարցերը, որոնց շուրջ պետք է կարողանանք լուծումներ գտնել: Ինչպիսի ձեւակերպումներ կտան եւ ինչպիսի անցումներ կարելի է անել մեկ հարցից մյուսը, դրանց մեջ կարող են նորություններ լինել: Այս պահին չեմ կարող հաստատել կամ ժխտել. Սթիվեն Մանը, եթե գրավոր որեւէ բան ունենա ցույց տալու, դրանից հետո կկարողանանք ասել` ինչքանով են դրանք նորություններ: Ես մեծ նորություններ չեմ ակնկալում, կարող է լեզվական ձեւակերպումների մեջ փոփոխություններ լինեն:

6. Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորություն

Վ. Օսկանյան. - Շատ ենք խոսել դրա մասին, մենք մեր ասելիքը շատ հստակ ասել ենք: Պետքարտուղարն էլ հաստատեց, որ ԼՂ հարցը ռազմական լուծում չունի: Դա մեծ սխալ կլինի Ադրբեջանի կողմից, ես կարծում եմ, որ դա կլինի նրա վերջին սխալը:

7. Ժողովրդավարության զարգացման հարցեր, խորհրդարանական ընտրություններ

Վ. Օսկանյան. –Կարող եմ միայն հուսալ, հավատալ, հորդորել, որ մենք այլընտրանք չունենք (արդար ընտրությունների անցկացում): Այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ վատ ընտրություններ անցկացնելու դեպքում վնասները կլինեն արդեն ոչ միայն բարոյական, այլեւ` նյութական: Հազարամյակի ծրագիրը դրա վկայությունն է, հստակ կրիտերիաներ են նշվել` կապված ժողովրդավարության հետ: Եթե մենք չենք կարողանում դրանք բավարարել, արդեն կկորցնենք ոչ միայն մեր բարեկամների բարոյական աջակցությունը, այլեւ կարող ենք կորցնել նրանց նյութական աջակցությունը: Պետք է, իսկապես, ավելի լուրջ խորհել, որովհետեւ վնասներն ու հետեւանքները շատ ավելի բարդ եւ ծանր կլինեն:

8. Թուրքական լրատվամիջոցների տարածած լուրեր հայ-թուրքական շփումների, հայկական սփյուռքի հետ թուրք դիվանագետների հանդիպումների մասին

Վ. Օսկանյան. - Երկուսի մեջ էլ ճշմարտություն կա, իհարկե, նրանք մի քիչ խորացել են, կարդացել եմ դա, Զաման թերթում էր տպվել: Այնտեղ խոսվում էր նաեւ առաջարկությունների մասին, թե իրենք ինչ են ասել, մենք ինչ ենք ասել եւ այլն. դրանք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Բայց փաստը, որ այսօր մենք կոնտակտներ ունենք, միշտ էլ ունեցել ենք, երբեք չենք խզել, նույնիսկ ամենաանհուսալի ժամանակներում, երբ նույնիսկ որեւէ հեռանկար չենք տեսել, միշտ էլ կապերը պահպանել ենք. երկխոսություն կա, տարբեր մակարդակներում, տարբեր առիթներով: Տեղյակ եմ նաեւ, որ թուրք ներկայացուցիչները եղել են Միացյալ Նահանգներում եւ մեր համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ որոշ հարցեր են քննարկել, այնպես որ, դրա մեջ որոշ իրականություն կա:

9. Հայոց ցեղասպանության հարցը որպես արտաքին քաղաքականության օրակարգի հարց

Վ. Օսկանյան. - Ցեղասպանության հարցը մեր օրակարգում դնելը, կարծում եմ, բնական դրսեւորում էր, այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ մենք, որպես Հայաստանի կառավարություն, որպես իշխանություններ բարոյական պարտավորություն ունեինք մեր ժողովրդի նկատմամբ, մեր նախնիների, զոհերի, նաեւ` միջազգային հանրության առաջ:

Վերջիվերջո, ցեղասպանությունն այսօր դեռ ակտուալ, լուրջ խնդիր է միջազգային հանրության համար. ՄԱԿ-ի գնահատականով համարվում է 21-րդ դարի սպառնալիքներից մեկը, եւ դրա կանխարգելումը մարտահրավերներից մեկն է:

Հայաստանը եւ հայ ժողովուրդը, որը զոհ է գնացել ցեղասպանությանը, բարոյական պարտավորություն ունի այս հարցում առաջատար դիրքերում լինելու, դրոշակակիր լինելու, որպեսզի հասնենք ճանաչման, եւ դրա միջոցով նպաստենք կանխարգելման գործընթացին: Ինչ է տվել այս բոլորը. կարծում եմ, արդյունքն ակնհայտ է` դրական իմաստով. մեծ թվով երկրներ, խորհրդարաններ ճանաչել են ցեղասպանությունը, դրանց թիվն օրեցօր մեծանում է, միջազգային կազմակերպություններում առավել լայն քննարկման է դրվում, կարծում եմ` նաեւ Թուրքիայի ներսում դրական տեղաշարժեր կան: Ակնհայտ տեղաշարժեր կան, երբ առավել մեծ թվով մտավորականներ հարցի մասին առավել բաց խոսում են, այստեղ ուղղակի կապ եմ տեսնում Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի հետ: Երբ ազատությունների հարցն արդեն քննարկվի, եւ Թուրքիան պարտավորվի առավել լայն ազատություն տալ խոսքին, կարծում եմ, առավել մեծ թվով թուրք մտավորականներ, գիտնականներ այս հարցի մասին ազատ կխոսեն: Այնպես որ, տեղաշարժերը դրական են:

Տպել էջը