ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանի եւ Շվեյցարիայի Հանրապետության ԱԳ նախարար Միշլին Քալմի Ռեյի համատեղ ասուլիսը

12 հունիսի, 2006
Վ.Օսկանյան.- Ես ուզում եմ ողջունել Հայաստանում, մեր նախարարությունում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին, տկն. Քալմի Ռեյին: Սա նրա առաջին այցելությունն է Հայաստան: Այսօր հայ շվեյցարական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում բոլոր ուղղություններով. ասեմ, որ երկու երկրների միջեւ բավական լուրջ քաղաքական երկխոսություն կա: ՀայաստանումՇվեյցարիայի դեսպանը եւ Շվեյցարիայի քաղաքական խորհրդականները հաճախ եղել են Երեւանում եւ մենք այսօր բավական լուրջ երկխոսություն ունենք տարածաշրջանային խնդիրների հետ կապված, ԼՂ շուրջ, հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների հետ կապված, այնպես որ, այդ ուղղությամբ բավական ինտենսիվ երկխոսություն կա:

Տնտեսական ոլորտում, համենայն դեպս, խնդիրները որոշ չափով կաղում են դեռ, ինչպես հաճախ լինում է, հակառակ հսկայական պոտենցիալի, որ կա եւ այս այցի ընթացքում մենք շեշտը դրա վրա ենք դնում, թե ինչպես անել տնտեսական ոլորտը նույնպես արագ զարգացնել: Հենց նոր մենք ստորագրեցինք կրկնակի հարկումից ազատման պայմանագիրը, որը կարծում ենք, որ բավական լուրջ հիմք է լինելու մեր տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս պահին Ցյուրիխում բիզնես-ֆորում է տեղի ունենում, որին մասնակցում են մեր պատվիրակությունը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի ղեկավարությամբ: Շվեյցարական հումանիտար տեխնիկական աջակցություն կա Հայաստանին, հատկացված է հատուկ բյուջե այդ նպատակով եւ մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի Շվեյցարիայի այդ ներգրավումը առավել զարգացնել:

Նախարարի հետ մենք այս բոլոր հարցերը քննարկել ենք, ասեմ, որ ես բավական մանրամասն տեղյակ եմ պահել նախարարին ԼՂ բանակցությունների եւ բովանդակությանը եւ վերջին զարգացումներին` Ռամբույեի եւ Բուխարեստի հանդիպումներից հետո: Քննարկել ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ինչպես գիտեք Շվեյցարիան հետաքրքրություն ունի այս հարաբերությունները լավացած տեսնելու մեջ եւ Շվեյցարիան պատրաստ է իր միջոցները տրամադրել այդ հարաբերությունները նորմալացնելու եւ մենք շնորհակալ ենք դրա համար: Քննարկվել է նաեւ մեր համագործակցությունը միջազգային կազմակերպություններում` ՄԱԿ-ում հատկապես, նաեւ եվրոպական այլ կազմակերպություններում: Նախարարը օրվա երկրորդ կեսին կհանդիպի նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ մենք համոզված ենք, որ այդ այցելությունը նոր խթան է լինելու մեր երկկողմ հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման ուղղությամբ: Խոսքը փոխանցում եմ նախարարին:

Մ. Քալմի Ռեյ.- Բարի օր, տիկնայք եւ պարոնայք: Ինչպես ձեզ ասաց ձեր նախարարը, Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները մշտապես լավ մակարդակի են եղել: Քաղաքական երկխոսությունը հաստատվել է 2004թ-ից ի վեր արտգործնախարարության ղեկավարների մակարդակով եւ մեր կապերը զարգացել են այս վերջին տարիներին` հատկապես Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո եւ շնորհիվ Թբիլիսիում 2002թ բացված մեր դեսպանության. այն պատասխանատու է նաեւ Հայաստանի մասով: Հայաստանի հետ Շվեյցարիայի համագործակցությունը մեկնարկել է 1988թ., այն պահից երբ Շվեյցարիան մարդասիրական օգնություն տրամադրեց երկրաշարժից տուժածներին: Այդ ժամանակվանից Շվեյցարիան միշտ ներկա է Հայաստանում եւ մարդասիրական օգնության տեսքով, եւ տեխնիկական: Մենք հատկապես աշխատում ենք փախստականների, երկրի ներսում տեղահանված անձանց, նաեւ աշխատում ենք բնական աղետների կանխարգելման հարցում, նաեւ մասնակցում ենք շարունակական զարգացման ծրագրերին գյուղական միջավայրում: Շվեյցարիան Երեւանում հիմնել է համագործակցության բյուրո: Շվեյցարիայի օգնությունը այս տարվա կտրվածքով 4 մլն. շվեյց. ֆրանկ է, իսկ այս ամբողջ տարիների ընթացքում ծախսվել է ավելի քան 28 մլն. շվեյց. ֆրանկ:

Ուզում էի նշել նաեւ, որ Շվեյցարիայում կա հայ համայնք` շատ լավ կազմակերպված, որը մեր երկկողմ հարաբերությունները բարելավելու նախաձեռնություններով է հանդես գալիս: 2004թ-ի հունիսից ունենք նաեւ Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խումբ:

Ներկա տնտեսական հարաբերությունները մեր երկու երկրների միջեւ բավականին համեստ են, կարելի է ասել, որ այդ ներուժը դեռեւս լիովին չի օգտագործվում: Իրավական դաշտը բավականին նորմալ է, որովհետեւ ունենք տնտեսական համագործակցության տնտեսական եւ առեւտրային համագործակցության համաձայնագիր եւ նաեւ ներդրումների պաշտպանության համաձայնագիր, իսկ այսօր ինչպես ասվեց, ստորագրվեց կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր: Այս իրավական դաշտը, անշուշտ, կնպաստի ավելի դինամիկ դարձնելու մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանին, շահագրգռված ենք, որ այստեղ կայուն եւ ժողովրդավարական հարաբերություններ հաստատվեն: Այս հետաքրքրությունը գալիս է, երեւի, այդ միգրացիոն եւ անվտանգության մտահոգություններից եւ այս տեսանկյունից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին արդյունավետ համագործակցության համար, ռեադմիսիայի համաձայնագիրը հաջող իրականացնելու համար: Շվեյցարիան պատրաստ է դիտարկել վիզաների տրման ընթացակարգը հեշտացնելու գործընթացը, մասնավորապես, պաշտոնական անձանց համար:

Մեր արտաքին քաղաքականությունը հենվում է Կովկասում տեւական, կայուն հավասարակշռություն հաստատելու վրա, որտեղ Հայաստանը կենտրոնական դիրք է գրավում, այդիսկ պատճառով: Այդ իմաստով մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին կայունություն հաստատելու համար, ինչը մենք քաջալերում ենք եւ քաջալերում ենք Հայաստանի իշխանություններին` շարունակելու բարեփոխումները եւ այս ուղղությամբ մենք աշխատում ենք, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ շրջանակներում:

Մենք խոսեցինք նաեւ ԼՂ խնդրի մասին: Շվեյցարիան կողմ է դիվանագիտական լուծում գտնելուն` կազմակերպելով եւ ընդունելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ժնեւում: Հակամարտության լուծումը կնպաստի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, այլեւ` անուղղակի կնպաստի հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի հետ: Մենք խոսել ենք, իհարկե, բազմակողմ շրջանակներում մեր հարաբերությունների մասին, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Ես նշեցի, որ մենք ուրախ ենք, որ Շվեյցարիան ընտրվեց մարդու իրավունքների խորհրդի անդամ, որը նոր կառույց է եւ կբացվի հունիսի 19-ին, հուսով եմ, պրն. նախարար, հաճույք կունենամ Ձեզ այնտեղ հանդիպել: Ես նաեւ տեղեկացրեցի պրն. նախարարին, որ Շվեյցարիան, այսպես կոչված «հինգ փոքր երկրներ» շարքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել բանաձեւի նախագիծ, որը վերաբերում է անվտանգության խորհրդի աշխատանքների մեթոդներին, որպեսզի այն դառնա ավելի թափանցիկ եւ ժողովրդավար: Խոսեցինք նաեւ ԵՄ հետ մեր փոխադարձ հարաբերությունների մասին: Շվեյցարիան, ինչպես եւ Հայաստանը ԵՄ անդամ չէ եւ մենք մեր հարաբերությունները կարգավորում ենք զանազան ճյուղային երկկողմ համաձայնագրերի միջոցով, այն դեպքում, երբ Հայաստանը «Նոր հարեւանություն» քաղաքականության անդամ է: ԵՄ հետ այդ հարաբերությունները նաեւ կարող են ավելի դինամիկ դարձնել մեր հարաբերությունները: Ահա այսքանը:

Հարց.- Տկն. նախարար, ինչպիսին կարող է լինել Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում, քանի որ մեր նախարարը նշեց, որ դուք շահագրգռված եք այդ հարաբերությունների կայունացումով:

Երկրորդ հարցս. բավական համեստ որակեցիք հայ-շվեյցարական տնտեսական համագործակցությունը, իրավական հիմքն առկա է, ո՞ր ոլորտներն են հետաքրքրություն ներկայացնում հետագայում ավելի խորացնելու այս համագործակցությունը, ո՞ր ոլորտներն են Հայաստանում հետաքրքիր ներդրումներ կատարելու համար եւ մի հարց պրն. Օսկանյանին. նախորդ շաբաթ լրագրողների հետ Ձեր հանդիպման ընթացքում դուք նշեցիք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները պատրաստ են հանդիպել, եթե համանախագահներից առաջարկություն գա: Այս օրերի ընթացքում որեւէ բան փոխվե՞լ է, կա՞ արդյոք առաջարկ, եթե ոչ, ապա ինչու՞ է ձգձգվում գործընթացը:

Մ. Քալմի Ռեյ.- Շնորհակալություն հարցի համար, դուք անուղղակիորեն հարցնում եք Հայոց ցեղասպանության մասին: Ես երկու բան կասեմ. Հայաստանը Շվեյցարիայում համակրանքի մեծ կապիտալ ունի եւ այդ ենթատեքստում բազմաթիվ նախաձեռնություններ են եղել եւ քաղաքական գործիչների կողմից, եւ հասարակական կազմակերպությունների, որպեսզի Շվեյցարիայի ուշադրությունը հրավիրեն Հայաստանի, նրա պատմության վրա, մասնավորապես այն ջարդերին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության ընթացքում եւ որոնց մասին խոսելիս օգտագործվում Հայոց ցեղասպանություն տերմինը: Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում ճանաչվել է տարբեր մակարդակներով` համերկրային մակարդակով, զանազան խորհրդարանականների կողմից, եւ կանտոնների կողմից, եւ քաղաքների կողմից: Շվեյցարիայի կառավարությունը միշտ ցավել է այդ իրադարձությունների համար եւ դատապարտել է այդ կոտորածները: Մենք փորձել ենք մեր պատրաստակամությունը հայտնել յուրաքանչյուր հնարավոր երկխոսության փորձի համար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս հարցը լուծելու նպատակով: Պետք է ասել, առայժմ` անհաջող:

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, դժվար է պատասխանել շատ ճշգրիտ: Հենց այսօր Շվեյցարիայում տեղի ունեցող տնտեսական ֆորումը, որտեղ մասնակցում են նաեւ ձեր առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, շատ կարեւոր հանդիպում է, ինչպես ասացի, իրավական դաշտը արդեն կա, հիմա մնում է, որ շվեյցարացի ներդրողները ցանկություն ունենան եւ համոզված լինեն, որ կարող են այստեղ ներդրումներ կատարել: Կարծում եմ այդ անելու լավագույն ձեւը Շվեյցարիայում ձեր առավելությունները ներկայացնելն է այն մարդկանց առջեւ, որոնք շահագրգիռ են ներդրումներ կատարել: Սակայն հենց այսօրվա համար չեմ կարող ասել, թե ով եւ ինչպիսի ներդրում կկատարի, որովհետեւ դա մասնավոր ձեռնարկությունների մասով է, իսկ պետությունը դրան չի մասնակցում:

Վ.Օսկանյան.- Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նախարարի հետ հերթական բանակցություններին, մենք օրվա երկրորդ կեսին երեւի թե անոնսը կտանք, բայց քանի որ դուք հարցը բարձրացրեցիք, ասեմ, որ վաղը առավոտ ես մեկնում եմ Փարիզ` հերթական հանդիպումը ունենալու Ադրբեջանի նախարարի հետ, այնպես որ հանդիպումը տեղի կունենա վաղը, Փարիզում: Թերեւս բանակցությունների վերջնական ֆորմատը` ուղիղ, թե անմիջական, այդ մանրամասները դեռեւս չունեմ, ուղղակի կլինենք Փարիզում եւ այնտեղ, երեւի թե, որոշ հստակություն կմտցվի:

Հարց.- Մեկ հարց Շվեյցարիայի արտգործնախարարին. վերջին ամիսների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի տարածքում եւ մասնավորապես Նախիջեւանում ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգության մի շատ կարեւոր հատված: Շվեյցարիան որեւէ վերաբերմունք ունի՞ այս իրադարձության վերաբերյալ:

Մ. Քալմի Ռեյ.- Այո, իհարկե, ես բազմիցս տեղեկացվել եմ այդ գերեզմանատան ոչնչացման մասին, որտեղ 12 հազար խաչքարեր կային, որոնք Ադրբեջանի տարածքում էին եւ վերջերս երկու ամիս առաջ Ադրբեջան կատարած այցիս ընթացքում ես այդ հարցի մասին խոսել եմ եւ ընդգծել եմ, թե որքան կարեւոր է մշակութային ժառանգության պահպանումը: Նշել եմ նաեւ, որ Շվեյցարիան դատապարտում է այդ արարքը: Շվեյցարիան նաեւ դատապարտել է Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը եւ այդ հայտարարությունը ներկայացվել է Ադրբեջանի դեսպանին Շվեյցարիայում, նաեւ մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել ենք համապատասխան բարենպաստ պայմաններ ստեղծել խորհրդարանական պատվիրակության տարածք այցելության համար, որը հետագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի կողմից կընդունվի: Այդ այցը տեղի է ունենալու սեպտեմբեր ամսին:

Հարց - Տկն. նախարար, Շվեյցարիան եւ Հայաստանը բավականին հին հարաբերություններ ունեն, սակայն, ինչպես ասացիք, հարաբերությունները դեռ նոր են սկսվում: Այցելությունից հետո կարեւոր զարգացումներ կլինե՞ն եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ մշակութային, եւ տնտեսական առումներով:

Մ. Քալմի Ռեյ.- Դա հենց իմ այցելության նպատակն է` որպեսզի մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, ինչպես ասացի, սկսվեցին 1988-ի մարդասիրական օգնությունից, շարունակվեն եւ ավելի ընդլայնվեն` ընդգրկելով տնտեսական ոլորտը: Միեւնույն ժամանակ, ինչպես ասացի, որպես պետություն մենք չենք կարող մասնավոր ձեռնարկատերերին հարկադրել, պարզապես, մենք պետք է ստեղծենք այնպիսի գրավիչ անվտանգ մթնոլորտ, որ հույս ներշնչի անհատ ներդրողներին: Այսօր, ինչպես ասացի, այդ ֆորումը, որ տեղի է ունենում Շվեյցարիայում, կարծում եմ, նույնպես այդ ուղղությամբ է աշխատում: Կարծում եմ, որ կներկայացվի Հայաստանի գրավչությունը շվեյցարացի ներդրողներին:

Իհարկե, տնտեսական հարաբերությունները շատ համեստ են եւ դեռ մեծ ներուժ կա այստեղ: Քաղաքական ասպարեզում մենք այսօր խորհրդակցություններ անցկացրեցինք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք, բազմակողմանի մակարդակով նույնպես լավ հարաբերություններ ունենք նաեւ ԵՄ հետ եւ այս ուղղությամբ նույնպես պետք է շարունակենք մեր քաղաքական երկխոսությունը: Կարծում եմ, որ իմ այցը կնպաստի այս բոլոր ոլորտներում համագործակցությանը եւ չմոռանանք նաեւ շվեյցարահայ համայնքը, որը վերահսկում է, թե որքանով են այդ հարաբերությունները դինամիկ:

Հարց. - Պրն. նախարար, եթե կարող եմ մի հարց էլ տալ. բանակցությունների գործընթացում ի՞նչ կարելի է ակնկալել ԼՂ կարգավորման այս փուլում:

Վ. Օսկանյան - Գիտեք, դժվարանում եմ ասել: Գիտեք, որ նախագահների հանդիպումը Բուխարեստում կոնկրետ արդյունքներ չտվեց, բայց համենայն դեպս, նախագահները համաձայնվեցին, որ եթե համանախագահները հարմար գտնեն նախարարների հանդիպում կազմակերպել, ապա նրանք համաձայն կլինեն այդ հանդիպմանը եւ, ահավասիկ, մենք հրավեր ստացել ենք: Ես կարծում եմ, որ մենք կփորձենք երեւի թե նույն հարցի շուրջ որոշ քննարկումներ անցկացնել եւ ընդհանուր եզրեր գտնել, բայց նորից եմ կրկնում, հանդիպման օրակարգը դեռեւս ինձ հայտնի չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ սեղանի վրա բավական դրական էլեմենտներ կան, թերեւս չլուծված հարցեր կան, բայց նաեւ կան հարցեր, որոնք նախկինում բարդ հարցեր են եղել, դրանց շուրջ տարիներ շարունակ համաձայնություն չի եղել, բայց այսօր դա կա, այնպես որ, այդ դրական պահը գործընթացում կա եւ ամեն ինչ պետք է անել` օգտագործելու այդ պահը եւ փորձել դիրքրեը մոտեցնել չլուծված հարցերի շուրջ եւ հնարավորություն ստեղծել նախագահների հաջորդ հանդիպման համար: Կհաջողվի՞ դա մեզ անել Փարիզում, այս պահին դժվարանում եմ ասել:

Հարց.- Տկն. նախարար, մի անգամ ռուսաստանցի մի լրագրողի տված հարցազրույցում Շվեյցարիայի նախագահն ասաց, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացում հնարավոր եղավ մշակութային հրաշալի կապերի շնորհիվ: Ինչպիսի՞ մշակութային կապիտալ կա Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ, բացի անձնական համակրանքը, ժողովուրդների միջեւ համակրանքը եւ ի՞նչ մշակութային նախագծեր եք նախատեսում:

Մ. Քալմի Ռեյ.- Իհարկե այդ մշակութային կապերը հաստատվում են նաեւ շվեյցարահայ համայնքի միջոցով: Գիտեք, պիտի ասեմ, որ մոտ 350 Հայաստանի քաղաքացի կա Շվեյցարիայում, բայց հայկական ծագմամբ շատ մարդիկ կան, որոնք Շվեյցարիայի քաղաքացիներ են եւ այդ տեսակետից մշակութային հարաբերությունները այս անձանց առկայությամբ են պայմանավորված: Մենք նաեւ երկու երկրներ ենք, որոնց պատմություններն, անշուշտ, տարբեր են, սակայն ունենք մշակույթներ, որոնք շատ խոր արմատներ ունեն եւ դրանով իսկ շատ կարեւոր են մեր մշակութային փոխանակումները եւ մենք շահագրգիռ ենք միմյանց ավելի լավ ճանաչելու եւ ավելի խորացնելու մեր մշակութային հարաբերությունները:

Հարց.- Տկն. նախարար, Շվեյցարիայի կողմից հայերի ցեղասպանությունն ընդունելուց հետո Թուրքիայի հետ Շվեյցարիայի հարաբերությունները մի փոքր լարվեցին: Այս պահին ի՞նչ հարաբերություններ են Թուրքիայի հետ եւ արդյոք Թուրքիան հաշտվել է այդ խնդրի հետ:

Մ. Քալմի Ռեյ.- Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, երբեմն լարվել են այդ հարաբերությունները, երբեմն նաեւ դատական պրոցեսներ են լինում, որովհետեւ մենք Շվեյցարիայում մի օրենք ունենք, որի համաձայն յուրաքանչյուր անձ, որը ժխտում է փաստերը, որոնք կապված են ցեղասպանության, էթնիկական հողի վրա իրականացված ջարդերի հետ, նա դատապարտվում է Շվեյցարիայում: Եւ կան թուրք երկու անհատ, որոնց հանդեպ դատական գործ է հարուցվել Շվեյցարիայում, ինչն էլ բավականին լարում է առաջացրել Թուրքիայի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերություններում:

Տպել էջը