ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պատասխանները լրագրողների հարցերին Լիբանանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլուխիհետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

11 հուլիսի, 2006
1. Ներածություն. հայ-լիբանանյան հարաբերության զարգացման հեռանկար

2. Բանակցությունների հետագա ճակատագիրը, հայ-ադրբեջանական շփումները

3. ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունման ժամկետ

4. Վերին Լարսի անցակետի փակման խնդիր

5. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները

6. Լիբանանի երկքաղաքացիության մասին օրենք

7. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման երեք տարբերակի վերաբերյալ

8. Իրան-Հայաստան գազամուղ

9. Ութնյակի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն

 

1. Ներածություն. հայ-լիբանանյան հարաբերության զարգացման հեռանկար

Վ. Օսկանյան. - Ողջունում եմ պրն. Ֆաուզի Սալլուխին` Լիբանանի արտաքին գործերի նախարարին Հայաստանում, սա նրա առաջին այցելությունն է (Հայաստան): Հայաստանի եւ Լիբանանի հարաբերություններն այսօր բացարձակ լավ մակարդակի վրա են: Վերջին շրջանում Լիբանանի հայտնի դեպքերից հետո (պրն. Հարիրիի սպանության), հիմնականում Լիբանանի ներքաղաքական վիճակի պատճառով դանդաղել էին մեր տնտեսական համագործակցությունը, քաղաքական երկխոսությունը: Հույս ունենք, որ պրն. Սալլուխիի այս այցով կկարողանանք արդեն ամեն ինչ նորմալ հունի մեջ դնել եւ փորձել հնարավորինս շուտ կազմակերպել միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը, որը նորից կանդրադառնա հայ-լիբանանյան օրակարգին: Օրակարգը բավական խորքային եւ ընդգրկուն է, երկու երկրների միջեւ բարի կամք, եղբայրական հարաբերություն կա, հայկական համայնքի ներկայությունը նույնպես կարեւոր գործոն է միջպետական հարաբերությունների զարգացման համար, կա նաեւ բավական ընդգրկուն իրավական դաշտ երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացման համար: Այնպես որ, ամեն ինչ պատրաստ է, կարծում ենք` ժամանակն էլ է արդեն ճիշտ, որպեսզի կարողանանք մեր հարաբերություններն ակտիվացնել:

Պրն. Սալլուխիի հետ շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել բազմաթիվ խնդիրների վերաբերյալ. նախարարը նախ տեղեկացրել է ինձ Լիբանանում ընթացող գործընթացների, վարվող ազգային երկխոսության, դրա արդյունքի եւ օրակարգի մասին: Խոսել ենք հարեւան երկրների, հատկապես` Սիրիայի, Լիբանանի հետ հարաբերությունների մասին, նաեւ Իզրայելի հետ կապված խնդիրների, որոնք լրջորեն խանգարում են տարածաշրջանի զարգացմանը: Խոսել ենք նաեւ Իրաքի իրադարձությունների մասին, նախարարը ներկայացրել է Լիբանանի դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ: Ես, փոխադարձաբար, նախարարին տեղեկացրել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի, բանակցության բովանդակության եւ վերջին զարգացումների մասին, նաեւ տարածաշրջանային այլ խնդիրների, հատկապես` հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների` հաշվի առնելով նաեւ Հայաստանի նախագահի վերջին այցելությունը Իրան: Այնպես որ, բավական արդյունավետ երկխոսություն էր, շատ գոհ եմ արդյունքից եւ համոզված, որ այս այցելությունը նոր խթան է լինելու հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացման համար:

2. Բանակցությունների հետագա ճակատագիրը, հայ-ադրբեջանակլան շփումները

Վ. Օսկանյան. - Այս պահին որեւէ կոնտակտ չկա Ադրբեջանի հետ: Գիտեմ, որ ԱՄՆ նոր համանախագահողի այցելությունն է լինելու տարածաշրջան, գուցե դա պատճառ հանդիսանա ինչ-որ շփում հաստատելու, նաեւ ծրագրելու, թե որոնք պետք է լինեն հաջորդ քայլերը, բայց դժվարանում եմ ասել` իսկապես նման նախաձեռնություն ամերիկյան կողմն իր վրա կվերցնի, թե ոչ:

3. ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունման ժամկետ

Վ. Օսկանյան. - Եվրամիության մեր գործողությունների ծրագրի ավարտի կապակցությամբ նշեմ որ, որ Ֆինլանդիան է ստանձնել ԵՄ նախագահությունը, եւ մենք արդեն նոտա ենք ստացել, որ Հայաստանում հավատարմագրված Ֆինլանդիայի դեսպանն ամսի 22-ին գալու է Երեւան` մեզ հետ քննարկելու հետագա կոնկրետ անելիքները: Այնտեղ շատ հստակ նշված է, որ Ֆինլանդիայի մոտեցումն է` հնարավորին չափ արագ, երկու ամսվա ընթացքում, ավարտին հասցնել մեր գործողությունների ծրագիրը: Հուսով եմ` իսկապես, այդպես կլինի, եւ արդեն որեւէ այլ երկրի դանդաղկոտությունը չի ազդի Եվրամիության հետ մեր գործընկերության զարգացման վրա:

4. Վերին Լարսի անցակետի փակման խնդիր

Վ. Օսկանյան. - Մենք ակտիվ աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ, արդեն խորհրդակցություններ ենք անցկացնում: Երբ ճանապարհը փակվեց, բավական կուտակումներ եղան. վրացական կողմն ընդառաջեց մեր առաջարկությանը եւ եթե չեմ սխալվում, մինչեւ 17 բեռնատար մեքենայի թույլ տվեց Հարավային Օսիայի անցումով անցնել: Շնորհակալ ենք, որ վրացական կողմը համաձայնեց, ու լարվածությունը մի քիչ թուլացավ: Իհարկե, դա խնդիրը չի լուծում, քանի որ վրացիները մեզ հստակ ասել են, որ բացառություն են արել, իրենց համար այդ ճանապարհն անընդունելի է: Այնպես որ, մենք պետք է շեշտը դնենք Լարսի անցումի վրա, ռուսական կողմի հետ աշխատանք է տարվում, կապի մեջ ենք, հուսով ենք` լուծումներ կլինեն:

5. ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի մոտեցումները

Վ. Օսկանյան. - Մինսկի խմբի համանախագահներն, իսկապես, հայտարարել են, որ իրենց երեւակայությունն արդեն սպառված են համարում: Ես այդ հայտարարությունը չեմ ընկալում իբրեւ Մինսկի գործընթացին վերջ տալու հայտարարություն: Դրանով համանախագահներն ուզում են ասել, որ նախարարների եւ նախագահների երկու տարի քննարկածի հավասարակշռված սինթեզը սա է: Եթե կողմերը սկսեն այլ ուղղությամբ տանել, վստահ եմ` երեւակայության նոր հնարավորություններ կլինեն, բայց գործընթացի կոնկրետ այս ուղղությամբ սեղանի վրա դրվածը նախարարների եւ նախագահների վերջին երկու տարվա աշխատանքի սինթեզն է: Մեր դիրքորոշումն այդ փաստաթղթի վերաբերյալ հայտնել ենք, որ համապարփակ, հավասարակշռված, ճիշտ փոխադարձ զիջումների լուծում էինք գտել: Իդեալական փաստաթուղթ չէ որեւէ մեկի համար, բայց ընդունելի փաստաթուղթ է բոլոր կողմերի համար, ովքեր ցանկություն ունեն կոմպրոմիսի ճանապարհով հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Եթե այդպիսի ցանկություն կա, այս փաստաթուղթը պետք է ընդունելի լինի, ոչ թե իդեալական լինելու, այլ ճիշտ հակակշիռներ գտնելու եւ յուրաքանչյուր կողմին ինչ-որ բան տալու համար: Այնպես որ, մենք հույս ունենք` Ադրբեջանը կվերադառնա բանակցությունների սեղան` ընդունելով այսօր սեղանի վրա եղած Մինսկի խմբի կողմից առաջարկված սկզբունքների փաստաթուղթը` որպես հիմք հետագա բանակցությունների համար:

6. Լիբանանի երկքաղաքացիության մասին օրենք

Վ. Օսկանյան. - Որքան ծանոթ եմ, լիբանանցի ծնողներ ունեցող, դրսում ծնված լիբանանցիների համար Լիբանանի քաղաքացիություն ստանալը բավական հեշտ է: Լիբանանի օրենքները շատ լիբերալ են, ինձ էլ են հետաքրքրում Լիբանանի երկքաղաքացիության օրենքները` որքան հեշտությամբ են տալիս, ինչ սահմանափակումներ ունեն: Կխնդրենք լիբանանյան կողմին իրենց օրենքն առավել մատչելի դարձնել նաեւ մեր օրենսդիրներին, որովհետեւ այս պահին մենք էլ ենք գտվում երկքաղաքացիության օրենք մշակելու փուլում:

7. Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հիմնախնդրի լուծման երեք տարբերակի վերաբերյալ

Վ. Օսկանյան. - ՀՀ նախագահի խոսնակն ասել է, որ (համանախագահների) վերջին երեք առաջարկություններն էլ մերժվել են Ադրբեջանի կողմից, այդպես է ասվել մեր կողմից: Ես վերջերս չեմ խոսել նախկին արաջարկությունների մասին, բայց նախագահի խոսնակը դրանց մասին այդպես է ասել:

8. Իրան-Հայաստան գազամուղ

Վ. Օսկանյան. - Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղի հարցին. Ռուսաստանի «Գազպրոմի» հայտարարությունը կամ նրանց մասնակցության հարցը Իրանում օրակարգի վրա չի եղել, այդ հարցը չի քննարկվել:

9. Ութնյակի գագաթնաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորություն

Վ. Օսկանյան - Չեմ բացառում, համենայն դեպս: Եթե լուրջ առաջընթաց լիներ բանակցություններում, օրինակ` Բուխարեստը հաջողված հանդիպում լիներ, համանախագահները մտածում էին նախագահներին հրավիրել Սանկտ-Պետերբուրգ, Ութնյակի հանդիպմանը` այդ ամենն առավել կոնսոլիդացնելու համար: Նաեւ նրանց հիմնական նպատակն էր աջակցել այդ մակարդակով, բայց Բուխարեստում արդյունք չենք ունեցել: Համենայն դեպս, չեմ բացառում, որ Ութնյակն անդրադառնա Ղարաբաղի հարցին, դա նրանց որոշումն է, նրանց հայտարարության մեջ (հարցը) կարող է տեղ գտնել:

Տպել էջը