ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի համատեղ ասուլիսը

24 հուլիսի, 2006
Վ. Օսկանյան - Ողջունում եմ Փիթեր Սեմնեբիին եւ պատվիրակությանը Հայաստանում: Սա նրա հերթական այցն է, կարեւոր այցելություն է: Այսօր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հիմնականում չորս հարց. առաջինը, Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագիրն է: Այս կապակցությամբ ասեմ, որ արդեն շատ մոտ ենք փաստաթղթի ավարտին. Եվրամիության ֆիննական նախագահությունը արդեն հստակ ծրագիր եւ ժամկետներ ունի, թե երբ է պետք դա ստորագրել: Կարծում ենք` այդ ժամկետների մեջ մենք ամբողջությամբ տեղավորվում ենք: Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի հարցն է. փորձել ենք գնահատական տալ ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումներին: Երրորդը, Հայաստանի հարաբերությունն է հարեւանների հետ, հատկապես, վերջերս ստեղծված իրավիճակը վրաց-ռուսական սահմանում, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան հարաբերությունները: Չորրորդը, մեր խորհրդարանի ընտրություններն է, ԵՄ ներգրավվածությունը եւ մասնակցությունը` բարենպաստ պայմաններ ստեղծելու, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու նպատակով: Մեր քննարկումը, հիմնականում, այս չորս ուղղությամբ է ընթացել: Ես գոհ եմ քննարկումից եւ ուզում եմ հույս հայտնել, որ կկարողանանք նախատեսված ժամկետներում ԵՄ-ի հետ գործողությունների ծրագիրը ստորագրել, ինչն արդեն առավել հստակություն կմտցնի մեր հարաբերություններում, նաեւ հստակ ուղեցույց կլինի` մեր հետագա անելիքների առումով, եկող ամիսների եւ տարիների ընթացքում:

Փ. Սեմնեբի - Ուրախ եմ կրկին գտնվել նախարարությունում եւ այս սրահում հանդիպել հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նախարարն արդեն նշեց մեր քննարկած հիմնական խնդիրներն ու թեմաները. ես կսահմնափակվեմ` կապ հաստատելով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմաների միջեւ` հիմնվելով Նոր հարեւանության շրջանակներում Գործողությունների ծրագրի վրա: Այս փաստաթղթի հիմքում մի շարք արմատական, հիմնարար, ընդհանուր արժեքներ են, որոնք վերաբերում են նաեւ գալիք ընտրություններին, որ տեղի կունենան գործողությունների ծրագրի ուժի մեջ մտնելուց հետո: Կարծում եմ` դրանք կենսական կարեւորագույն նշանակություն կունենան մեր ապագա հարաբերությունների որակի առումով:

Նշեմ նաեւ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում այցելել եմ տարածաշրջանի երկու այլ երկրներ: Վրաստանում նույնպես քննարկել ենք Հայաստան-Վրաստան հարաբերությունները, քննարկել ենք Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները, թե ինչպես են դրանք ազդում Հայաստանի վրա եւ Վերին Լարսի բլոկպոստի փակումը: Դա շատ մեծ բարդություններ է առաջացնում նաեւ ամբողջ տարածաշրջանի համար, եւ գործնականում այդ հարցը հնչեցվել է ԵՄ նախագահության մի քանի օր առաջ արած հայտարարության մեջ:

Չէի ցանկանա մանրամասնել. Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված, պարզապես, նշեմ, որ ցավում ենք, որ հնարավոր չէր, կարծես թե, հասնել հարցի կարգավորմանը Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամկետների եւ հանդիպման հետ կապված, չնայած բոլոր շահագրգիռ կողմերն ամեն ջանք գործադրեցին համոզվելու, որ բանակցային գործընթացը շարունակվի, եւ բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, որպեսզի հնարավորին չափ արագ շրջանակային կարգավորում ապահովվի:

Հարց. «Հայկական ժամանակ» - Պրն. Սեմնեբի, երբ եկաք փոխարինելու Հեյկի Թալվիտիեին, հպարտությամբ մի քանի անգամ նշեցիք, որ Ձեր մանդատը տարբերվում է նախորդ հատուկ ներկայացուցչի մանդատից, եւ Դուք ունեք հակամարտությունների հարցերով զբաղվելու իրավունք: Ի՞նչ եք արել այս ընթացքում, ինչպե՞ս եք օգտագործել Ձեր այդ մանդատը եւ ի՞նչ արդյունքի եք հասել:

Փ. Սեմնեբի - ԵՄ-ն առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս տարածաշրջանի նկատմամբ մի շարք պատճառներով, որ նախկինում նշվել են: Դրանցից մեկն այն է, որ ԵՄ-ն ավելի է մոտենում տարածաշրջանին. շատ շուտով Սեւծովյան ավազանի պետությունները մեր նոր անդամները կդառնան, երեք հարավկովկասյան պետություններին ուղղված հարեւանության մաս կազմելու, գործողությունների ծրագրի հրավերը շատ կարեւոր քայլ էր ԵՄ-ի մասնակցության ընդլայնման ուղղությամբ: Այդ առումով է, որ ԵՄ-ի հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ կապված է նաեւ հակամարտությունների կարգավորման նկատմամբ մեր աճող հետաքրքրությանը, եւ մեր իրավասությունը պետք է վերանայվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: ԵՄ-ն բանակցային գործընթացում ներգրավված չէ, բայց մենք հետեւում ենք գործընթացին եւ պատրաստ ենք որոշ աջակցող քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության բարձրացմանը: Այդ քայլերից մի քանիսը կարելի է ձեռնարկել ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակում եւ դա իմ հետաքրքրության եւ իրավասության մասն է կազմում: Դրանով ես կզբաղվեմ գալիք մի քանի ամիսների ընթացքում գործողությունների ծրագրի եւ հարեւանության ծրագրի ներքո:

Հարց. - Պրն. Սեմնեբի, այս այցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ որեւէ նոր գաղափար քննարկե՞լ եք Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, եւ ի՞նչ արձագանքներ են եղել: Մասնավորապես, ադրբեջանական մամուլը պնդում էր, որ բանակցություններ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի ընդլայնման շուրջ եվրոպական մի քանի երկրների եւ Թուրքիայի ներգրավման ուղղությամբ: Նման հարց քննարկե՞լ եք Ձեր հանդիպումների ընթացքում:

Փ. Սեմնեբի - Ոչ: Բանակցությունների ֆորմատը չեմ քննարկել. ԵԱՀԿ Մինսկի խումբն է պատասխանատու այդ բանակցությունների համար, այդ պատճառով ես չեմ անդրադարձել բուն կարգավորման հետ կապված որեւէ մանրամասնի, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունն է:

Հարց. - Նոր գաղափարների մասին հարցին չպատասխանեցիք:

Վ. Օսկանյան - Չեն եղել:

Հարց. «Արմենպրես» - Պրն. Սեմնեբի, Ձեր նախորդ այցի ընթացքում հայտարարեցիք, որ ԵՄ-ին չեն գոհացնում Ադրբեջանի հայտարարությունները ԼՂ հարցի ռազմական լուծման վերաբերյալ: Մի քանի ամիս է անցել, բայց այդ հայտարարությունները չեն դադարում. ԵՄ-ն ու՞նի լծակներ, պատժամիջոցներ կկիրառվե՞ն պատերազմ սկսողի նկատմամբ:

Պրն. Օսկանյան, ամերիկացի համանախագահը ժամանելու՞ է, ի՞նչ ակնկալիքներ ունեք. ըստ վերջին հայտարարության` նա գալու է նոր առաջարկներով:

Վ. Օսկանյան - Իմ մասով ես արագ ասեմ: Նոր առաջարկություն որեւէ մեկը չի ակնկալում, Մեթյու Բրայզայի այցից մեր ակնկալիքն այն է, որ կարողանա ադրբեջանական կողմին համոզել վերադառնալ բանակցությունների սեղան` եղած փաստաթղթի հիման վրա բանակցությունները շարունակելու: Հայաստանի դիրքորոշումն այդ թղթի վերաբերյալ հստակ ասվել է, Ադրբեջանն, ուղղակի, պրոբլեմներ ունի: Եթե Ադրբեջանի կողմից համաձայնություն լինի վերադառնալ, կարծում ենք` այդ սկզբունքների հիման վրա հնարավորություն կստեղծվի բանակցությունների նոր փուլ սկսել եւ առաջընթաց արձանագրել:

Փ. Սեմնեբի - Դուք ճիշտ եք: Հակամարտության ռազմական կարգավորմանը վերաբերող ցանկացած առաջարկություն մտահոգում է մեզ, եւ ես շարունակաբար անհրաժեշտության դեպքում բարձրացնում եմ այդ հարցը: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, կուզենայի մի քիչ այլ կերպ ձեւակերպել, ավելի շուտ համոզել բանակցային կողմերին ձեռնպահ մնալ նման հայտարարություններից: Նախեւառաջ այն պատճառով, որ դա չի բխում հենց իրենց շահերից, քանի որ տարածաշրջանում եւ աշխարհում, որը գնալով փոխկապակցված է դառնում եւ որտեղ Հարավային Կովկասի պետությունները, ինչպես բոլոր այլ երկրները դառնում են բաց տնտեսություններ, կախված են արտաքին ներդրումներից եւ այլն, ռազմական բնույթի ցանկացած լուծում եւ խոսակցություններ նման լուծումների մասին անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնան հասարակության եւ պետության զարգացման ու արտաքին ներդրողների հետաքրքրության վրա` բարձրացնելով ներդրումային ռիսկերը: Այսինքն` խոսքն ավելի շուտ համոզելու, ոչ թե պատժամիջոցներ կիրառելու մասին է:

Հարց. «Նոյյան Տապան» - Պրն. Սեմնեբի, դուք հատուկ կարեւորեցիք Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: 1995թ. ի վեր հայկական կողմը կատարում է եվրոպական փորձագետների ցանկացած խորհուրդ ու առաջարկ, սակայն վերջին տասնմեկ տարիների ընթացքում Հայաստանում չեն եղել նորմալ ընտրություններ եւ, այսպես ասած, գագաթնակետն է եղել նոյեմբերին անցկացված հանրաքվեն: Ըստ Ձեզ ի՞նչն էր նման ընտրությունների պատճառը` օրենքը դեռ կատարյալ չէ, թե՞ համենայն դեպս քաղաքական կամքի բացակայությունն է:

Փ. Սեմնեբի - Ես չեմ մեկնաբանի վերջին ընտրությունները եւ հանրաքվեն, այդ մասին արդեն իսկ կարծիք են հայտնել միջազգային դիտորդները, մոնիտորները եւ այլոք: Մենք ակնկալում ենք, որ ցանկացած ընտրություն պետք է իրագործվի եւ տեղի ունենա համաձայն ընդհանուր ընդունված չափանիշների եւ ստանդարտների: Ի դեպ, խոսքը նաեւ Ադրբեջանում, Վրաստանում անցկացվող ընտրությունների մասին է, այդ բոլոր երկրներում ընտրությունները պետք է անցկացվեն եվրոպական չափանիշների համաձայն` դրանով ապացուցելով, մեկ անգամ եւս ընդգծելով գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու կարեւորությունը:

Հարց. «Ինտերֆաքս » - Պրն. Օսկանյան, ադրբեջանական կողմը, կարծես, Բրայզայից նոր առաջարկներ է ակնկալում, իրո՞ք, նա առաջարկներ չի բերելու, թե մենք չենք ակնկալում որեւէ առաջարկ:

Եթե մինչեւ տարվա վերջ հնարավոր չլինի ստորագրել ներկայիս փաստաթուղթը, հաջորդ տարվա խորհրդարանի ընտրությունը կխանգարի՞ այդ փաստաթղթի շրջանակում որեւէ բանի հասնել:

Վ. Օսկանյան - Ամբողջությամբ պետք չէ բացառել բանակցությունների շարունակությունը եկող տարվա ընթացքում. առավել բարդ կլինի, քանի որ մթնոլորտը քաղաքականացված կլինի, եւ բոլորի ուշադրությունը ընտրությունների վրա կլինի, բայց պետք չէ բացառել: Եթե հնարավորություն ստեղծվի, եկող տարվա ընթացքում պետք է անպայման օգտագործել: Կարծում եմ` ափսոս կլինի այս փաստաթուղթը, հերթական անգամ այսպիսի առաջարկությունը կորցնել, որովհետեւ սա երրորդը կլինի` ընդհանուր պետություն, Քի Ուեսթ եւ, ահավասիկ, երրորդը: Այս փաստաթղթերը մեկ շաբաթվա ընթացքում չեն ծնվում, դրանք երկար բանակցությունների արդյունք են, եթե Ադրբեջանը հերթական անգամ մերժում է, կարծում եմ` իրավիճակը լրջորեն բարդանալու է: Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզային. նոր առաջարկություն օդից չի ծնվում, դա պետք է բանակցությունների սինթեզը լինի, եթե նոր բանակցություններ չեն եղել , արմատականորեն տարբեր առաջարկություն չի կարող բերվել: Գուցե եղած փաստաթղթի հետ կապված ինչ-որ մանր փոփոխություններ առաջարկվեն, դա չեմ բացառում, բայց հիմնարար սկզբունքների հետ կապված նոր մոտեցումներ, կարծում եմ` դժվար լինեն:

Հարց. «Ազատություն» ռադիոկայան - Պրն. Սեմնեբի, ի՞նչ կոնկրետ հետեւանք կարող է լինել Հայաստանի համար, եթե 2007թ. ընտրությունն, այնուամենայնիվ, անցնի նախորդ ընտրությունների նման, չհամապատասխանի եվրոպական չափանիշներին:

Պրն. Օսկանյան, կխնդրեի ավելի մանրամասն խոսել Նոր հարեւանության քաղաքականության ծրագրի, այդ գործընթացի մասին: Նշեցիք, որ ֆիննական կողմը կոնկրետ ժամկետներ է պատկերացնում, որո՞նք են այդ ժամկետները, տպավորություն կա, որ ձգձգվում է, ի՞նչն է պատճառը:

Փ. Սեմնեբի - Ես ակնկալում եմ, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, այդ պատճառով չեմ տա հիպոթետիկ պատասխաններ, թե ինչ տեղի կունենա, եթե ընտրությունները չլինեն այդպիսին: Ի վերջո Հայաստանն արդեն պարտավորություն է ստանձնել եւ պատրաստակամություն է արտահայտել շատ հեռահար եւ արմատական փաստաթղթի ներքո, որ կարգավորում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները, եւ ազատ, արդար ընտրություններն այդտեղ դիտվում են որպես գերակայություն: Ըստ այդմ, ակնկալում ենք, որ Հայաստանի ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, ու դրա համար կգործադրվեն անհրաժեշտ բոլոր ջանքերը:

Վ. Օսկանյան - Ինչ վերաբերում է Գործողությունների ծրագրի ժամանակացույցին. ֆիննական նախագահությունը մոտավորապես ասել է` ինչ է նախատեսում: Կոնկրետ թվականներ չեմ կարող ասել, քանի որ պաշտոնապես դեռ մեզ չեն տվել, ուղղակի, այսօր դա մեր քննարկումների ընթացքում նշվեց, մոտ օրերս, երեւի, այդ ամենն առավել պաշտոնական բնույթ կստանա: Բայց մի բան կարող եմ հաստատել` ֆիննական նախագահությունը վճռական է, որ իրենց նախագահության ընթացքում անպայման այս փաստաթուղթը ստորագրվի երեք կողմերի հետ, ակնկալվում է ԵՄ պատվիրակության բարձր մակարդակի այցելություն տարածաշրջան եւ մի քանի այլ քայլեր: Մենք բավական մոտ ենք փաստաթղթի ավարտին, հայկական կողմը գրեթե խնդիրներ չունի, մի քանի հարցեր են մնացել, որ կարծում ենք` եկող շաբաթվա ընթացքում կհարթվեն: Ադրբեջանական կողմը լուրջ խնդիրներ ուներ Կիպրոսի հետ, կարծես թե, դրանք էլ են հարթվում: Դրա համար էլ հավանականությունը հիմա առավել մեծ է, որ մոտ ապագայում այդ փաստաթուղթը կստորագրվի Կովկասի երեք հանրապետությունների հետ:

Փ. Սեմնեբի - Լրացնեմ միայն, որ մենք, իհարկե, շատ ուշադիր կհետեւենք ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կարծիքներին, դիտողություններին եւ նրանց եզրակացություններն ու գնահատականները ԵՄ քննարկումների մաս կկազմեն, որ կունենաք նաեւ Հայաստանի հետ գործողությունների ծրագրի ներքո:

Հարց. «Հայկական ժամանակ» - Պրն. Օսկանյան, ռուսական բավական հեղինակավոր լրատվամիջոցներ գրում են, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խորհրդակցություններ էին անցկացվելու Ղարաբաղի հարցի վերաբերյալ, ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, այսինքն` ոչ թե բանակցություններ, այլ խորհրդակցություններ: Այդ պայմանավորվածությունը կա՞ր, թե ոչ, եւ որպես նախագահին մոտ կանգնած անձնավորություն` կարո՞ղ եք որեւէ նորություն փոխանցել հանրապետության նախագահի առողջական վիճակի մասին:

Վ. Օսկանյան -Նման պայմանավորվածություն չկար, նախագահների միջեւ չէր նախատեսվում որեւէ հանդիպում, ոչ էլ խորհրդակցություն: Ինչ վերաբերում է նախագահի առողջությանը, կարծում եմ` արդեն լավ է: Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, պրն. Սեմնեբին տեսել է նախագահին, գուցե ինքը կասի` որքան է առողջ նախագահը: Բայց ես առավոտյան խոսել եմ, ձայնը դեռ մի քիչ խռպոտ էր, համենայն դեպս, կարծես թե, առողջացել է:

Փ. Սեմնեբի - Նախագահն իրեն շատ լավ էր զգում այսօր առավոտյան, ես շատ բովանդակային զրույց ունեցա նրա հետ բոլոր այն խնդիրների մասին, որ նախարարի հետ քննարկեցինք:

Տպել էջը