ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Գրողների միության անդամների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների եւ մշակույթի գործիչների հետ

05 սեպտեմբերի, 2006
Շնորհակալություն հրավերի համար, մեծ ցանկություն կար, որ այս հանդիպումը կայանա, քանի որ սրա անհրաժեշտությունը կար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այսօր ներկա գտնվելու, այս խնդիրը համատեղ քննարկելու համար, որովհետեւ շատ եմ կարեւորում այս հանդիպումը, որի արդյունքը պետք է լինի ձեր առավել մեծ եւ լայն ներգրավվածությունը եւ մասնակցությունը խորհրդաժողովին: Կարծում եմ` գաղափարական առումով շարժիչ ուժն այստեղ է, որովհետեւ այս խորհրդաժողովը զուգադիպում է նաեւ Հայաստանի անկախության 15-ամյակի հետ:

Սա պատմական իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է, փաստորեն, որ մենք հնարավորություն կունենանք ազգովին գնահատական տալ մեր անցած ճանապարհի 15 տարիներին, կկարողանանք ճիշտ վերլուծել` ինչ ենք արել, ինչ չենք արել, ինչպիսի սխալներ ենք գործել եւ միասին կնախանշենք մեր հետագա անելիքները: Տարեդարձի ժամանակ յուրաքանչյուր կլոր տարի մտորումների տեղիք է տալիս, նույնիսկ մեր անձնական կյանքում. կարծում եմ` ավելորդ է ասել, որ պետական մակարդակով այդ մտորումներն առավել այժմեական են, որպեսզի կարողանանք մեր առաջ ծառացած նոր մարտահրավերներին առավել արդյունավետորեն դիմագրավել եւ կարողանանք նաեւ դիմագրավել միասնաբար` Հայաստան –Սփյուռք-Արցախ:

Մենք մեր առաջ բազմաթիվ խնդիրներ ենք դրել, ես դրանց մասին կխոսեմ, կներկայացնեմ օրակարգը, որից հետո հետաքրքրական կլինի լսել ձեր կարծիքները, մոտեցումները, առաջարկությունները: Նախնական մի օրակարգ արդեն ձեւավորվել է, բայց դեռեւս ունենք տասը օր, կարելի է ուղղումներ անել, փոփոխություններ մտցնել, եթե հարցեր ենք բաց թողել, վրիպել են մեր ուշադրությունից, կարող եք բարձրացնել, եւ մենք կդնենք օրակարգում, որպեսզի կարողանանք այդ հարցերը նույնպես քննարկել համահայկական մակարդակով: Բավական լայն մասնակցություն է լինելու, այս պահին գրանցվողների թիվն արդեն հասել է 1500-ի` միայն սփյուռքից, դեռեւս տասը օր կա, չեմ բացառում, որ թիվն ավելանա մինչեւ 1700-1800, Հայաստանի մասնակցությամբ մինչեւ 2000-ի կարող է հասնել: Ներկա կլինեն շատ արժանի մարդիկ, այդ իմաստով, իսկապես, սա պատմական հնարավորություն է, որ մեր մտավորականությունը կարողանա ներկա լինել, ներգրավված լինել, խնդիրներ բարցրացնել, քննարկել սփյուռքի մտավորականության հետ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել մեր հետագա անելիքների կապակցությամբ:

Խորհրդաժողովը երեք հիմնական բաժին է ունենալու` ամսի 18-ի առավոտյան տեղի կունենա պլենար նիստը, որտեղ ներկա կլինեն բոլորը, կլինեն սահմանափակ թվով ելույթներ, ելույթի հրավեր են ստացել ՀՀ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ԼՂՀ նախագահը, պետական այլ պաշտոնյաներ, նաեւ համահայկական բնույթ ունեցող կազմակերպություններ` Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Դաշնակցություն, Ռամկավար կուսակցություն, Հնչակյան կուսակցություն եւ այլ կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ եւ ներկայությամբ համասփյուռքյան են եւ սահմանափակված չեն մեկ երկրով կամ ինչ-որ աշխարհագրական վայրով, երեւի, դրանք 15-ը կլինեն: Այդ պլենար նիստում մենք խնդիր ենք դրել, որպեսզի ելույթ ունեցողները հիմնականում գնահատական տան այս 15 տարիներին ե?ւ Հայաստան -Սփյուռք հարաբերությունների, ե?ւ առհասարակ, մեր պետականության ստեղծման, Հայաստանի տնտեսական զարգացման, ժողովրդավարական գործընթացների, համահայկական խնդիրների վերաբերյալ, անդրադառնան սխալներին, նաեւ առաջարկություններ անեն, թե այսօրվա նոր մարտահրավերների ներքո ինչպես կարող ենք առավել արդյունավետորեն առաջ գնալ եկող տարիների ընթացքում:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի օրակարգի երկրորդ հարցին, որն այս խորհրդաժողովի նորարարությունն է: Նախորդ երկու խորհրդաժողովները եղել են առավել տեսական, քննարկել ենք համահայկական խնդիրներ, բայց երբեք գործնական խնդիր կամ ծրագիր մեր առաջ չենք դրել, որը կարող էր հետագա շարունակություն ունենալ: Այս անգամ, հաշվի առնելով, որ 15 տարի անց Հայաստանը որակապես այլ մակարդակի վրա է գտնվում ե?ւ քաղաքական հասունությամբ, ե?ւ տնտեսական զարգացման մակարդակով, իհարկե, համեմատության մեջ դնելով 1991թ. հետ, նաեւ հաշվի առնելով, որ սփյուռքը նույնպես առավել հասունացել է Սփյուռք-Հայաստան հարաբերակցության առումով, առավել մեծ վստահություն ունի այս պետության նկատմամբ եւ այսօր առավել պատրաստ է ներգրավվելու Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքում, մենք մասնակիցներին առաջարկում ենք իրենց միջոցով ողջ հայությանը մասնակից դարձնել մի շատ կարեւոր տնտեսական խնդրի լուծման` Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագիրն է լինելու օրակարգում: Հիմնավորումն այն է, որ Հայաստանն արդեն մի քանի տարի շարունակ երկնիշ աճ է ապահովում, բայց դեռեւս այդ աճը չի թափանցում Հայաստանի շրջաններ. ցանկացած այցելուի համար ակնհայտ է, որ այսօր մեծ բաց կա մայրաքաղաքի եւ գյուղական շրջանների միջեւ: Եթե մենք, ի վերջո, ուզում ենք մեր հայրենիքը համաչափ, հավասար զարգացնել, պետք է ազգովին հատուկ ուշադրություն դարձնենք գյուղական շրջաններին, որովհետեւ միգրացիան հիմնականում այդ շրջաններից է, հատկապես, սահմանամերձ շրջաններից, այդ պատճառով էլ հիսուն սահմանամերձ գյուղ է ընտրվել:

Խորհրդաժողովի կազմակերպիչները, կառավարության հետ համագործակցելով, ընտրել են հիսուն գյուղ, տրվել է դրանց գնահատականը ե?ւ ինֆրաստրուկտուրային, ե?ւ տնտեսական կարիքների առումով: Այդ հիսուն գյուղերի հաջորդ մի քանի տարիների ընթացքում զարգացման ծրագիրն է դրվելու օրակարգի վրա, եւ սփյուռքին մասնակցության կոչ է արվելու կոնկրետ այդ ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող առանձին կառույց է լինելու` թափանցիկ, հաշվետու, որտեղ մասնակցելու են հովանավորները եւ սփյուռքահայությունն անմիջական ներկայություն է ունենալու. կառույցը ստեղծելուց հետո ձեռնամուխ ենք լինելու այդ ծրագրի իրականացմանը: Սա լինելու է շարունակական, սկսելու ենք հիսունով, երկու տարի հետո երկրորդ հիսունն ենք ավելացնելու. մենք խնդիր ենք դրել մինչեւ քսան թվականը Հայաստանի գյուղական շրջանների մեծ մասի կարիքները հոգալ համազգային ուժերով: Կարծում ենք` սա, իսկապես, առանցքային ծրագիր կլինի, եւ ճիշտ մատուցման, ճիշտ ծրագրավորման ու իրակացման առաջին փուլի դրական արդյունքի դեպքում, կդառնա համահայկական կարեւոր ծրագիր, իրականանալի ծրագիր, որը մեր հետագա զարգացման խնդիրների առումով մեծ ներդրում կունենա: Արդեն հովանավորների թիվը հասել է 30-ի, օրեցօր աճում է, ուզում ենք այդ օրն արդեն սեղանի շուրջ ունենալ առաջին հիսուն հովանավորները, որոնք կոնկրետ գյուղերում ծրագրեր իրականացնելու պատասխանատվություն են վերցնում, սա կլինի միայն սկիզբը: Կարծում ենք` հենց այդ հիսունից սկսելով` մենք կկարողանանք առավել մեծ նեգրավում ապահովել սփյուռքի կողմից, այո?, ինչու՞ չէ, նաեւ մեր Հայաստանի գործարարների կողմից:

Խորհրդաժողովի երրորդ կարեւոր մասը ֆորումն է. մենք այդ մեկուկես օրվա միջոցառումը ֆորում ենք անվանում խորհրդաժողովի հետ շփոթություն չառաջացնելու համար: Ընդհանուր այս երեք օրվա միջոցառումը` սեպտեմբերի 18, 19, 20-ին անվանում ենք երրորդ խորհրդաժողով, որի ենթաբաժիններից մեկը կլինի ֆորումը, որի խորագիրն է «Նոր պատասխաններ հին հարցադրումներին. հայերը 21-րդ դարում»: Ֆորումը կունենա չորս ենթաթեմա. առաջինն է` ազգը, պետությունը, եւ ինքնությունը 21-րդ դարում: Այստեղ կքննարկվեն նոր տեսական մոտեցումներ մշակույթի եւ ինքնության վերաբերյալ, դրանց կիրառելիությունը տարբեր սփյուռքների, մասնավորապես, Հայաստանի ու հայկական սփյուռքի համար, կքննարկվի լեզվի, գրականության, արվեստի, կրոնի, պատմության, եւ առհասարակ, հիշողության դերը մշակույթի եւ ինքնության ձեւավորման գործում: Մի ամբողջ կես օր կնվիրվի այս հարցերին, կլինեն չորս կամ հինգ հիմնական զեկուցողներ, որից հետո բանավեճ կլինի մոտ մեկ-մեկուկես ժամ, որին նույնպես կմասնակցեն հինգ-վեց հոգի Հայաստանից եւ Սփյուռքից, նաեւ հնարավորություն կտրվի բանավեճի մեջ մտնել ունկնդիրների հետ, հանդիսատեսների հետ, ովքեր ներկա կլինեն դահլիճում:

Երկրորդ ենթաթեման հայրենիք-սփյուռք հարաբերությունն է գործնական տեսանկյունից, երկկողմանի ճանապարհը. ինչպիսի՞ ուղղություն կարելի է տալ հայրենիքի եւ սփյուռքի միջեւ ապագա մշակութային եւ սոցիալ-տնտեսական հարաբերություններին, ո՞րն է ներկա կապերի արդյունավետությունը` դրամային օժանդակություն, ներդրումներ, զբոսաշրջություն, գիտելիքների եւ տեխնոլոգիաների փոխանցում, կա՞ն, արդյոք, հայրենիք-սփյուռք համագործակցության այլ մոդելներ: Այստեղ նույնպես ելույթով հանդես կգա մտավորականությունը, կլինեն նաեւ քննարկումներ:

Երրորդ թեման վերաբերելու է արտագաղթին ու հայրենադարձությանը հայրենիք-սփյուռք հարաբերությունների համատեքստում. արտագաղթն ու հայրենադարձությունը արդի շրջանում, արտագաղթի ու հայրենադարձության հայկական փորձն ու հիշողությունը, հայրենադարձության ներկա հնարավորությունները, կարող՞ է, արդյոք, պետությունը ստանձնել ակտիվ դեր, հնարավո՞ր է, արդյոք, շրջել արտագաղթն ու հայրենադարձության ներկա միտումները:

Վերջապես, չորեքշաբթի առավոտյան` սեպտեմբերի 20-ին, կլինի չորրորդ թեման` հայացք քսան-քսան թվականի սփյուռքին, որտեղ կքննարկվի ազգային հարստության, պատմական համայնքների, նույնիսկ խոշոր համայնքներում լեզվի եւ մշակույթի հին ու նոր հաստատությունների հեռանկարային զարգացմանը վերաբերող նոր մոտեցումների մշակման անհրաժեշտությունը. ի՞նչ տիպի փաստեր ու ի՞նչ բնույթի վերլուծություն է անհրաժեշտ ապագա ծրագրերի ու քաղաքականության մշակման համար, ինչպիսի՞ն կլինի սփյուռքը քսան-քսանին, ինչպիսի՞ վերափոխումներ կկրեն Հայաստանի եւ սփյուռքի հայերի փոխադարձ ընկալումները, ինչպիսի՞ գործելակերպ կորդեգրեն այսօրվա երիտասարդները` իբրեւ հայ ինքնության կրողներ:

Ահավասիկ, այդ մեկուկես օրվա ընթացքում կքննարկվեն այս բոլոր թեմաները, որոնք բավական ծավալուն են եւ որոնց դժվար է սպառիչ պատասխան տալ, բայց կարծում եմ, որ այն անհրաժեշտ թեմաներն են, որոնցից չենք կարող խուսափել: Ճիշտ է` բազմիցս քննարկվել են, հարցեր են բարձացվել, բայց, երեւի թե, պատասխաններ չեն տրվել, այսօր այդ հարցադրումների նաեւ ոճը, ձեւը, բնույթն է փոխվել, մարդիկ էլ են ինչ-որ ձեւով փոխվում, այդ պատճառով էլ 21-րդ դարի սկզբին, կարծում եմ` արժե նորից այս հարցադրումներն անել, փորձել դրանց պատասխաններ տալ:

Կարծում եմ` այս թեմաները հարազատ են մտավորականությանը, եւ այսօր եկել եմ ձեզ ներգրավվածության կոչ անելու, ձեզնից ոմանք ելույթներ կունենան, կմասնակցեն բանավեճերի, բայց ուզում եմ նաեւ դուք ներկա լինեք դահլիճում, կապեր հաստատեք սփյուռքի մտավորականության հետ, կուլիսային խոսակցություն ունենաք, քննարկումներ ունենաք, եւ այս ամենի դրականն այն կլինի, ինչը խորհրդաժողովի ավարտից հետո մեզ մտորումների տեղիք կտա: Մենք լսելու ենք տարբեր կարծիքներ, եւ այդ ամենը, վերջիվերջո, ամփոփ դրվելու է իշխանությունների սեղանին, այն մարդկանց առաջ, ովքեր որոշումներ պետք է կայացնեն: Դրվելու է ձեր առաջ` որպես Գրողների միություն, տարբեր ստեղծագործական խմբավորումների առաջ, որոնք պետք է իրենց գործունեությանը նոր ուղղություն տան, այդ ամփոփումները կտրվեն նաեւ սփյուռքի կազմակերպություններին: Կարծում եմ` ընդհանուր այդ տպավորությունները մեզ կտան համընդհանուր ուղղություն, որպեսզի կարողանանք գործել ընդհանուր դաշտի մեջ, առանց իրար հակասելու` միայն իրար փոխլրացնելով, առավել արդյունավետ աշխատել կարողանալով:

Տպել էջը