ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսիհամատեղ ասուլիսը
12 հոկտեմբերի, 2006Ռ. Սիմոնս - Սա իմ այցելություններից մեկն է տարածաշրջան, կարճ այց է, բայց բավական հաջող: Կցանկանայի նշել ԱԳԳԾ ծրագրի հաջողությունը, որի գնահատականը կտանք մյուս գարնանը: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել հայկական կառավարությանը տարբեր ուղղություններով առաջ գնալու, հատկապես պաշտպանության ոլորտում բարեփոխումներ կատարելու համար: Մյուս տարվա ընտրությունները կարեւոր են եւ ՆԱՏՕ-ն կհետեւի այդ ընտրություններին: Մենք խոսեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի գործընթացի մասին. ուզում եմ մեկ անգամ եւս նշել` ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է Մինսկի խմբի գործունեությանը աջակցելը: Անդրադարձանք նաեւ Վրաստանի անդամակցության հարցին, ռուս-վրացական հարաբերություններին. քանի որ ձերբակալված սպաները վերադարձվել են, բոլորս էլ համաձայն ենք, որ կարելի է շարունակել նորմալացնել երկու երկրների հարաբերությունները: Մենք նշում ենք, որ Ռուսաստանի ձեռնարկած քայլերը գուցե այնքան էլ նպաստավոր չեն ոչ միայն Վրաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: Խոսել ենք նաեւ Ռիգայի գագաթաժողովից առաջ նախաձեռնվող քայլերի մասին: Ես հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի տարբեր ոլորտներում:
Հարց. «Ժամանակ Երեւան» օրաթերթ - Պարոն Սիմոնս, Բաքվում նշել էիք, որ ուշադրությամբ հետեւում եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ հույս ունեք, որ կողմերը կհասնեն կարգավորման: Ձեր այցի ընթացքում 2006թ. կարգավորման հասնելու ուղղությամբ ի՞նչ ակնակալիքներ ունեք:
Ռ. Սիմոնս - Ես նշել եմ Բաքվում եւ այստեղ էլ եմ ասում, քանի որ կարեւոր է. մենք բանակցությունների մաս չենք: Դրա համար շատ շնորհակալ ենք, որ մեզ երկու կողմերը տեղյակ են պահում, բայց վստահ եմ` Մինսկի խմբի համանախագահներն են, որ պետք է գնահատական տան: Չեի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ. դա Մինսկի խմբի աշխատանքն է, ոչ թե` ՆԱՏՕ-ի:
Հարց. «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթ - Պարոն Սիմոնս, կարո՞ղ եք մոտավորապես նշել Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ժամկետները:
Երկրորդ` նոյեմբերի 8-ին Բրյուսել պետք է ժամանի Ալիեւը, ի՞նչ անհանգստացնող հարցեր կան Ադրբեջանի ԱԳԳԾ-ի հետ կապված:
Երրորդ` Հայաստանի փաստաթղթում կա՞ որեւէ անհանգստացնող հարց, թե ոչ:
Ռ. Սիմոնս - Վրաստանը Կովկասի երեք անդամ երկրներից ամենաշատն էր շահագրգռված ներառվել եվրաատլանտյան կառույցներում: Վրաստանն այժմ գտնվում է առաջին փուլում. նրանք պարզաբանում են, թե որն է կատարելիք գործը անդամակցության համար: Այս պարագայում ժամանակի մասին խոսելը վաղ է:
Ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի այցին. մենք միշտ ողջունում ենք մեր գործընկեր երկրների կողմից այցերը Բրյուսել: Մենք կքննարկենք կատարվող առաջընթացը. ՆԱՏՕ-ն միշտ բաց է երկխոսության համար: Որոշակի քայլեր կոնկրետ որեւէ ուղղությամբ չկան. ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործընկերների հետ տարբեր ուղղություններով զարգանում են հարաբերությունները:
Հարց. «Ամբիոն» թերթ - Պարոն Օսկանյան, ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ՏԻՄ ընտրությունները, մասնավորապես Ջավախքում:
Երկրորդ` ինչպե՞ս է եղել, որ Վրաստանն ու Ադրբեջանը ընդգրկվել են ՆԱՏՕ-ի «Վարժեցրիր եւ սովորեցրիր» ծրագրում, Հայաստանը` ոչ:
Վ. Օսկանյան - Վրաստանի հետ կապված ասեմ, որ մենք գնահատական չենք տալիս այլ երկրներում տեղի ունեցող ընտրություններին. կա դիտորդական առաքելություն, որն իր գնահատականը տվել է, դրանով էլ պետք է առաջնորդվել:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի շրջանակում տարբեր ծրագրերի. ԱԳԳԾ-ն կառուցվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ հիմնականում հիմնվում է գործընկեր երկրի ցանկությունների վրա: Այնպես որ, փաստաթղթերը կարող են որոշ չափով տարբերվել` հաշվի առնելով երկրների ցանկությունները: Իսկ կոնկրետ Միացյալ Նահանգների հետ տարբեր ծրագրերն այդ երկրների ցանկությամբ են եղել. այնպես չէ, որ դա ՆԱՏՕ-ի ընդհանուր ծրագիր է, երկու երկրներում իրականացվում է, եւ Հայաստանը հատուկ դուրս է թողնվել: Եթե չկանք այդպիսի ծրագրում, ուրեմն երկկողմ առումով նման ծրագիր իրականացնելու պայմանավորվածության չենք եկել այլ երկրի հետ: ՆԱՏՕ-ի շրջանակում որեւէ բան որեւէ մեկին չի պարտադրվում, առավել եւս, որեւէ երկիր դուրս չի թողնվում ընդհանուր ծրագրերից:
Հարց. «Ռեսպուբլիկա Արմենիա» - ՆԱՏՕ-ի նոյեմբերի գագաթաժողովի ամենակարեւոր հարցերը կարո՞ղ եք նշել:
Ռ. Սիմոնս - Առաջին կարեւոր հարցը կլինի ՆԱՏՕ-ի գործողությունները Աֆղանստանում: ՆԱՏՕ-ն վերահսկում է իրավիճակը Աֆղանստանի ամբողջ տարածքում, դա նշանակում է ռազմական ուժերի ավելացում: Շատ կարեւոր հարց է, քանի որ Աֆղանստանում մեծ ջանքեր են պահանջվում: Երկրորդ հարցը կլինի մեր համագործակցությունը տարբեր գործընկերների հետ. կարող ենք համագործակցություն առաջարկել, օրինակ` Ավստրալիային, Նոր Զելանդիային, Ճապոնիային, երկրների, որոնք ունեն այդ ցանկությունը: Երրորդը կքննարկենք տարբեր տեղերում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հնարավորությունները:
Հարց. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ - Պարոն Սիմոնս, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-Հայաստան ԱԳԳԾ-ն. ինչպե՞ս կմեկնաբանեիք այնտեղ ընդգրկված դրույթը, որ Հայաստանի հեռահար նպատակն է Եվրամիությանն անդամակցությունը: Ադրբեջանի համապատասխան ԱԳԳԾ-ում կա՞ այդպիսի դրույթ:
Ռ. Սիմոնս - ԱԳԳԾ-ն ոչ թե Եվրամիության, այլ ՆԱՏՕ-ի փաստաթուղթ է: Ի տարբերություն Վրաստանի, ո?չ Հայաստանը, ո?չ Ադրբեջանը առայժմ չեն ընդունել ՆԱՏՕ-ին միանալու որոշում, մենք հարգում ենք այդ որոշումը: Հայաստանի պարագայում շատ բավարարված ենք այն քայլերով, որոնք կատարվում են ԱԳԳԾ-ի շրջանակում: Դա կդնենք ֆորմալ, առավել փաստաթղթային հիմքերի վրա, բայց Վրաստանը շատ ավելի հաստատակամ քայլերով է շարժվում եւ առաջընթաց է արձանագրում: Այդ փաստաթուղթը պետք է հավելի այն գործողությունները, որոնք դուք ունեք Եվրամիության հետ:
Հարց. «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն - Հարցն ուղղված է երկու կողմերին. ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրն ու Եվրամիության հետ ծրագիրը գրեթե միաժամանակ են իրականացվելու: Արդյո՞ք կան ընդհանրություններ Հայաստանի համար, եւ կարո՞ղ են այդ երկու ծրագրերը միմյանց փոխլրացնել, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի:
Վ. Օսկանյան - Այս թեման մեր հանդիպման ընթացքում բարձրացվել է, այդ մասին խոսել ենք: Ե?ւ ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը, ե?ւ Եվրամիության իրար փոխլրացնում են, այս երկուսի վրա կավելացնեի նաեւ մեր ԵԽ պարտավորությունների փաթեթը: Մեր եվրոպական ուղղությունը հիմնական երեք մասից է բաղկացած, եւ այս երեքի միասնականությունն է այդ ուղղության հիմնական ուղենիշը: Այդ նպատակով էլ նախագահի հովանավորությամբ ստեղծվել է կոորդինացման խումբ, որը կոորդինացնելու է այս երեք ուղղությունները, որպեսզի այն մասերում, որտեղ համընկնումներ կան, կրկնություններ չանենք եւ կարողանանք աշխատանքը կոորդինացված առաջ տանել: Երեք փաստաթղթերն էլ, հատկապես Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ինը, այնքան ծավալուն են, որ անխուսափելի են իրար ամբողջացնող հատվածները, այդ պատճառով էլ կոորդինացման կարիք է զգացվում:
Ռ. Սիմոնս - Կարող եմ միայն աջակցել պարոն Օսկանյանի ասածներին: Իհարկե, ամեն կազմակերպություն կենտրոնացած է մի բանի վրա. մենք առավել անվտանգության, Եվրամիությունը` տնտեսության, Եվրախորհուրդը` մարդու իրավունքների: Յուրաքանչյուր ուղղությամբ մի կազմակերպություն պետք է գնահատի ձեր աշխատանքը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ամենայն հավանականությամբ, Եվրոպայի Խորհուրդը գնահատական կտա, ավելի քան ՆԱՏՕ-ն: Բայց կա փոխադարձ աջակցություն եւ աշխատանքի փոխադարձ համալրում: