ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիս Համառոտ տեղեկագիր

18 դեկտեմբերի, 2007

Ասուլիսի աուդիո տարբերակ: RealMedia format | MP3 format

Բավականին ժամանակ է անցել ձեզ հետ իմ վերջին հանդիպումից հետո, կարծում եմ` բազմաթիվ հարցեր կուտակված կլինեն, թերեւս անհրաժեշտություն կա մեր գնահատականներն ու մեկնաբանությունները տալ Հայաստանում եւ մեր շուրջ ծավալվող որոշ իրադարձությունների:

Կուզեի սկսել իմ վերջին այցելությունների գնահատականով: Նախ Մադրիդից, ուր ինչպես գիտեք, տեղի ունեցավ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Այն կրկին անգամ դարձավ անդամ պետությունների թեժ քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմ, ուր ոչ բոլոր հարցերին տրվեցին համաձայնեցված պատասխաններ:
Մասնավորապես, հերթական անգամ չընդունվեց նախարարական հանդիպման հռչակագիրը: Մասնակիցները ընդհանուր հայտարարի չեկան ԵԱՀԿ բարեփոխման, ահաբեկչության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորման, սպառազինությունների վերահսկման հետ կապված պարբերությունների շուրջ:

Նախարարական հանդիպման հաջողություններից կնշեի հանդիպման արդյունքում ընդունված անհանդուրժողականության եւ խտրականության դեմ պայքարի, Աֆղանստանում ԵԱՀԿ ներգրավվածության, մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի, բնապահպանության վերաբերյալ որոշումները: Վերջապես Մադրիդում ԵԱՀԿ անդամ-պետությունները համաձայնության եկան 2009-2011թթ. ԵԱՀԿ նախագահության վերաբերյալ: 2009թ. ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Հունաստանը, 2010թ.` Ղազախստանը, եւ 2011թ.` Լիտվան:
Առանձին կնշեի Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Նախ, դեռ նախարարականից առաջ նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ իմ եւ Է.Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ս. Լավրովի ու Բ. Կուշների եւ ԱՄՆ-ի` պետքարտուղարի տեղակալ Ն. Բըրնսի հետ: Վերջիններս, հակիրճ գնահատական տալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին շրջանի բանակցային գործընթացին, մեզ փոխանցեցին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների տեքտսը: Դրանում կողմերի չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված են համանախագահների առաջարկությունները:
Երկրորդ` նախարարականի արդյունքում ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որով գոհունակություն էր հայտնվում գալիք ընտրական տարում բանակցությունները շարունակելու կողմերի ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ: Փաստաթղթով կոչ է արվում նաեւ կողմերին հաղթահարել վերջին տարաձայնութունները եւ հավանություն տալ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր հայեցակարգի ընդունմանը, որի արդյունքում կմշակվի համապարփակ Խաղաղության համաձայնագիրը:
Լեռնային Ղարաբաղի հարցը առանցքային էր նաեւ իմ ելույթում, ուր ես նաեւ անրադարձա ԵԱՀԿ բարեփոխումների, ԵՍԶՈւ հետ կապված վերջին զարգացումների, ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հարցերին։
Դեկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով գտնվում էի Մոսկվայում, ուր ունեցա հանդիպումների ծավալուն օրակարգ:

Կառանձնացնեի իմ զրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որը ինչպես միշտ կայացավ փոխադարձ փոխըմբռնման մթնոլորտում: Հանդիպմանը խոսվեց հայ-ռուսական հարաբերությունների ողջ սպեկտրի մասին, մտքեր փոխանակվեցին ընթացող տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների (ԵՍԶՈՒ պայմանագիր, Կոսովոյի հիմնահարց, ԵԱՀԿ բարեփոխումներ, ռուս-վրացական հարաբերություններ եւ դրանց ազդեցությունը Հայաստանի վրա) շուրջ: Մենք նաեւ հաստատեցինք արտաքին գերատեսչությունների ինտենսիվ քաղաքական երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը` այս նպատակով ստորագրելով համապատասխան փաստաթուղթ: Գոհունակությամբ նշեցինք, որ բացի քաղաքական ու տնտեսական ոլորտներում գործակցությունից, ակտիվ շփում կա նաեւ մշակույթի, գիտության եւ տուրիզմի բնագավառներում:

Անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

Մոսկվայում մեր դեսպանատանը հանդիպեցի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, որի հետ քննարկեցինք կազմակերպության շրջանակներում հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ հաջորդ տարի այդ կազմակերպությունում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր:

Կառանձնացնեի նաեւ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված` Մոսկվայում նստավայր ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Նրանց ներկայացրեցի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Խոսեցի նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ տնտեսական զարգացման մասին, ինչպես նաեւ ներկայացրեցի նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը:

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում էի, ուր տեղի ունեցավ իմ ավանդական հանդիպումը ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների հետ: Հաշվի առնելով, որ այն առաջինն էր Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո` քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման զարգացումները: Առանձին խոսվեց Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցերի եւ ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրագործման ընթացքի մասին:

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ քննարկեցինք Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով փաստահավաք առաքելության այցին առնչվող հարցեր, ղարաբաղյան ու նախընտրական հարցեր:
Տպել էջը