ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի համատեղ մամուլի ասուլիսը

11 մայիսի, 2009

Է. Նալբանդյան - Բարեւ ձեզ: Ուրախ եմ ողջունել Էստոնիայի արտգործնախարար պարոն Պաետին: Նոր մենք ավարտեցինք բանակցությունները Էստոնիայի արտգործնախարարի հետ, որը Հայաստանում է պաշտոնական այցելությամբ` ի պատասխան 2008թ. նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի Տալին այցելության: Մենք բանակցություններ ունեցանք երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Կարեւորեցինք տնտեսական հարաբերությունների զարգացումըն ու խորացումը, եւ շատ ողջունելի է, որ Էստոնիայի արտգործնախարարը եկել է Հայաստան գործարար շրջանակներիի ներկայացուցիչների հետ եւ անցկացնելու է այստեղ բիզնես ֆորում: Նաեւ հանդիպումներ է ունենալու ՀՀ Նախագահի, խորհրդարանի նախագահի հետ: Մենք նաեւ քննարկեցինք համագործակցությունը եվրոպական ուղղությամբ, հատկապես` փոխխորհրդատվությունների անցկացումը արտգործնախարարությունների միջեւ. մենք համապատասխան պայմանավորվածություն ունենք երկու արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու վերաներյալ, պայմանավորվեցինք, որ հաջող խորհրդատվությունները կայանալու են Երեւանում այս աշնանը: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր եւ միջազգային հարցեր:Այժմ կցանկանայի ուրախությամբ խոսքը տրամադրել Էստոնիայի արտգործնախարար պարոն Պաետին:

 

Հարց Մեդիամաքս գործակալություն: Պարոն նախարար, վերջերս Ադրբեջանի նախագահի շրջապատը այսպիսի հայտարարություններով է հանդես եկել, որ Պրահայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումները անցել են նախագահների միջեւ ոչ այդքան հաջող այն պատճառով, որ հայկական կողմը ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան Գիտեք, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո երկու նախագահների հանձնարարությամբ արտգործնախարարները հանդիպեցին մամլո ներկայացուցիչների հետ եւ համատեղ հայտարարեցին, որ հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ անցել է կառուցողական մթնոլորտում, որ մենք ընթանում ենք առաջ, եւ հնարավոր է, որ կայանա նոր հանդիպում մոտակա ժամանակահատվածում երկու նախագահների միջեւ։ Եւ թե Հայաստանի արտգործնախարարի, թե Արդբեջանի նախարարի կողմից ներկայացված տպավորությունը արդյունքների վերաբերյալ կրում էր դրական բնույթ: Դրա համար զարմանալի է, երբ Ադրբեջանի նախագահի մերձակա շրջապատը այդպիսի հայտարարություններ է անում: Այնպիսի տպավորություն է, որ աջ ձեռքը չգիտի, թե ձախը ինչ է անում, կամ էլ հենց այդ մոտ շրջապատի ներսում միշտ տարաձայնություններ կան: Այն անձիք, որոնք ներգրավված են կարգավորման գործընթացի մեջ, մեզ խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել այդպիսի հայտարարությունների վրա, որովհետեւ դրանք անլուրջ են: Կարծում եմ, որ իսկապես իրենք իրավացի են, որովհետեւ շատ անգամ այդպիսի հայտարարությունները անլուրջ բնույթ են կրում։ Բայց երբ դա ոչ թե միայն միտում է, այլ արդեն դառնում է օրինաչափություն, ոչ թե հարց է առաջանում, այլ ուղղակի համոզմունքն է ավելի ամրապնդվում, որ Արդբեջանը բանակցությունները է վարում ոչ թե արդյունքների հասնելու, այլ՝ ուրիշ նպատակներով:

Հարց Պանարմենիան.նետ: Պարոն նախարար, կարծես թե փոխվել են Թուրքիայից հնչող հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես Թուրքիայի արտգործնախարարը վերջին հայտարարությունում ասել է, որ մենք պետք է ստեղծենք համատեղ ապագա: Ձեր կարծիքը այդ հայտարարության վերաբերյալ:

Պատասխան - Ես տեղյակ եմ այդ հայտարարությանը, որտեղ պարոն Դավութօղլուն ասում է, որ թուրքական կողմը ցանկանում է շուտափույթ կերպով կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի հետ: Այդպիսի հայտարարությունը կարելի է ողջունել, բայց եթե մենք անջատենք էմոցիոնալը ռացիոնալից, պետք է նայենք, թե ում է ուղղված այդ հայտարարությունը` Թուրքիայի հանրությանը, Հայաստանին, Ադրբեջանին, Վաշինգտոնին, Մոսկվային, Բրյուսելին, ո՞ւմ: Որովհետեւ վերջերս հնչող հայտարարությունները Թուրքիայում մի փոքր այլ բնույթ ունեին: Հայկական կողմը մեկ բան ունի ասելու բոլորին եւ մեկ բան է ասում. Հայաստանը պատրաստ է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Եթե Թուրքիայի արտգործնախարարի այս վերջին հայտարարությունը այդ համատեքստում է արվել, եթե իրենք պատրաստ են գնալ այդ ուղղությամբ, ապա կարելի է միայն ողջունել այդ հայտարարությունը:

Հարց: Երկիր Մեդիա: Չնայած Ձեր հերքմանը` թուրքական մամուլը կրկին տարածել է տեղեկատվություն, որ հուլիսին Իտալիայում նախանշված է Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես կմեկնաբանեք այս տեղեկատվությունը:

Պատասխան: Մեր արտգործնախարարության խոսնակը հերքել էր այդպիսի լուրերը, բայց եթե շարունակում են, նորից են ապացուցում, որ Թուրքիան իսկապես առնչություն չունի Ղարաբաղի կարգավորման բանակցությունների հետ, որովհետեւ եթե առնչություն ունենար, ապա տեղյակ կլիներ, որ այդպիսի հարց այսօր չի քննարկվում:
Տպել էջը