ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայան համատեղ մամուլի ասուլիսը

21 հունիսի, 2009

Բարեւ ձեզ, ես շատ ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկերոջը` Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Նորին մեծություն շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին, որը գտնվում է մեր երկրում իմ հրավերով: Նոր մենք բանակցություններ վարեցինք երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Վերջին շրջանում նկատվում է երկուստեք ձգտում հարաբերությունները ավելի ամրապնդել, զարգացնել, խորացնել: Այդ առումով բավական այցելություններ են կատարվել երկու երկրների միջեւ, եւ հարաբերությունները, հատուկ կարող եմ նշել, զարգացում են ապրել հատկապես տնտեսական ոլորտում: Բազմաթիվ ծրագրեր կան այս ոլորտում համագործակցության զարգացման եւ ամրապնդման, եւ երկու նախարարները հայտնեցին իրենց ցանկությունը անել ամեն հնարավորը, որ մեր հարաբերությունները նոր շրջան թեւակոխեն եւ ամրապնդվեն բոլոր հնարավոր ուղղություններով:

Արմենպրես գործակալություն: Թուրքիայից իրարամերժ հայտարարություններ են հնչում հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք դրանք: Եվ երկրորդ հարցը, վերջին օրերին տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստել է մի ծրագիր, փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադարձի վերաբերյալ: Նախ, հայկական կողմի հետ նման ծրագիր քննարկվել է թե ոչ, եւ ընդհանրապես ինչպես եք գնահատում նման տիպի սադրիչ հայտարարությունների տարածումը: Շնորհակալություն:

Ձեր առաջին հարցի մասին, որ իրարամերժ հայտարարություններով հարցեր չեն լուծվում, եթե ցանկություն կա հարցերը լուծել դիվանագիտական միջոցներով, ապա դա հնարավոր է անել բանակցությունների, այդ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ այ? պայմանավորվածությունների իրագործման միջոցով: Եվ կարծում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մենք այդ հնարավորությունը ունենք, եւ այդ ուղղությամբ էլ Հայաստանը շարունակելու է գործադրել իր ջանքերը: Ինչ վերաբերվում է Ձեր հարցին` փախստականների վերադարձի Ղարաբաղ, այդպիսի հարց չի քննարկվում բանակցությունների ընթացքում, այդ հարցը կարող է միայն քննարկվել այն ժամանակ, երբ որ Ղարաբաղի հիմնախնդիրը հանգուցալուծվի, եւ պետք է նաեւ նկատի ունենալ, որ կա հարց նաեւ բազմահազար, մոտ 400.000 հայ փախստականների վերաբերյալ: Շնորհակալություն:

Թաթուլ Հակոբյան, «Արմենիան Ռիփորթր» շաբաթաթերթ: Պարոն նախարար, հարցս Ձեզ եմ ուղղում, վերջերս, օրեր առաջ «Ռոյթերսին» պարոն Սեմնեբին ասել էր, որ Թուրքիան հետ քայլ է կատարել, ուզում ենք Ձեզնից ճշտել ինչպես է դրսեւորվել այդ հետ քայլը հայ-թուրքական հարաբերություններում եւ ուղղակի մի ճշտում եմ ուզում մտցնել, այս ամսի 16-ին պարոն Ֆիլիպ Գորդոնը` պետքարտուղարի տեղակալը, կոնգրեսի հանձնաժողովներից մեկում լսումների ժամանակ ասել էր, որ «ինչ-որ հանձնաժողով պետք է ստեղծվի եւ մենք դրան աջակցում ենք»: Ի՞նչ հանձնաժողովի մասին է խոսքը: Շնորհակալ եմ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հետքայլին, ես կարող եմ միայն հույս հայտնել, որ այդպիսի հետ քայլ Թուրքիան չի անի, եւ ինչպես բազմմիցս արտահայտվել եմ, մենք պատրաստ ենք գնալ հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը, եւ հուսով ենք, որ Թուրքիան էլ այդ ուղղությամբ կգնա: Ինչ վերաբերում է հանձնաժողովին, գիտեք, բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում մենք մտադիր ենք գնալ այն ճանապարհով, որպեսզի կարգավորենք այդ հարաբերությունները` դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, բացենք սահմանները, եւ իհարկե հարաբերությունները դրանով միայն չեն զարգանում: Հարաբերությունները զարգացնելու համար մենք մտադիր ենք ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվի բազմաթիվ հարցերով, որոնք հուզում են երկու կողմերին: Շնորհակալություն:

Տպել էջը