Նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրատվամիջոցների հարցերին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ մամուլի ասուլիս
06 ապրիլի, 2010Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ,
\nՑանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւանում գտնվող ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
\nՀամագործակցությունը Եվրոպական Միության հետ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը: Ուրախալի է, որ այդ հետաքրքրությունը փոխադարձ է, ինչի վկայությունն են վերջերս ԵՄ բարձր պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան:
\nՊարոն Ֆյուլեի այցը լավ առիթ է Նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել այցին ընդառաջ քննարկելու ՀՀ-ԵՄ օրակարգը եւ հետագա համագործակցությանն ուղղված քայլերի հստակեցումը:
\nԵվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը ԵՄ հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով:
\nԱյս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքնման բանակցությունների մեկնարկը:
\nՊարոն Ֆյուլեի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք Արեւելյան գործընկերության ամրապնդումը: Ես, ինչպես նաեւ պարոն Ֆյուլեն, հույս հայտնեցինք, որ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում կընդլայնվի:
\nՀանդիպման ընթացքում մենք անդրադարձանք նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
\nԱյժմ խոսքը փոխանցեմ պարոն Ֆյուլեին, ապա կպատասխանենք ձեր հարցերին:
\nԽնդրեմ:
\n\n
Էմմա Գաբրիելյան, «Ժամանակ» օրաթերթ. - Առաջին հարցս, պարոն Նալբանդյան, Ձեզ կուղղեի: “Der Spiegel”-ին տրված հարցազրույցում Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հարցը այսպիսին է, պարոն Նալբանդյան, 2009թ. հուլիսին բացահայտվել են մադրիդյան սկզբունքների որոշ կետեր` 6 կետեր: Այնտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի իրավականորեն կամարտահայտության միջոցով, բառացի: Ես ուզում եմ հարցս այսպես ձեւակերպել: Հայկական դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում թե ոչ, եթե ոչ ինչպե՞ս եք մեկնաբանում այդ դիրքորոշումների տարբերությունը: Եվ երկրորդ հարցս, պարոն Ֆյուլեին եմ ուղղում: Հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը դուք ինչպես կբնութագրեք եւ մասնավորապես այդ գործընթացը ինչպես կարող է ազդել Թուրքիայի` ԵՄ անդամակցության գործընթացի վրա, շնորհակալություն:
\nԷդվարդ Նալբանդյան.- Ինչ վերաբերում է ինձ ուղղված հարցին. Ասեմ, որ որեւէ բան մեր դիրքորոշման մեջ չի փոխվել: Մենք բազմիցս հայտարարել ենք եւ ոչ միայն մենք, եռանախագահներն էլ են հասկանում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գլխավոր հարցը դա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է: Համապատասխան այդ կոնտեքստին, հանրապետության Նախագահի հայտարարությունը խոսում է հենց դրա մասին: Եվ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ:
\n