Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանները լրագրողների հարցերին Արգենտինայի ԱԳ նախարար Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում

21 մայիսի, 2010

Աննա Նազարյան, Ռադիոլուր: Ըստ թուրքական, ադրբեջանական ԶԼՄ-երի լուրերի, որոնք արտատպեցին նաեւ որոշ հայկական լրատվամիջոցներ, Թուրքիայի ներգրավմամբ քննարկվում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող 2 շրջաններից ղարաբաղյան զորքերը դուրս բերելու հարցը: Երեկ սկսեցին գրել, որ հայ-թուրքական բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է հայտնվել: Արդյոք հիմք ունեն այդ խոսակցությունները:

\n

Է. Նալբանդյան: Դա բացարձակ սուտ է, իսկ ստերը չեն պահանջում որեւէ մեկնաբանություն:

\n

Արամ Արարատյան, Արմինֆո: Երեկ Եվրախորհդարանն ընդունել է Հարավային Կովկասի վերաբերյալ հերթական բանաձեւը, որտեղ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող որոշակի ձեւակերպումներ կան: Ինչպես կմեկնաբանեք դրանք:

\n

Է. Նալբանդյան: Նախեւառաջ ես կցանկանայի հայտնել մեր հարգանքը Եվրախորհրդարանի հանդեպ: Բայց զեկույցի մեջ պարունակվող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ լ’Ակվիլաի հայտարարությանը, ոչ Մոսկվայի Հռչակագրին, որոնց մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ: 

\n

Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների եւ կարծեմ պատճառներից մեկ նա է, որ զեկույց գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում այս զեկույցը գրելիս եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ այս որոշ դրույթները հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է: Եվրամիության դիրքորոշումը արտահայտվեց 2009թ. դեկտեմբերին Աթենքում բավականին ընդարձակ հայտարարությամբ եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի տեսակետներին:

\n

«Ժամանակ» օրաթերթ, Էմմա Գաբրիելյան: Պարոն Նալբանդյան հարցս Ձեզ եմ ուղղում: Միջազգային հանրությունը բազմիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին, որոնք շաղկապում էին ղարաբաղյան հիմնախնդիրը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ: Թերեւս Ռուսաստանի նախագահն առաջինն էր, այդ երկրների ղեկավարներից մեկը, ով Թուրքիա կատարած այցի ընթացքում ասուլիսի ժամանակ նշեց, որ Ռուսաստանը իր ազդեցությունը կօգտագործի ղարաբաղյան հիմնախնդիրն առաջ մղելու համար: Դուք ինչպես եմ մեկնաբանում այդ փաստը, որ Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերը Հայաստանի, ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի հետ ասուլիսում նման արտահայտություն է անում: Շնորհակալություն:

\n

Է. Նալբանդյան: Նախեւառաջ, ես չեմ տեսնում ձեր հարցի տրամաբանությունը, որովհետեւ, բնականաբար, Ռուսաստանը, լինելով եռանախագահող երեք երկրներից մեկը, իր նպաստն է բերում կարգավորմանը եւ բավական կարեւոր եւ կառուցողական դեր ունի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացի մեջ: Թե դա արտահայտվել է որ պահին եւ որտեղ, դա որեւէ բան չի փոխում այդ կառուցողական դիրքորոշման իմաստով: Բնականաբար, որ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերի հետ միասին նաեւ գիտեք, որ բավական մեծ անձնական ներդրում ունի այդ ջանքերի մեջ նաեւ Ռուսաստանի նախագահը` պարոն Մեդվեդեւը, որի նախաձեռնությամբ մի շարք հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, եւ բնական է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է իր ցանկությունը շարունակել այդ ջանքերը օգնելու կողմերին խնդրի կարգավորման համար: 

\n

Ազատություն ռադիոկայան, Ռուզան Ստեփանյան: Կճշտեիք, կոնկրետ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը նշեց, որ Հայաստան-Թուրքիա բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է դրված: Կա արդյոք նման փաստաթուղթ, թե ոչ: 

\n

Է. Նալբանդյան: Նախորդ հարցի մեջ այդ հարցն արդեն հնչեց, եւս մեկ անգամ ճշտեմ, եւս մեկ անգամ ասեմ, որ դա բացարձակ սուտ է եւ ստերը մեկնաբանելու կարիք չունեն:  
\n 

Տպել էջը