Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանները լրագրողների հարցերին Ավստրիայի ԱԳ նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում 25 հունիս 2010թ.\

25 հունիսի, 2010

Բարեւ ձեզ,

Ես ուրախ եմ ողջունել Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերին Հայաստանում:

Սա երկկողմ ձեւաչափով Ավստրիայի արտգործնախարարի առաջին այցելությունն է Հայաստան, որը, հուսով եմ, մեզ հնարավորություն կտա ամրապնդել, զարգացնել, խորացնել մեր հարաբերությունները, համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում:

Պարոն Շպինդելեգերը եկել է Հայաստան գործարարների մեծ խմբով, մոտ քառասուն գործարար է եկել իր հետ: Այս պահին հանդիպումներ են կայանում Հայաստանի եւ Ավստրիայի գործարարների միջեւ: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն տարբեր ծրագրերի շուրջ եւ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդման, զարգացման տեսանկյունից:
Մենք պարոն Շպինդելեգերի հետ քննարկեցինք եւ դեռ կշարունակենք քննարկումները աշխատանքային ճաշի ընթացքում տարբեր միջազգային, տարածաշրջանային հարցերի շուրջ, մեր համագործակցության վերաբերյալ միջազգային կազմակերպություններում: Մենք բավական լավ փոխգործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հուսով եմ, որ պարոն Շպինդելեգերի հեգացած ծրագրով այս այցելությունը արդյունավետ կլինի: Մենք գրեթե բոլոր միջազգային կոնֆերանսների ժամանակ նստած ենք կողք կողքի, այբուբենով Հայաստանը (Արմենիան) եւ Ավստրիան իրար կողքի են, եւ մենք մշտապես հնարավորություն ունենք շփվելու, քննարկելու մեզ հետաքրքրող տարբեր հարցեր: Եվ հուսով եմ, որ մեր այս շփումները կշարունակենք ապագայում, եւ նաեւ փոխայցելություններ կլինեն այլ նախարարների մակարդակներով: Մենք պայմանավորվել ենք նաեւ լրացուցիչ քայլեր ձեռնարկել մշակութային կապերի զարգացման համար:

Մենք այսօր վերահաստատեցինք փոխադարձ ցանկությունը եւ պատրաստակամությունը` հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Շնորհակալություն:

Այժմ խոսքը փոխանցեմ պարոն Շպինդելեգերին:

Հարց. Ադրբեջանական սադրանքից հետո շփման գծում բազմաթիվ հայտարարություններ հնչեցին դատապարտող, զսպման կոչ էր արվեցին, բայց ուղղակի չդատապարտվեց մեղավորը` սադրիչը: Ի՞նչ եք կարծում, Ձեր մեկնաբանությունը: Շնորհակալություն:

Պատասխան: Իհարկե, որպեսզի չխրախուսել ռազմատենչ հայտարարություններ անողներին, հրադադարի ամրապնդման առաջարկությունը մերժողներին, հրադադարի պայմանավորվածության կոպիտ խախտողներին, չխրախուսել նրանց, ովքեր հրաժարվում են շփման գծից դիպուկահարներին դուրս բերել, չխրախուսել նրանց, ովքեր սադրանքներ են կազմակերպում եւ բացահայտ ձեւով փորձեր են կատարում ձախողել բանակցությունները, ավելի ճիշտ է անուններով խոսել եւ ասել, թե ով է պատասխանատու:

Մեր շփումներում այդ հայտարարությունների հեղինակները, հատկապես վերջին այս դեպքերից հետո, ասում են, որ դուք տեսնում եք, թե ում են ուղղված այդ հայտարարությունները, որովհետեւ պարզ է, որ Հայաստանը չէ ռազմատենչ հայտարարություններ անում, պատերազմի կոչեր անում, Հայաստանը չէ, որ կազմակերպել է այդ սադրանքը շփման գծի վրա, նաեւ անցնելով Ղարաբաղի Հանրապետության տարածք, Հայաստանը չէ, որ հրաժարվել է ԵԱՀԿ կողմից արված հրադադարի ամրապնդման առաջարկից, Հայաստանը չէ, որ հրաժարվել է դիպուկահարներին դուրս բերել: Այսինքն այդ հայտարարությունները եւ կոչերը առաջին հերթին ուղղված են Ադրբեջանին: Կարծում եմ, որ դա կարող է դիտվել նաեւ որպես "դեղին քարտ" Ադրբեջանին:

Ադրբեջանը փորձում է շատ ակնհայտ ձեւով նաեւ կրոնական բնույթ, կրոնական երանգ տալ այս հիմնախնդրին, որը շատ վտանգավոր է: Փորձում է ներքաշել այս խնդրի մեջ, այլեւ իր ավանտյուրաների մեջ իսլամական երկրներին: Եվ այդ իմաստով կարծում եմ, որ պետք է հստակ դիրքորոշում արտահայտվի միջազգային հանրության կողմից, որպեսզի ոչ միայն չխրախուսվի, այլ նաեւ տպավորություն չստեղծվի Ադրբեջանի մոտ, որ միջազգային հանրությունը կարող է թույլ տալ կամ ըմբռնումով մոտենալ բոլոր այդ կարգի ոտնձգություններին եւ ռազմատենչ մոտեցումներին, դիրքորոշումներին եւ հայտարարություններին:

Հարց: Հարց երկու նախարարներին: Ինչպե՞ս է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ազդում Հայաստանի տնտեսական դրության եւ ներդրումների վրա:

Պատասխան: Իհարկե, որեւէ կոնֆլիկտ բնականաբար բարենպաստ պայմաններ չի ստեղծում տնտեսական հարաբերությունների, համագործակցության զարգացման համար: Դա ակնհայտ է: Բայց մեր դիրքորոշումն համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ, համահունչ է այն մոտեցումներին, որոնք արտահայտվել են Եվրամիության եւ Եվրամիության անդամ երկրների կողմից, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է բարենպաստ դեր խաղալ խնդիրների եւ կոնֆլիկտների լուծման համար:

Միեւնույն ժամանակ ես կցանկանայի նշել, Հայաստանում ապահով դաշտ կա տնտեսական թե ներդրումների, թե ծրագրերի իրականացման համար: Եւ դրա ակնհայտ ապացույցն է, որ այսօր տարբեր եվրոպական երկրներ Հայաստանում ունեն ձեռնարկություններ, ունեն ներդրումներ, օրինակ հայ-ֆրանսիական 140 ընկերություն կա, որոնք հաջողակ ձեւով գործում են Հայաստանում, Գերմանիայի հետ 90 ձեռնարկություն ունենք, մի շարք այլ եվրոպական երկրների հետ համատեղ ձեռնարկություններ ունենք եւ հուսով ենք, որ Ավստրիայից եկած բիզնեսմենները նաեւ իրենց հայ գործընկերների հետ պայմանավորվածությունների կգան համապատասխան ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հարց: Ես կխնդրեի, որպեսզի Դուք անդրադառնայիք Հայաստանի Նախագահի կատարած վերջին այցին Գերմանիա: Ի՞նչ արդյունքներ տվեց այդ այցն մեզ եւ հայ-գերմանական հարաբերություններին:

Պատասխան: ՀՀ Նախագահի այցելությանը Գերմանիա հագեցած եւ արդյունավետ էր: Ինչպես դուք գիտեք, հանդիպումներ կայացան կանցլեր Անգելա Մերկելի հետ, Գերմանիայի նախագահի պատշոտակատարի, Բունդեսռաթի նախագահի, Բունդեսթագի նախագահի: Կայացավ ՀՀ Նախագահի ելույթը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Հանդիպում եղավ նաեւ հայկական համայնքի հետ: Մեր հարաբերությունները Գերմանիայի հետ ամենաբարձր մակարդակին են գտնվում, թե երկկողմ քաղաքական երկխոսության, թե տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության առումով: Առեւտրական շրջանառությունը հասնում է շուրջ չորս հարյուր միլիոնի: Ներուժը շատ ավելին է: Նախագահի այցելությունը հնարավորություն տվեց քննարկելու այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել, եւ քայլեր ձեռնարկվեն երկու կողմից` այդ հարաբերությունները առավել խորացնելու, ամրապնդելու եւ զարգացնելու համար: Կարծում եմ` ՀՀ Նախագահի այցելությունը եւ հանդիպումները Գերմանիայում նոր կարեւոր հիմք կհանդիսանան այդ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Հարց: Պարոն նախարար, ի՞նչ կարծիքի եք, ե՞րբ հնարավոր կլինի աշխուժացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Պատասխան: Կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ որ թուրքերը հարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ առանց նախապայմանների վավերացնեն արձանագրություններն ու առանց նախապայմանների իրագործեն դրանք:
Մենք սկսել էինք այս գործընթացը հենց այդ փոխըմբռնմամբ, որ չեն կարող լինել նախապայմաններ, եւ վարել ենք բանակցությունները հենց այդ նույն փոխըմբռնմամբ, եկել ենք պայմանավորվածությունների նույն փոխըմբռնմամբ, եւ արձանագրություններում չկան նախապայմաններ:

Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան վերադարձել է նախապայմանների այն լեզվին, որը նա օգտագործում էր այս գործընթացը սկսելուց առաջ, եւ այդ հնչեցվող նախապայմանների պատճառով էր, որ այդ հարաբերությունների կարգավորման գործընթացը նախկինում փակուղում էր գտնվում: 2008թ. սեպտեմբերին, երբ սկսեցինք այս գործընթացը, այդ փակուղուց հնարավոր եղավ դուրս գալ, քանի որ կողմերը պայմանավորվեցին առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման: Այսօր Թուրքիան ինչ-ինչ պատճառներով չի կարող հարգել այդ պայմանավորվածությունները:

Թուրքիայից հնչում է, որ իրենք հարգում են pacta sunt servanda սկզբունքը, բայց միեւնույն ժամանակ ասում են, որ իրենք չեն կարող վավերացնել եւ չեն կարող իրականացնել այդ պայմանավորվածությունները առանց այս — այն նախապայմանների: Ասում են. «մենք նախապայմաններ չունենք, բայց եթե դուք անեք այս, այդ ժամանակ մենք կկարողանանք առաջ շարժվել, եթե դուք անեք այն, մենք կկարողանանք շարունակել այդ առաջընթացը: Այսինքն՝ ակնհայտ նախապայմաններ: Ոչ միայն Հայաստանի դիրքորոշումը, այլ նաեւ միջազգային հանրության դիրքորոշումն է՝ բազմիցս հնչեցված Եվրամիության, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, այլ երկրների, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, միգուցե մեկ բացառությամբ` Ադրբեջանի, այդ դիրքորոշումը` առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները: Այսօր Թուրքիան չի կարողանում հարգել միջազգային հանրության այդ մոտեցումը: Երբ որ Թուրքիան ի զորու կլինի հարգել պայմանավորվածությունները, որ ինքը ձեռք է բերում այլ երկրների հետ, այն ժամանակ հնարավոր կլինի շարունակել այս գործընթացը:

Տպել էջը