ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթները եւ պատասխանները համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում 05 հուլիս 2010թ.

05 հուլիսի, 2010

Dear Madam Secretary of State, Dear Hillary,

Հարգելի գործընկեր,

Որախ եմ ողջունել Ձեզ Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ: Առանձնահատուկ պատիվ է, որ Երեւանում եք գտնվում հուլիսի 4-ին` Միացյալ Նահանգների անկախության օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բոլոր ամերիկացիներին: Ձեր երկրի հիմնադիր հայրերը, 234 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնելով անկախ Միացյալ նահանգները, ապացուցեցին, որ ոչինչ չի կարող զրկել ժողովուրդներին անկախության իրավունքից: Դա ապացուցեցինք նաեւ մենք` հայերս, ընդամենը երկու տասնամյակ առաջ կրկին վերականգնելով անկախ պետականությունը:

Անկախության հենց առաջին օրերից ամերիկացիները եղել են մեր կողքին: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները գնալով խորացել են:

Հատկապես վերջին տարիներին մեր երկու երկրների միջեւ բարձր մակարդակով շփումները աչքի են ընկնում թե՛ հաճախականությամբ եւ թե՛ խորը բովանդակությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցելությունը Վաշինգթոն եւ հանդիպումը Նախագահ Բարաք Օբամայի հետ կարեւոր հանգրվան հանդիսացավ մեր փոխըմբռնման խորացման եւ հարաբերությունների զարգացման առումով:
Անշուշտ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեջ առանձնակի դերակատարում ունի ամերիկահայ համայնքը:

Հայաստանը եւ Միացյալ Նահանգները համակարծիք են միջազգային հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերում: Մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության; մենք համամիտ ենք, որ անհրաժեշտ է տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել եւ ոչ թե ռազմատենչ վարքագիծ ցուցաբերել; մենք համամիտ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց որեւէ նախապայմանի; մենք համակարծիք ենք տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման հարցում; մենք կիսում ենք շուկայական տնտեսության եւ ժողովրդավարական արժեքների զարգացման տեսլականը:

Մենք համոզված ենք, որ կա մեծ ներուժ, որը պետք է օգտագործել առավել ընդլայնելու եւ զարգացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը: Մենք պայմանավորվել ենք հետամուտ լինել բարեկամական գործընկերության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:

Հանրապետության Նախագահի եւ պետքարտուղարի միջեւ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս, ինչպես նաեւ մեր համագործակցության առավել սերտացմանն առնչվող այլ հարցերի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին, ահաբեկչության դեմ պայքարին, Միացյալ Նահանգների կողմից իրականացվող Հայաստանի զարգացմանն օժանդակող ծրագրերին եւ դրանց ընդլայնման հնարավորություններին, տնտեսական համագործակցության ակտիվացմանը:

Հարգելի տիկին պետքարտուղար, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու գործում: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ձեզ հետ տարբեր ձեւաչափերով եւ զանազան հարթակներում, բայց ինձ համար առանձնահատուկ հաճելի է հյուրընկալել Ձեզ Երեւանում։

Կրկին անգամ ողջունում եմ Ձեզ, Ձեզ ուղեկցող պատվիրակության անդամներին: Բարով եք եկել Հայաստան։

Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ։

Խնդրեմ: 

Պետքարտուղար Քլինթոն: Շատ շնորհակալություն, պարոն արտաքին գործերի նախարար: Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ` Հայաստանի Հանրապետությունում: Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ձեր նախագահին եւ այս երկրի ժողովրդին ձեր հյուրընկալության եւ բարեկամության համար:

Երբ Հայաստանը վերստին անկախ հռչակվեց 1991-ին, Միացյալ Նահանգները ողջունեց Ձեզ եւ այդ ժամանակվանից մենք դարձանք ձեր բարեկամն ու գործընկերը: Այսօր մենք նշում ենք մեր երկրի հիմնադրման եւ մեր անկախության հռչակագրի 234-ամյակը: Եվ մենք գիտենք թե ինչպիսի սրբազան եւ թանկարժեք ընծա է անկախությունը:

Հայաստանը մի պետություն է, որն ունի եւ հպարտ պատմություն եւ խոստումնալից ապագա: Մենք Միացյալ Նահանգներում երախտապարտ ենք ամերիկյան հայերին` մեր երկրի մշակութային եւ տնտեսական կյանքին աջակցության համար: Եվ մենք հավատում ենք, որ ժողովրդավարական եւ ծաղկող Հայաստանը կարող է առաջընթացի ուժ հանդիսանալ տարածաշրջանի համար եւ ոչ միայն: Այսպիսով, Միացյալ Նահանգները մեծապես հակված են աջակցելու հայ ժողովրդին եւ ձեր ձգտումներին:
Այսօր ես ձեր նախագահի հետ քննարկեցի թե ինչպես մենք կարող ենք աշխատել միասին: Մենք կենտրոնացած ենք Հայաստանի երկարաժամկետ զարգացման եւ անվտանգության հիմնաքարերի կառուցման, ներքին զարգացող ժողովրդավարության կայունության եւ ձեր հարեւանների հետ խաղաղության եւ փոխըմբռնման վրա: Մենք խորությամբ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ Մինսկի խմբի գործընթացը, որն աշխատում է այն հանգուցալուծելու համար: Ինչպես ես ավելի վաղ ասացի Բաքվում` Միացյալ Նահանգները շարունակում են հակված մնալ Հելսինկյան սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման վրա հիմնված խաղաղ կարգավորմանը:

Նախագահ Օբաման վերահաստատեց իր այս հակվածությունը նախագահ Մեդվեդեւի եւ նախագահ Սարկոզիի հետ արված համատեղ հայտարարությամբ` Կանադայում Մեծ ութնյակի վերջին գագաթնաժողովի ժամանակ: Մենք պատրաստ ենք օգնելու եւ Հայաստանին եւ Ադրբեջանին` հասնելու եւ կիրառելու խաղաղ կարգավորումը: Մենք գիտենք որ դա հեշտ չի լինի: Սակայն մենք կարծում ենք, որ դա է անհրաժեշտ հիմքը ապահով եւ բարգավաճ ապագայի համար:

Մենք նաեւ քննակեցինք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ես իմ հիացմունքը հայտնեցի Նախագահի խիզախ որոշման համար` շարունակելու հետեւել խաղաղության տեսլականին: Միացյալ Նահանգները հավատում են, որ այս կարգավորումը խոստանում է հսկայական օգուտներ եւ Հայաստանի, եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի համար: Եւ մենք հակված ենք անել այն ամենը, ինչ կարող ենք` օգնելու համար կողմերին շարժվելու առաջ:

Մենք նաեւ քննարկեցինք մեր հակվածությունը ամրապնդելու ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը Հայաստանում: Միացյալ Նահանգները սերտորեն աշխատել է Հայաստանի տարբեր կառավարությունների հետ բազում տարիներ` խրախուսելով երկրի ժողովրդավարական զարգացումը:

Մենք ամեն ինչ արել ենք բաց եւ ազնիվ կերպով, քանի որ մենք տեսնում ենք ժողովրդավարացում եւ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ինչը կենսական է Հայաստանի երկարաժամկետ անվտանգության, կայունության եւ բարգավաճման համար: Եվ, ինչպես բարեկամ եւ գործընկեր, ով հավատում է Հայաստանի ապագային, մենք կշարունակենք աջակցել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը եւ լավ կառավարում ու թափանցիկություն ապահովելուն ուղղված ջանքերին:
Երբ մենք նայում ենք Հայաստանին, մենք տեսնում ենք որակ ունեցող կարողությունների ահռելի հավաքածու , ժողովրդի ջանասեր աշխատանք: Եվ մենք գիտենք, որ այս երկրի ապագան, ինչպես յուրաքանչյուր երկրի ապագա, հենց ժողովրդի ձեռքերում է: Եվ մենք հավատում ենք, որ մենք կարող ենք աշխատել միասին տնտեսությունը բարելավելու, ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար, մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք հնարավոր է զարգացնել էներգիայի անկախ աղբյուրները, ինչպիսին է թերթաքարային գազը, թե ինչպես մենք կարող ենք շարունակել աշխատել Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ վաղվա ընդհանուր տեսլականի համար, ինչպիսին կարող է ունենալ յուրաքանչյուր տղա եւ աղջիկ իր` Աստծո կողմից տրված հնարավորություններով:

Այսպիսով, եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ: Արտաքին գործերի նախարարը եւ ես շատ ժամեր ենք անցկացրել իրար հետ: Եվ ես մեծապես գնահատում եմ նրա գործողությունները, ինչպես նաեւ նրա բանիմացությունն ու փորձը: Ես նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նախագահին ոչ միայն ջերմ ընդունելության եւ անկեղծ զրույցի համար, այլ նաեւ` գերազանց ճաշի համար, ինչին հետեւեց հուլիսի 4-ին նվիրված կարմիր, սպիտակ եւ կապույտ թխվածքը: Ավելի լավ ընդունելություն չէր կարող լինել: Եվ ես ակնկալում եմ շարունակել սերտ աշխատանքը ձեզ հետ ապագայում:

Քրիստոֆ Շմիդտ, AFP: Տիկին քարտուղար, Դուք բավականին էներգիա ներդրեցիք այսօր Լեռնային Ղարաբաղի քննարկումներում: Երկու նախագահների հետ խոսելուց հետո էլ դուք դեռ հույսեր ունեք: Եվ պարոն նախարար, Բաքվում պետքարտուղարն ասաց, որ որոշակի առաջընթաց կա այս հիմնահարցում: Ձեր նախագահը վերջերս հանդիպեց նախագահ Ալիեւին Սանկտ-Պետերբուրգում: Կարող եք Դուք մանրամասնել այդ առաջընթացի վերաբերյալ: Շնորհակալություն:

Պետքարտուղար Քլինթոն: Դե, խոստումնալից է, որ Մինսկի խմբի գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում: Եվ ի հավելումն այն հայտարարության, որն արվեց Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների կողմից անցած շաբաթ, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ ցանկացած կարգավորում պետք է հիմնվի Հելսինկյան սկզբունքների վրա: Եղել են շատ լուրջ բազմաթիվ խորհրդատվություններ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, վերջին անգամ երկու շաբաթ առաջ Սանկտ-Պետերբուրգում` նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ: Եվ այժմ, մենք հույս ունենք տեսնել իրական առաջընթաց, որը կամփոփի հիմնական սկզբունքները եւ թույլ կտա պատրաստել վերջնական խաղաղության համաձայնագիրը:

Յուրաքանչյուր ոք գիտի, որ դժվար քայլեր պետք է արվեն: Բայց մենք հավատում ենք, որ դրանք կարեւոր են: Եվ մենք այսօր հայտնել ենք մեր մտահոգությունը երկու նախագահներին էլ, որ վերադարձը ուժի կիրառման անընդունելի է :Մենք ցավում ենք վերջին շաբաթների դեպքերի համար: Դա, նախ եւ առաջ, բխում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի շահերից, աշխատելու այնքան ջանասիրաբար, ինչքան կարող ենք` հասնելու այս հիմնահարցի կարգավորման ընդունելի տարբերակի:

Էդվարդ Նալբանդյան: Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ եւս մի կարեւոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում. կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր, այսինքն մինչ սանկտ-պետերբուրգյան հանդիպումը, երբ կողմերին ներկայացվեց մադրիդյան առաջարկների նոր վերջին տարբերակը:

Մի քանի օր առաջ այստեղ էին նաեւ եռանախագահները, որոնց հետ մենք քննարկեցինք ինչպես շարունակել բանակցությունները այս պայմանավորվածությունների հիման վրա, նաեւ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը հուլիսի 16-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Այս գործընթացի կարեւոր խթան էր վերջին հայտարարությունը, որն արվեց եռանախագահող երկրների նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի կողմից` Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ: Եռանախագահների հետ համատեղ մենք պետք է շարունակենք ջանքերը այս բոլոր պայմանավորվածություններին համահունչ:

Երկիր Մեդիա Հեռուստաընկերություն. Հարցս ուղղված է տիկին Քլինթոնին: Ադրբեջանն իր սելեկտիվ մեկնաբանություններով հանդերձ մերժում է Մադրիդյան առաջարկների երեք կարեւորագույն սկզբունքներից երկուսը` ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները, եւ նաեւ լուրջ մտահոգության առարկա է Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները եւ մի շարք ապակայունացնող քայլեր, որոնք ակնհայտորեն ուղղված են բանակցային գործընթացը տապալելուն: Բաքու կատարած Ձեր այցի ընթացքում բարձրացվե՞լ են արդյոք այս հարցերը: Շնորհակալություն:

Պետքարտուղար Քլինթոն. Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը: Մենք ափսոսում ենք ուժի կիրառման հետեւանքով կյանքի կորստի հետ կապված: Դրանք 1994թ. զինադադարի պայմանագրի անընդունելի խախտումներ են: Եվ դա նաեւ հակասում է երկու կողմերի հայտարարված ցանկություններին:

Այսպիսով, մենք բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից քանի որ մենք, առաջին հերթին, չենք ցանկանում տեսնել զոհեր կամ վիրավորներ, չենք ցանկանում տեսնել անհատների կամ ընտանիքների հետագա տեղահանումներ եւ մենք չենք ցանկանում, որպեսզի վնաս հասցվի գործընթացին: Այսպիսով, իմ հայտարարությունը նույնն է բոլորի համար. Միացյալ Նահանգները դատապատում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:

Լուսիան Քիմ, Բլումբերգ Նյուզ: Տիկին պետքարտուղար, չնայած որ վերաբեռնավորումը շարունակում է հանգստացնել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները, Ռուսաստանը չի հրաժարվում իր համար առաջնային շահերի ոլորտներից, ինչը ներառում է Կովկասյան տարածաշրջանը:

Դուք հաճախ խոսում եք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների մասին: Բայց ինչպե՞ս դուք լուծում կգտնեք այնպիսի սուր հարցերում, ինչպիսիք են Ռուսաստանի ներկայությունը, այսպես կոչված, մոտ տարածքներում, մասնավորապես` Վրաստանում, որտեղ երկու տարի առաջ մենք ականատես դարձանք, թե ինչպես սառեցված հակամարտությունը դարձավ պատերազմ: Անկասկած, Մոսկվայում շատ մարդիկ կան, որոնք այնքան էլ խրախուսորեն չեն նայում Կովկասյան տարածաշրջան Ձեր այս այցին:

Պետքարտուղար Քլինթոն: Մենք պարզ կերպով հայտարարել ենք նախորդ 18 ամիսների ընթացքում, որ մենք ցանկանում ենք բարելավել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները եւ ես կարծում եմ, որ դրա վկայությունն է նոր ՌՍՎ պայմանագիրը, Իրանի միջուկային զենքերի ծրագրի դեմ նոր պատժամիջոցները, սերտացող համագործակցությունը Մինսկի գործընթացի շրջանակներում կամ Աֆղանստանում: Ես կարծում եմ կան բազմաթիվ վկայություններ, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը այժմ նոր ճանապարհներ են փնտրում ընդհանուր հող գտնելու համար: Բայց դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ամեն ինչի հետ: Չկան երկու պետություններ, որ համաձայնության գան ամեն ինչում: Մենք համաձայն չենք այն ամենի հետ ինչ կատարվել է Վրաստանում, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի` ռուսական ուժերի կողմից ներկայումս շարունակվող օկուպացիան: Եվ մենք այդ մասին ասել ենք, եւ ես եմ ասել ամենուր, ոչ միայն Կովկասում:

Սակայն մենք կարծում ենք, որ հնարավոր է ունենալ փոխըմբռնելի ընդհանուր օրակարգ, ինչը մենք անում ենք Ռուսաստանի հետ, առանց մեր հարաբերությունները սառեցնող անհամաձայնությունների : Մենք կարծում ենք, որ միայն Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերից չէ, որ բխում է վստահության կառուցումը եւ միմյանց միջեւ հավատի ստեղծումը:

Ակնհայտորեն, երբ Ուկրաինայում էինք, մենք տեսանք, որ Ուկրաինայի նոր կառավարությունը փորձում է հավասարակշռվել` փորձելով բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն միեւնույն ժամանակ փորձելով ինտեգրվել Եվրոպայի հետ եւ խորացնել Եվրո-Ատլանտյան դաշինքը Միացյալ Նահանգների հետ: Դա Ուկրաինայի ընտրության իրավունքն է: Նրանք սուվերեն պետություն են:

Վաղը ես կլինեմ Վրաստանում: Եվ Վրաստանը շարունակում է պաշտպանել իր շահերը, ինչպես իրենք են բնորոշում, եւ մենք ծափահարում ենք նրանց:
Այսպիսով, անսովոր չէ, երբ մենք ընդհանուր դաշտ ենք ունենում, ինչպիսին մենք ունենք Մինսկի գործընթացում, որտեղ մենք համանախագահներ ենք` փորձելով լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ մենք հարգանքով չենք համաձայնվի այն մտահոգություններին, ինչը տեղի ունեցավ Վրաստանում: Ես կարծում եմ, որ դա հասուն եւ անկեղծ հարաբերությունների նշան է: Եվ ես կարծում եմ, որ դա միայն աշխարհի այս անկյունում չէ, այլ ամբողջ աշխարհում, մարդիկ պետք է հասկանան, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը շարժվում են առաջ` չնայած շարունակվող տարաձայնություններին:

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս: Հարցս ուղղում եմ տիկին պետքարտուղարին: Տիկին պետքարտուղար, չնայած որ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ հարեւանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը Թուրքիայի տալիս է զրոյական արդյունք, այդուամենայնիվ, մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես արագ եւ արդյունավետ Թուրքիան լուծեց Իրանի միջուկային խնդիրը, ապաշրջափակեց Պաղեստինը, կայունացրեց Իրաքը եւ այս համատեքստում ինչպես եք գնահատում այն փաստը, որ Թուրքիան չի կատարում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պարտավորությունը, որն ի դեպ ստանձնել էր Ձեր ներկայությամբ: Շնորհակալություն:

Պետքարտուղար Քլինթոն: Միացյալ Նահանգներն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին` անցյալ տարվա հոկտեմբերին Ցյուրիխում հարաբերությունները կարգավորելու մասին պատմական արձանագրությունները ստորագրելու համար: Ես պատիվ ունեի ներկա գտնվելու այնտեղ, ձեր արտգործնախարարի հետ միասին: Եվ դա հեռատես ու խիզախ քայլ էր երկու երկրների ղեկավարների կողմից` փորձելու առաջ շարժվել դեպի հարաբերությունների լիակատար կարգավորում:

Մենք` Միացյալ Նահանգները, հավատում ենք, որ այս կարգի մոտեցումը կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կայունության ամրապնդմանը եւ էլ ավելի զարգացմանը` ավելի բաց սահմանների հիման վրա` ընդլայնելով առեւտուրը ու ներդրումները, որն էլ, վերջին հաշվով, մեծ առավելություն կհանդիսանա Հայաստանի համար:

Այնուամենայնիվ, ինչպես գիտեք, դա դեռ չի իրականացվել: Եվ այդ ճանապարհին կային խնդիրներ եւ խոչընդոտներ: Ես շատ ուրախ էի, երբ նախագահ Սարգսյանը, չնայած Թուրքիայից եկող խնդիրներին, հայտարարեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կարգավորումը, բայց կդադարեցնի իր ջանքերը մինչեւ Թուրքիան պատրաստ կլինի շարժվել առաջ: Մենք ողջունեցինք ձեր նախագահի որոշումը, որովհետեւ դա խաղաղության, կայունության եւ հաշտեցման ուղղությամբ աշխատելու որոշում էր` չնայած խոչընդոտներին:

Եվ մենք կոչ ենք անում Թուրքիային` ձեռնարկել այն քայլերը, որ նա խոստացել էր ձեռնարկել, ու երկու կողմերին` շարունակել փորձել գտնել հնարավորություն` բացելու հաշտեցման եւ կարգավորման դուռը: Բայց Հայաստանի որոշումը անցյալ ապրիլին պետականամետ եւ շատ տպավորիչ էր: Իսկ հիմա, ինչպես ասվում է սպորտում, գնդակը մյուս կիսադաշտում է:

Էդվարդ Նալբանդյան: Ես կցանկանայի օգտագործել այս առիթը` շնորհակալություն հայտնելու համար Միացյալ Նահանգներին, նաեւ պետքարտուղարին իր անձնական ջանքերի համար, այն մեծ աջակցության որ ցուցաբերվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացին: Մենք համամիտ ենք Միացյալ Նահանգների հետ, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների, հարգել պայմանավորվածությունները, եւ մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ, երբ որ Անկարան եւս նորից պատրաստ կլինի շարժվել առաջ, կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների:

Պետքարտուղար Քլինթոն: Շնորհակալություն:
Տպել էջը