Հայաստանի ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու համատեղ մամուլի ասուլիսը

14 հուլիսի, 2010

Էդվարդ Նալբանդյան. Բարեւ Ձեզ, ես ուրախ եմ ողջունել իմ լեհ գործընկերոջը, պարոն Ռադոսլավ Սիկորսկուն, որը գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Ես վստահ եմ, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ խորացմանը: Մենք մեծ ներուժ ունենք երկու երկրների հարաբերությունները զարգացնելու իմաստով եւ վստահ եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի:
\n
\nՎերջին շրջանում ակտիվացել են շփումները երկու երկրների միջեւ: Մարտին մենք Հայաստանում ընդունեցինք Լեհաստանի վարչապետ պարոն Դոնալդ Տուսկին: Մի քանի շաբաթ առաջ այստեղ էր գտնվում տարանցիկ այցով Բրոնիսլավ Կոմորովսկին, որը նախագահական թեկնածու էր, իսկ այսօր արդեն Լեհաստանի ընտրված նախագահն է: Պարոն Սիկորսկու այցելությունը պատասխան այցելություն է անցյալ տարվա սկզբին Վարշավա կատարած իմ այցելությանը, եւ այդ այցելությունից հետո մենք օգտագործել ենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք ընձեռնվել են միջազգային կոնֆերանսների եւ հավաքների ժամանակ, որպեսզի հանդիպենք եւ մտքեր փոխանակենք: Ուրախ եմ, որ պարոն Սիկորսկու այցելությանը զուգահեռ երեկ Երեւանում կայացել է միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Կարեւոր է, որ երկու մայրաքաղաքների միջեւ ուղիղ չվերթ է բացվել, որը Արմավիա եւ Լոթ ավիաընկերություններն են իրականացնելու: Մեր երկու երկրների միջեւ առկա է լուրջ իրավապայմանագրային դաշտ: Այս ամենը իհարկե կարեւոր հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների առավել զարգացման համար: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային տարբեր հարցեր, եւ բանակցությունները կշարունակվեն այսօր երեկոյան եւ վաղը` աշխատանքային ճաշի ընթացքում: Քննարկել ենք նաեւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունները, կովկասյան տարածաշրջանին վերաբերվող հարցեր: Պարոն Սիկորսկին նաեւ հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ վարչապետի հետ: Խնդրեմ, Պարոն Սիկորսկի:
\n
\nՌադոսլավ Սիկորսկի. Շնորհակալություն եմ ուզում հայտնել: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում: Այն ինչ ասաց պարոն Նալբանդյանը, ցանկանում եմ հաստատել: Այդ ամենը բխում է բազմադարյա մեր լեհ-հայկական բարեկամական հարաբերություններից: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը անդամակցում է Արեւելյան Գործընկերության ծրագրին, որի նախաձեռնողը Լեհաստանն էր, եւ դա շատ ուրախալի փաստ է: Ուզում եմ ողջունել նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններում ակտիվությունը: Լեհաստանը կաջակցի Հայաստանին տարբեր հարցերում, մասնավորապես արտոնագրային ռեժիմի դյուրացման, իսկ հետագայում նաեւ արտոնագրային ռեժիմի հանման հարցերում, եթե իհարկե Հայաստանը որոշ տեխնիկական պահանջներ բավարարի:
\n
\nՄեր հարաբերություններում ոչ մի վիճարկելի խնդիրներ չունենք եւ ընդհակառակը ունենք շատ գործ անելու, որպեսզի մեր հարաբերությունները ավելի սերտացնենք եւ խորացնենք տնտեսական բնագավառում: Շատ կարեւորում եմ, ինչպես նախարար Նալբանդյանը նշեց, Լեհաստան-Հայաստան անմիջական օդային կապը, բոլորին հրավիրում եմ Լեհաստան այց կատարելու, եւ ես ինքս էլ կդրդեմ լեհերին այց կատարել Հայաստան: Լեհաստանի բազմաթիվ ձեռնարկատերեր իրենց առաջարկները ներկայացրել են Հայաստան եւ կարծում եմ, որ դրանք կընդունվեն հայկական կողմից եւ կկարողանան լեհ ձեռնարկատերերի հետ սերտ համագործակցել: Ուզում եմ ողջունել նաեւ այն փաստը, որ Հայաստանը պրագմատիկ դիրք է գրավել հայ-թուրքական հարաբերությունների խնդրի լուծման ճանապարհին եւ կարծում եմ, որ ներկա իրավիճակը կփոխվի: Որքանով տեղյակ եք Լեհաստանը նաեւ ԵԱՀԿ-ի կապող օղակն է, եւ այն ամեն ինչ կանի, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար:
\n
\nԵկատերինա Պողոսյան ,Panarmenian.net. Հարցը Լեհաստանի արտգործնախարարին: Ինչպես է Լեհաստանը վերաբերվում Եվրամիության հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից Ադրբեջանի ռազմական հռետորությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեհաստանն է նախաձեռնել այդ ծրագիրը:
\n
\nՌադոսլավ Սիկորսկի. Խնդրում եմ հաշվի առեք այն փաստը, որ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունները ունեն երկկողմանի խնդիրներ եւ դա չի նշանակում, որ նրանք պետք է լուծեն իրենց երկկողմ խնդիրները ծրագրի շրջանակում: Ինչքան շատ երկրներ ընդգրկված լինեն արեւելյան գործընկերության ծրագրում այդքան հեշտ կլինի իրենց միջեւ եղած այդ խնդիրները լուծել:
\n
\nԵկատերինա Պողոսյան ,Panarmenian.net. Հարցը պարոն Նալբանդյանին: Պարոն նախարար, ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ալմաթիում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ: Կխնդրեի Ձեզ ասել, Դուք հաստատում եք այդ տեղեկատվությունը թե հերքում եւ եթե հաստատում եք, կարող եք ներկայացնել թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպմանը, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը նշել է, որ հանդիպմանը հավանաբար կքննարկվեն Ֆիզուլիի եւ Քելբաջարի շրջանների հարցերը:
\n
\nԷդվարդ Նալբանդյան. Այդպիսի հանդիպում հնարավոր է, եւ այս պահին եռանախագահները փորձում են կազմակերպել այդ հանդիպումը: Բայց դա վերջնական հաստատված չէ: Եթե այդպիսի հանդիպում կայանա, առաջին հերթին պետք է պարզել արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում: Դա է Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման հիմնական խնդիրը: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է:
\n
\nԼեհական հեռուստաընկերություն. Երկու հարց երկու նախարարներին. Նախարար Սիկորսկին նշեց, որ Լեհաստանը կարող է քայլեր ձեռնարկել` արտոնագրային ռեժիմի հեշտացման, իսկ այնուհետեւ միգուցե այն ընդհանրապես հանելու: Արդյոք հայկական կողմը պատրաստ է լեհերին նույնպես աջակցելու` հեշտացնելու արտոնագրային կարգը կամ հետագայում ընդհանրապես ազատելու արտոնագրից: Հաշվի առնելով տնտեսական զարգացման աճը` Դուք կարող եք արդյոք ասել, պարոն նախարար, հայկական կողմը պատրաստ կլինի աջակցելու լեհական քաղաքացիներին` ազատելու արտոնագրային ռեժիմից:
\n
\nՌադոսլավ Սիկորսկի. Արտոնագիր ասելով` պետք է հիշեցնեմ, որ խոսքը գնում է երկու տեսակի արտոնագրերի մասին` շենգեն արտոնագրերը եւ ազգային` կոնկրետ Լեհաստանի համար արտոնագրերը: Պետք է ասեմ, որ շենգենյան արտոնագրերի տրամադրման հեշտացման կարգը մի քիչ ավելի բարդ է, քան ազգայինը, որովհետեւ այն պայմանագրով հաստատված է, եւ Եվրոմիության երկրների համատեղ համաձայնության հիման վրա դա պետք է տեղի ունենա: Իսկ մյուս տեսակի արտոնագրերի խնդիրը մենք քննարկեցինք նախարար Նալբանդյանի հետ. խոսքը գնում է ազգային` լեհական արտոնագրերի մասին, որոնց գները, ինչպես մենք արդեն Ուկրաինայի հետ փորձ ունենք, կփորձենք նվազագույնի իջեցնել, եւ դա արագ տեղի կունենա. մոտ օրերս մենք կփորձենք ուսումնասիրել իրավական կողմը եւ շատ արագ այդ հարցը կլուծենք` հաշվի առնելով այն փաստը, որ ուղիղ չվերթ արդեն գոյություն ունի, եւ դա ավելի դյուրին կդարձնի տնտեսական համագործակցության բոլոր տեսակները :
\n
\nԷդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Հայաստանին` այո, Հայաստանը շահագրգիռ է եւ պատրաստ է Լեհաստանի եւ Եվրոմիության այլ երկրների հետ քայլեր ձեռնարկել արտոնագրային ռեժիմը դյուրացնելու համար: Եվ որպես առաջին քայլ այսօր իմ լեհ գործընկերոջ հետ մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք դյուրացնել արտոնագրային ռեժիմը Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ:
\n
\nԱլլա Սերոբյան, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Պարոն Նալբանդյան, հարցերս Ձեզ եմ ուղղում: Ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հերթական միակողմանի բանաձեւն է շրջանառության մեջ դրել: Արդյոք դա կարող է որեւէ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա ըստ Ձեզ:
\n
\nԷդվարդ Նալբանդյան. Բացասական ազդեցություն կարող է ունենալ: Եվ ես կարծում եմ, որ այդպես են մտածում նաեւ բոլոր այն երկրները, որոնք աջակցում են կողմերին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
\n
\nԱլլա Սերոբյան, Հայաստանի Հանրապետություն օրաթերթ
. Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն շարունակում է հերքել սանկտպետերբուրգյան առաջարկների մասին` խոսելով բացառապես, այսպես կոչված, դեկտեմբերյան տարբերակի վերաբերյալ: Ինչ կասեք այդ կապակցությամբ: Շնորհակալություն:
\n
\nԷդվարդ Նալբանդյան. Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերին ներկայացված առաջարկը. Ադրբեջանը մերժել էր 2001թ. Փարիզյան սկզբունքները, որոնք թղթին էին հանձվել Կի-Վեստում, երկար ժամանակ մերժում էր 2007թ. նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի գոյությունն անգամ, այսօր մերժում է նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ դիպուկահարներին շփման գծից դուրս բերման ԵԱՀԿ կողմից արված առաջարկները, ինչպես նաեւ` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու Հայաստանի առաջարկը: Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են մի շարք աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Երբ Ադրբեջանը հայտատարեց, որ կարող է ընդունել 2009թ. դեկտեմբերյան աշխատանքային առաջարկը` բայց որոշ բացառություններով, պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունված մասը: Հետո, ինչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել այն: 2010թ. Սոչիում ՌԴ Նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին`շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ, եւ նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը: 2010 թ. փետրվար-հունիս ամիսներին քննարկվել են մի շարք աշխատանքային առաջարկներ` մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացվեց Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, եւ համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բանակցությունները հենց այդ տարբերակի հիման վրա: Ալմաթիում կայանալիք հնարավոր հանդիպման գլխավոր հարցը պետք է լինի արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է հարգել պայմանավորվածությունները, թե՞ վերստին մերժում է ինչպես բազմիցս արել է նախկինում:

Տպել էջը