ՀՀ ԱԳ նախարարի խոսքը եւ պատասխանները հարցերին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

11 փետրվարի, 2011

Հարգելի լրագրողներ,

\n

Հենց նոր մենք Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

\n

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց այն դրական դինամիկան, որը գրանցվել էր հայ-ուկրաինական փոխհարաբերություններում 2010 թվականին: Նշվեց, որ ներկայումս կան փոխադարձ ցանկություն եւ բոլոր հնարավորությունները մեր երկրների միջեւ համագործակցությունը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

\n

Մեր հանդիպման արդյունքում, որը վերջին ամիսներին արդեն թվով երրորդն է, ստորագրվեց երկու փաստաթուղթ` 2011-2012 թվականներին հայ-ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը:

\n

Հայ-ուկրաինական համագործակցության ծրագրում նշված են այն հիմնական միջոցառումները, որոնք կիրականացվեն երկկողմ հարթությունում 2011-2012 թվականներին:

\n

Համաձայնեցված գործողությունների համաձայնեցված այդ հաջորդականությունը, մեր կարծիքով, կարեւոր խթան կարող է հանդիսանալ հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների զարգացման համար, որակապես կբարձրացնի մեր երկկողմ փոխգործակցության գործող մեխանիզմների արդյունավետությունը, ներառյալ նաեւ այն ոլորտներում, որտեղ մենք միասին բավական բան ունենք անելու:

\n

Մեր կողմից նաեւ քննարկվեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության կոնկրետ ուղղությունները:

\n

Այս հարցում առաջնորդվում ենք նրանով, որ փոխադարձ աջակցության հիման վրա միջազգային ասպարեզում համագործակցության եւ արդյունավետության մակարդակի բարձրացումը բխում է մեր ընդհանուր շահերից:

\n

Զրուցեցինք տարածաշրջանային հարցերի եւ Հարավային Կովկասում իրավիճակի մասին:

\n

Մեր քննարկման առանձին թեմա դարձավ Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության շրջանակներում համագործակցության թեման, որի նախագահությունը 2013-ին կանցնի Ուկրաինային: Այդ համատեքստում կարեւոր է, որ փոխգործակցությունը համահունչ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերաբերյալ այն շարունակական դիրքորոշմանը, որն արտահայտված է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ ընդհանրապես ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպումներին Հելսինկիում, Աթենքում եւ Ալմաթիում, ինչպես նաեւ Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթաժողովին:

\n

Մենք նաեւ մանրամասնորեն անդրադարձանք մեր առեւտրա-տնտեսական հարաբերություններին, ընդգծեցինք տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի կանոնակարգված գործունեության կարեւորությունը, քննարկեցինք ապակենտրոնացված համագործակցության, առանձին տնտեսվարող սուբյեկտների միջեւ կապերիի զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, մշակութային փոխանակումների ակտիվացման հարցեր:

\n

Մենք նաեւ անցկացրեցինք իրավապայմանագրային դաշտի հաշվագրում: Երկու երկրների միջեւ կան մոտ յոթանասուն միջկառավարական, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրեր: Այժմ մենք նախապատրաստում ենք Հայաստանի Նախագահի այցը Ուկրաինա, որը կկայանա 2011 թվականի առաջին կիսամյակում, եւ մենք պայմանավորվեցինք պատրաստել մի շարք երկկողմ փաստաթղթեր այդ այցի ընթացքում ստորագրվելու համար:

\n

Ինչպես տեսնում եք, առկա է ուղղությունների բավական լայն շրջանակ, որոնցով մենք մտադիր ենք ընդլայնել մեր փոխգործակցությունը: Այդ առումով, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք պարբերական բնույթ տալ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվություններին:

\n

Թերեւս, ես այսքանով կսահմանափակվեմ եւ խոսքը կփոխանցեմ Կոնստանտին Իվանովիչին:
\nԽնդրեմ:

\n

Հարց: Պարոն նախարար, երկու օր առաջ Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց հրապարակեց ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի մասին: Վերլուծաբանների կարծիքով զեկույցը կրում է կողմնակալ բնույթ: Արդյոք Դուք ծանոթ եք այդ զեկույցի բովանդակությանը եւ ինչ մեկնաբանություններ ունեք այդ կապակցությամբ:

\n

Պատասխան: Ես ծանոթ եմ զեկույցին: Զեկույցի հեղինակներն այն ներկայացնում են` որպես փորձագիտական կարծիք: Ինչպես ինքներդ եք հասկանում, տարբեր փորձագետներ միեւնույն հարցի շուրջ տարբեր կարծիքներ կարող են ունենալ: Եւ ոչ միշտ է, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը: Խորհուրդներ կամ գնահատականներ տալուց, կանխատեսումներ անելուց առաջ առաջին հերթին պետք է փորձել կրակին յուղ չլցնել: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ փորձագետներ կարելի է համարել առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք քաջատեղյակ են բանակցային գործընթացի զարգացումներին եւ ներկա վիճակին: Այդ պատճառով, փորձագիտական գնահատականների եւ կանխատեսումների տեսակետից, պետք է լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը:

\n

Հարց: Ես հարց ունեմ Ուկրաինայի արտգործնախարարին. պարոն Գրիշչենկո, անցյալ տարի Ուկրաինան դիմել էր ԱՀԿ` ակցիզային հարկերի հարցով, Դուք գիտեք ակցիզային հարկերը կիրառվում են ծխախոտի եւ օղու նկատմամբ: Ես կցանկանայի ճշտել` ինչու է Ուկրաինան այդ հարցը երկկողմանի հարաբերություններից փոխադրել արդեն ԱՀԿ: Հայաստանն արդեն լրամշակումներ է մտցրել հարկերի մասին օրենքում: Ես կուզեի իմանալ` որքանով դա կբավարարի ուկրաինական կողմին, եւ արդյոք հարցը լուծված է, թե ոչ: Եթե պարոն Նալբանդյանն ավելացնելու բան ունենա:

\n

Պատասխան: Ես միայն կարող եմ ավելացնել, որ այդ հարցում համապատասխան շփումներ են ընթանում հայկական եւ ուկրաինական գործընկերների միջեւ, եւ, որքանով ինձ է հայտնի, մենք մոտ ենք այնպիսի լուծումների, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ` երկու երկրներում գոյություն ունեցող կարգավորիչ մեխանիզմների շրջանակներում:

\n

Հարց: ԵԽԽՎ-ն այդ կառույցի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի ջանքերով իր վերջին Բյուրոյի ժամանակ վերականգնեց ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող կոմիտեն: Ինչու է Ադրբեջանն այդչափ հետաքրքրված այդ կառույցի վերականգնմամբ, իսկ Հայաստանը` ոչ:

\n

Պատասխան: Պատճառը շատ պարզ է: Սա եւս մի ապացույց է, որ Ադրբեջանն ավելի շահագրգռված է ղարաբաղյան հիմնահարցի քննարկումը տեղափոխել այլ ձեւաչափեր, եւ ոչ թե շարունակել բանակցությունները այն ձեւաչափում, որն օժտված է միջազգային մանդատով եւ գոյություն ունի արդեն երկար տարիներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով հասնել հակամարտության լուծմանը: 

\n

Բաքուն փորձում է իր ներքին քարոզչությունը փոխադրել արտաքին թատերաբեմ, աղմուկ բարձրացնել հակամարտության շուրջ, այլ ոչ թե գնալ հիմնախնդրի կարգավորմանը: ԵԽԽՎ-ի այդ կոմիտեն իր նախկին գործունեությամբ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսանկյունից առանձնակի արդյունավետություն եւ օգտակարություն չի ցուցաբերել:

\n

Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշումն այն է, որն այդ կապակցությամբ արտահայտել են մեր խորհրդարանականները, ինչպես նաեւ, արտաքին գործերի նախարարությունը` ի տարբերություն Ադրբեջանի դիրքորոշման: Մեր մոտեցումների տարբերությունը հենց դրանում է: 

Տպել էջը