ՀՀ ԱԳ նախարարի խոսքը Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

17 փետրվարի, 2011

Հարգելի լրագրողներ,

Ուրախ եմ ողջունել Երեւանում, իմ չինացի գործընկերոջը` արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին:

Չինաստանի արտգործնախարարի այցն անշուշտ վկայում է մեր երկրների միջեւ ակտիվ զարգացում ապրող հարաբերությունների մասին, ինչը նշանավորվեց անցյալ տարի Հանրապետության Նախագահի Չինաստան կատարած այցելությամբ եւ հանդիպումով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինտաոյի հետ: Անցյալ տարի Չինաստան այցելեց նաեւ Հայաստանի վարչապետը:

Օգտվելով առիթից կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել Յան Ձիեչիին, այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց 2009 թ. իմ Չինաստան կատարած պաշտոնական այցելության ժամանակ:

Մենք երկուստեք կարեւորեցինք երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումների պարբերական բնույթը եւ համոզմունք հայտնեցինք, որ դրանք նոր թափ կհաղորդեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Անկասկած կանոնավոր քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը:
Մենք այսօր քննարկեցինք երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, համագործակցության գոյություն ունեցող ոլորտներն առավել ընդլայնելու եւ նորերն ընդգրկելու հնարավորությունները:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցերին:

Երկկողմ տնտեսական կապերի զարգացման կարեւոր վկայություն է Չինաստանի Շանսի նահանգում Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ հայ-չինական "Շանսի Նաիրիտ" համատեղ ձեռնարկության գործարկումը, Հայաստանում Չինաստանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերը` ՀԷԿ-երի կառուցումը, հեռահաղորդակցության բնագավառում համագործակցությունը:

Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը շարունակական տեխնիկական աջակցության համար, որի շնորհիվ միայն այս տարի կտրամադրվեն մոտ ութ տասնյակ շտապ օգնության մեքենաներ, հետագայում` նաեւ ավտոբուսներ:
Նախարար Յանի հետ անդրադարձանք նաեւ համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության եւ այլ բնագավառներում փոխգործակցության խթանման հարցերին:

Կարծում եմ, որ օրերս ՀՀ կառավարության կողմից Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ ընդունած որոշումը նոր թափ կհաղորդի գործարար, մշակութային եւ կրթական փոխանակումներին:

Նախարար Յանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք Հայաստանի եւ Չինաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ կատարեց նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերին: Խոսեցինք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը մեզ համար կարեւոր հարցերում: Հայաստանն, ին հերթին, վերահաստատում է "Մեկ Չինաստանի" վերաբերյալ իր ավանդական դիրքորոշումը:

Կրկին անգամ ցանկանում եմ ողջունել Չինաստանի արտգործնախարարի այցելությունը Հայաստան, որն համոզված եմ նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում մեր բարեկամ երկրների փոխգործակցության առավել խորացմանը: 

Տպել էջը