ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրատվամիջոցների հարցերին Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

29 ապրիլի, 2011

Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ ջերմորեն ողջունել Երեւան ժամանած ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:

Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում բարեփոխումները, նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը: Արեւելյան գործընկերության մեկնարկը, հավելյալ խթան է հաղորդում մեր հարաբերություններին;

Մենք այսօր անդրադարձանք Ասոցացման համաձայնագրի բանակցություններին: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն փակվել են բանակցությունների 16 գլուխներ:

Հանձնակատար Ֆյուլեի հետ ընդգծեցինք Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման կարեւորությունը եւ նշեցինք, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի համար: Հայաստանը սպասում է ԵՄ հետագա քայլերին:

Քայլեր են ձեռնարկվում նաեւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար:

Պարոն Ֆյուլեի հետ քննարկեցինք տարածաշրջանային խնդիրներ, արցախյան հիմնախնդիրը: Այստեղ մենք համամիտ ենք Եվրոմիության հետ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում`ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա եւ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:

Ամփոփելով եւս մեկ անգամ նշեմ, որ մեր համագործակցությունը հաջող ընթացքի մեջ է, եւ վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհաղորդի մեր հարաբերություններին:

Խնդրեմ, պարոն Ֆյուլե:

(Ի հավելումն Շտեֆան Ֆյուլեի խոսքի) Մինչեւ հարցերին անցնելը, ես կցանկանայի ավելացնել, որ երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ զինվորական է սպանվել՝ Վազգեն Բախշյանը: Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին: Իհարկե, այդ կարգի սպանությունները, սադրանքները շփման գծում որեւէ ձեւով չեն նպաստում բանակցային գործընթացին: Սոչիում կարեւոր որոշում ընդունվեց՝ շփման գծում այդ կարգի սադրանքների, պատահարների հետաքննության անցկացնելու համապատասխան մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, եւ հուսով ենք, որ այդ մեխանիզմը նաեւ կարեւոր գործիք կհանդիսանա նման կարգի միջադեպերը կանխարգելելու համար, ինչը նպաստավոր կլինի բանակցային գործընթացի շարունակման համար: Վերջին բանակցությունները որոշ հույս են ներշնչում խաղաղ կարգավորման առաջընթացի համար:

Հարց. Պարոն նախարար, վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական իշխանություններն արգելել են այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն: Ի՞նչպես կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այդ քայլը:

Պատասխան. Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն պատճառով արդեն վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան: Մենք դեռ 2005-ին ականատես եղանք, եւ ոչ միայն մենք` ամբողջ միջազգային հանրությունը` ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը, եւ ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաեւ փորձում են որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում: Եւ հետո ի՞նչ են ասելու. ասելո՞ւ են, որ Նոյի թվից Նախիջեւանը մեր պապական տարածքն է եղել, բայց ո՞վ է հավատալու. անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին:

Հարց. Պարոն նախարար, վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին Թուրքիայի արտգործնախարարը տվել էր հարցազրույց, որտեղ անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին եւ հայտնել էր Թուրքիայի պատրաստակամությունը կարգավորելու այդ հարաբերությունները: Արդյոք սա ինչ-որ ազդակ է Թուրքիայի կողմից Երեւանին:

Պատասխան. Ցավոք չեմ կարծում, որ այն որեւէ դրական ազդակ է պարունակում: Բացի այն լոլոից, որ տեղ է գտել այդ հարցազրույցում ուղղակի եւ անուղղակի ձեւով նորից հնչեցվում են նախապայմաններ՝ արձանագրությունների վավերացման համար: Դրանով իսկ Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաեւ հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի տեսակետին՝ առանց նախապայմանների վավերացնել եւ իրականացնել արձանագրությունները: Այսպիսի մոտեցմամբ ո՞ւր կարելի է գնալ կամ ո՞ւր կարելի է հասնել: Չեմ կարծում, որ այսպիսի դիրքորոշմամբ որեւէ տեղ կարելի է հասնել:

Տպել էջը