ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրատվամիջոցների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

06 հուլիսի, 2011

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրատվամիջոցների հարցերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում


Շնորհակալություն: Նախեւառաջ կցանկանայի երախտագիտություն հայտնել Սերգեյ Վիկտորի Լավրովին հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Մենք, իսկապես, բավականին պարբերաբար եւ հաճախ ենք հանդիպում: Պարբերական հանդիպումներ են տեղի ունենում նաեւ մեր պետությունների ղեկավարների միջեւ. վերջին երեք տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների միջեւ տեղի են ունեցել շուրջ երեք տասնյակ հանդիպումներ: Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք քննարկելու ոչ միայն երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այլ նաեւ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Մենք նշեցինք, որ այդ պայմանավորվածությունները իրականացվում են ամբողջապես, հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ հարստանում նոր բովանդակությամբ:

Մենք այսօր իրականացրեցինք մեր իրավապայմանագրային դաշտի ինվենտարիզացիա: Իսկ մենք ունենք երկկողմ հարաբերությունների բավականին ամուր իրավապայմանագրային հենք` շուրջ երկու հարյուր համաձայնագիր: Դրանցից ոմանք թարմացման կարիք ունեն:

Մենք նախապատրաստում ենք նաեւ նոր համաձայնագրերի նախագծեր բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում ստորագրելու համար:

Բանակցությունների ընթացքում մենք անդրադարձանք նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ռազմաքաղաքական ոլորտին: Շատ կարեւոր է, որ այսօր տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման մասին թիվ 5 արձանագրության վավերացման փաստաթղթերի փոխանակում: Այդ արձանագրությունը ստորագրվել էր Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւի Երեւան պետական այցի ընթացքում: Բավականին ոչ երկար, ես կասեի` անգամ կարճ ժամանակահատվածում իշխանության ոչ միայն գործադիր, այլ նաեւ օրենսդիր ճյուղերը շատ ներդաշնակորեն գործեցին, եւ այսօր մենք արդեն իսկ փոխանակում ենք վավերացման փաստաթղթերը: Եվ այսօրվանից արձանագրությունը մտնում է ուժի մեջ:

Մենք քննարկել ենք արտաքին քաղաքական գործունեության համադրման ուղղությամբ տարվող շատ հաջող համատեղ աշխատանքը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունները իրականացվում են դեռեւս 1992թ. ստորագրված խորհրդատվությունների վերաբերյալ արձանագրության հիման վրա: Արդեն 20 տարի է անցել, մենք պայմանավորվել ենք թարմացնել այդ փաստաթուղթը, քանի որ շահագրգռված ենք միջազգային բեմահարթակում մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների առավել մեծ փոխգործակցությամբ:

Մենք անդրադարձել ենք մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական կողմին:

Տնտեսական ոլորտը դա լուրջ փոխշահավետ նախագծեր են, որոնք իրականացվում են, եւ նախատեսվում են նորերը: Բառացիորեն վաղը Դոնի Ռոստովում կայանալու է միջկառավական հանձնաժողովի նիստը, որը քննարկելու է նոր նախագծեր: Դա եւ տրանսպորտի, եւ էներգետիկայի, եւ հաղորդակցության ու կապի, եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Մեր տնտեսական հարաբերությունների ծավալը եւ խորությունը բավականին մեծ է: Հայաստանի տարածքում ռուսաստանյան կապիտալով գործում են մոտ մեկուկես հազար ձեռնարկություններ: Հայաստանում ռուսաստանյան ներդրումների ծավալը հասել է գրեթե երեք միլիարդ դոլարի: Մեզ մոտ լավ է ընթանում նաեւ միջտարածաշրջանային համագործակցությունը: Ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել միջտարածաշրջանային համագործակցության առաջին ֆորումը: Բավականին հաջող ֆորում է:

Իհարկե, մենք անդրադարձել ենք եւ դեռեւս կշարունակենք քննարկումները մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ, առաջին հերթին, մեր տարածաշրջանի շուրջ: Հատուկ ուշադրություն է դարձվել արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ քննարկումներին: Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի դերակատարությունը` որպես Մինսկի խմբի համանախագահի, Նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդեւի անձնական ներդրումը եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովի ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ իմ հերթին հրավիրել Սերգեյ Վիկտորի Լավրովին պաշտոնական այցով այցելել Հայաստան:

Հարց. Ձեր կարծիքով, որքանով է արդյունավետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Չեք նախատեսում փոխել այն: Եթե այո, ապա ինչով փոխարինել: Դիտարկվում է արդյոք դրանում տարածաշրջանային այնպիսի երկրների մասնակցությունը, ինչպիսին են Թուրքիան կամ Իրանը:

Պատասխան. Իմ կողմից ես կցանկանայի միայն հավելել, որ իհարկե Մինսկի խումբը եւ հատկապես եռանախագահության ձեւաչափը բավականին արդյունավետ ձեւաչափ է: Այդ ձեւաչափում կուտակվել է բանակցային մեծ փորձ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Եվ գործընթացն այլ ձեւաչափ տեղափոխելու փորձերը իմաստ չունեն: Ինձ դուր եկավ Սերգեյ Լավրովի արտահայտությունը, որ այդ փորձերը «ետին մտքեր ունեն»: Կարծում եմ` հենց այդպես է: Քննարկումները տարբեր խորհրդարանական վեհաժողովներ կամ անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա տեղափոխելու փորձերը անիմաստ են: Ընդհանուր առմամբ, որեւէ խորհրդարանական վեհաժողովում, անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում որեւէ հակամարտություն չի լուծվել: Անհրաժեշտություն չկա փոխելու գոյություն ունեցող ձեւաչափը: Մենք կիսում ենք համանախագահների այն տեսակետը, որ պետք է շարունակել հենց գոյություն ունեցող ձեւաչափերով, որը բավականին արդյունավետ է բանակցային գործընթացի համար:
 

Տպել էջը