ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը լրագրողի հարցին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ համատեղ ճեպազրույցին

07 սեպտեմբերի, 2011

Բարեւ ձեզ:

Ես կցանկանայի ողջունել պարոն Ֆիլիպ Լեֆորին Երեւանում, որն օգոստոսի 26-ին նշանակվել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ. փաստորեն իր վրա դրվել է երկու մանդատ՝ պարոն Պիեռ Մորելի, որը զբաղվում էր Վրաստանի ճգնաժամով եւ մասամբ այն մանդատը, որն ուներ պարոն Պիտեր Սեմնեբին:

Ֆիլիպ Լեֆորն իր մանդատը սկսել է սեպտեմբերի մեկից եւ մեկ շաբաթ անց ժամանել է տարածաշրջան եւ այսօր Երեւանում է: Այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ես կցանկանայի ջերմորեն շնորհավորել պարոն Լեֆորին: Նա բավական մեծ փորձառություն ունի եւ քաջատեղյակ է մեր տարածաշրջանի զարգացումներին, որովհետեւ նախկինում նա եղել է Ֆրանսիայի ԱԳՆ Ցամաքային Եվրոպայի վարչության պետ եւ երեք ամիս առաջ էր այստեղ գտնվում հենց այդ կարգավիճակում:
Այսօր` մեր հանդիպման ժամանակ, մենք օգտագործեցինք այս առիթը, որպեսզի քննարկենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք լավ զարգացում են գրանցել վերջին տարիների ընթացքում:

Մենք կարեւորեցինք Արեւելյան գործընկերության` Վարշավայում կայանալիք գագաթաժողովը: Անդրադարձանք այն բանակցություններին, որոնք վարվում են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Այստեղ մենք բավական առաջընթաց ենք արձանագրել. նաեւ խորը համապարփակ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներում: Հուսով եմ, որ մենք համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը կկատարենք, որպեսզի սկսենք այդ բանակցությունները: Վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մանդատը կարծում եմ կտրվի մինչեւ Վարշավայի գագաթաժողովը եւ վստահ եմ, որ շատ արագ ձեւով մենք կգանք պայմանավորվածության այս հարցում ` նպատակ ունենալով ապագայում լիբեռալիզացնել, այսինքն ապագայում վերացնել վիզաները ԵՄ եւ Հայաստանի միջեւ:

Մենք անդրադարձանք նաեւ տարածաշրջանային հարցերի` հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Ես ողջունեցի ԵՄ ցանկությունն առավել կարեւոր դեր խաղալ՝ աջակցելու այն ձեւաչափին, որն արդեն գոյություն ունի բանակցային գործընթացում, այսինքն Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատատակով: ԵՄ-ն բազմիցս հայտարարություն է արել, եւ մենք համամիտ ենք այն հարցում, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի: Դովիլի հայտարարության մեջ, նաեւ բազմիցս ԵՄ պաշտոնյաների կողմից ասվել է, որ ուժի կիրառման փորձերը կամ սպառնալիքները դատապարտելի են միջազգային հանրության կողմից:

Սա երկու խոսքով ինչի մասին այսօր խոսել էինք, բայց մենք շարունակելու ենք մեր բանակցությունները նաեւ աշխատանքային ճաշի ընթացքում:

Հարց. Պարոն նախարար, առաջիկայում սպասվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկրների ընտրությունները , եւ թեկնածուների ցուցակում է նաեւ Ադրբեջանը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան. Դուք գիտեք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գլխավոր նպատակը եւ խնդիրը խաղաղության հաստատումն է, պահպանումը եւ ամրապնդումը: Շատերի մոտ հարցեր են ծագում, թե մի երկիր, որն իր ռազմատենչ քաղաքականությամբ, իր պատերազմի քարոզչությամբ, մի երկիր, որի ղեկավարությունը պարծենում է, որ 6 տարում 20 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, մի երկիր, որն ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականության կարեւոր մաս եւ փաստորեն սպառնում է հենց խաղաղությանը, ինչպես կարող է հավակնել Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալ:

Այլ հարցեր էլ են ծագում, օրինակ`Ադրբեջանը, որը բանակցություններ է վարում Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքման վերաբերյալ եւ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու արշավում պայքարում է, դեմ է դուրս եկել Եվրոմիության երկու անդամ երկրների դեմ` Սլովենիայի եւ Հունգարիայի` ասելով, որ Եվրոմիության անդամները չեն կարող ավելի լավ կատարել այն, ինչ Ադրբեջանը կարող է կատարել:

Այս կապակցությամբ շատ հարցեր կարող են ծագել, բայց անդամ երկրների պատասխանատվության հարցն է. արդյոք իրենց ձայնը կտան Ադրբեջանին, թե՝ ոչ: Բայց մեկ բան հստակ է, որ Անվտանգության խորհրդի հեղինակությանը սա որեւէ բան չի ավելացնի, կարծում եմ՝ հակառակը:

Շնորհակալություն:

Տպել էջը