ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը լրագրողի հարցին Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամլո ասուլսին
08 նոյեմբերի, 2011Բարեւ ձեզ: Ես ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին Հայաստանում:
Նա առաջին անգամ է գտնվում այստեղ, եւ ես շատ ուրախ եմ այս այցելության համար:
Սա լավ հնարավորություն է շարունակել մեր երկխոսությունը: Մենք այս տարվա ընթացքում արդեն մի քանի հանդիպում ենք ունեցել եւ այսօր շարունակեցինք քննարկումները, անդրադարձանք երկկողմ օրակարգի հարցերին, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին:
Մենք քննարկեցինք երկկողմ երկու նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձանք տնտեսական հարաբերություններին, որոնք դինամիկ կերպով զարգանում են, կան ծրագրեր, որոնք իրականացվում են, կան նաեւ հեռանկարային նախագծեր` հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում:
Մենք անդրադարձանք նաեւ միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքներին եւ այն պայմանավորվածություներին, որոնք պետք է իրականացվեն: ԱԳՆ-ներն իրենց նպաստն են բերում, որ այս բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն:
Բանակցությունների ժամանակ գլխավոր հարցերից էր մինչեւ տարվա վերջը նախատեսվող ԻԻՀ նախագահ Ահմադինեժադի Հայաստան այցելության նախապատրաստությունը:
Շնորհակալություն:
Հարց. Պարոն Նալբանդյան, ի՞նչ խնդիրներ ունենք Թեհրանի հետ եւ արդյոք քննարկվել են այդ խնդիրները ձեր հանդիպման ժամանակ:
Պատասխան. Ես լիովին համաձայն եմ իմ գործընկերոջ հետ, որ երկու երկրների միջեւ խնդիրներ չկան, առկա են տեխնիկական բնույթի հարցեր եւ դա բնական է` նկատի ունենալով հարաբերությունների այն ծավալը, որ մենք ունենք երկու երկրների միջեւ: Բայց այդ հարցերը, կրկնում եմ, տեխնիկական բնույթ են կրում, եւ մենք դրանք լուծում ենք բանակցությունների միջոցով: Չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել մեր հանդիպումների ժամանակ: