ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Քեթրին Աշթոնի հետ համատեղ ասուլիսում
17 նոյեմբերի, 2011Բարեւ ձեզ,
Ուրախ եմ ողջունելու Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Քեթրին Աշթոնին Հայաստանում:
Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպել Բրյուսելում, այլ եվրոպական մայրաքաղաքներում, բայց ես իսկապես շատ ուրախ եմ ողջունել տիկին Աշթոնին Երեւանում:
Սա իր առաջին այցելությունն է Հայաստան: Սա նաեւ շատ լավ հնարավորություն է շարունակելու մեր երկկողմ` Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ երկխոսությունն ու քննարկումները:
Մենք ուրախ ենք, որ վերջին շրջանում բավական դինամիկ կերպով զարգանում են հարաբերությունները Հայաստանի եւ ԵՄ միջեւ: Այդ հարաբերությունները հիմնված են նույն արժեհամակարգի վրա, ինչպես նաեւ մեր տրամադրվածության վրա` շարունակելու բարեփոխումները Հայաստանում` համահունչ եվրոպական չափանիշներին:
Մեկ շաբաթից Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը, որի ժամանակ մենք կամփոփենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ այս վերջին տարվա ընթացքում ձեռնարկված քայլերը:
Մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ հարաբերություններն ակտիվ կերպով զարգանում են թե բարձրաստիճան փոխայցելությունների, թե Ասոցացման համաձայնագրի բանակցությունների, թե խոր եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման, թե վիզային ռեժիմի դյուրացմանն ուղղված քայլերի առումով:
Մենք գոհ ենք նաեւ ԵՄ փորձագետների Հայաստանում գործունեության կապակցությամբ, որոնք իրենց աջակցությունն են բերում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Ուրախ եմ նորից ողջունել ձեզ տիկին Աշթոն Երեւանում եւ խոսքը փոխանցում եմ Ձեզ: Շնորհակալություն: