ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը եւ պատասխանները լրագրողների հարցերին արտաքին քաղաքական տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսին
16 հունվարի, 2012Բարեւ ձեզ, հարգելի լրագրողներ,
Հանրապետության Նախագահի կողմից ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և տրված հանձնարարականների հիման վրա 2011 թվականին արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են եղել Հայաստանի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, երկրի հեղինակության ամրապնդմանը, միջազգային տնտեսական համագործակցության եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:
2011 թվականը, նշանավորելով անկախության 20-ամյակը, եղավ յուրատեսակ ստուգատես արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված ձեռքբերումների ամփոփման տեսանկյունից։ Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպել՝ նվիրված հոբելյանին:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում 2011 թվականը վերահաստատեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի ու միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը, իսկ տեղի ունեցած զարգացումները հիմնավորեցին ընտրած մարտավարության ճշմարտացիությունն ու արդյունավետությունը։ Դրա ապացույցն էին մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, մայիսի 26-ին Դովիլում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը:
Հաշվետու տարին նշանավորվեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, ինչն արտացոլվեց երկկողմ հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում ՀՀ Նախագահի առաջին պետական այցելությամբ Ռուսաստանյան Դաշնություն, որը թե իր մակարդակով, թե բովանդակությամբ վերահաստատեց դաշնակցային հարաբերությունների ամրությունը եւ խորությունը։
Որակական նոր մակարդակի է բարձրացվել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը, շարունակվել են բազմաբովանդակ համագործակցության զարգացումը եւ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Առավել խորացվել և ամրապնդվել են Ֆրանսիայի հետ ավանդական սերտ բարեկամական հարաբերությունները։ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան պատմական էր թե իր նշանակությամբ, թե արդյունքներով։
Զարգացում են ապրել եվրոպական երկրների հետ հարաբերությունները, որոնք արտացոլվել են բարձր մակարդակի փոխայցելություններով, քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացմամբ:
Լուրջ առաջընթաց է արձանագրվել եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում: Հաջող ընթացք են ունեցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, Եվրոպական Խորհուրդը հաստատել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատը։ Կարևոր առաջընթաց է արձանագրվել խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներում:
Հետեւողական զարգացում են ապրել Հայաստանի դարավոր բարիդրացիական հարաբերությունները անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ:
Վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից։
Շարունակվել է փոխշահավետ համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ, արդյունավետ մասնակցությունը Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, փոխգործակցությունը ԵՎՐԱԶԵՍ-ի հետ:
Նոր թափ է ստացել գործընկերությունը Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ:
Թեեւ մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններին՝ քայլեր են ձեռնարկվել արաբական աշխարհի հետ բնականոն հարաբերությունների պահպանման ուղղությամբ։
Խոստումնալից զարգացումներ են գրանցվել ասիական եւ լատինամերիկյան ուղղություններով:
Ընդլայնվել է բարձր մակարդակի փոխայցելությունների աշխարհագրությունը, ինչպես նաև դրանց արդյունավետությունը ձեռք բերված պայմանավորվածություններով եւ ստորագրված շուրջ հարյուր քսան պայմանագրերով ու այլ փաստաթղթերով:
Շարունակվել են պարբերական շփումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների հետ:
Փոխայցելություններ են տեղի ունեցել Հունաստանի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի, Լատվիայի, Սլովենիայի, Սերբիայի, Լիբանանի, Լիտվայի, Իրանի, Բրազիլիայի, Նորվեգիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Արգենտինայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Բելառուսի, Չեխիայի, Դանիայի, Իռլանդիայի, Ավստրիայի և մի շարք այլ երկրների հետ:
Հանրապետության Նախագահն իրականացրել է 25 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, Հանրապետության վարչապետի՝ 12 փոխայցելություն: Արտգործնախարարը կատարել է 39 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 14 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:
Հայաստանը ոչ միայն ակտիվորեն ներգրավված է եղել իր անվտանգության կարեւոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներում, այլև հանդես է եկել կառույցի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով։
Հաջողությամբ ընթացել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և այլ ձևաչափերում:
Հայաստանն ընդլայնել է իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին։
Բազմակողմ հարթության շրջանակներում շարունակվել է արդյունավետ մասնակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում, ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում:
Տնտեսական բաղադրիչը կարևոր տեղ է զբաղեցրել արտաքին քաղաքական օրակարգում։ Զարգացել են տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների և ֆինանսական ինստիտուտների հետ: ԱԳՆ անմիջական մասնակցությամբ և համակարգմամբ տեղի են ունեցել տասնյակ միջկառավարական հանձնաժողովների նիստեր և գործարար համաժողովներ:
Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում:
ԱԳՆ-ն իր գործուն աջակցությունն է բերել Սփյուռքի նախարարության նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Արտգործնախարարությունը նպաստել եւ համակարգել է Հայաստանի այլ պետական կառույցների արտաքին կապերի զարգացումը:
Ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման՝ պետական հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ Նախագահի հրամանագրի համապատասխան աշխատանքեր են նախաձեռնվել ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեորեն պատժելու մասին օրինագծի ընդունումը կարեւոր քայլ հանդիսացավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում:
Օգոստոսին Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
2011 թ. ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ավարտեցին առաջին ունկնդիրները, որոնցից լավագույնները համալրեցին ԱԳՆ շարքերը:
Բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը որպես հուսալի գործընկերոջ, շեշտակի ավելացել են Հայաստանի վերաբերյալ դրական հրապարակումները օտարերկրյա ԶԼՄ-ներում: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ունեցել են շուրջ 60 ելույթներ և հարցազրույցներ աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում և միջազգային առաջատար լրատվամիջոցներում:
Շնորհակալություն:
Հարց. Պարո՛ն նախարար, տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են հաղորդում, որ առաջիկայում նախատեսվում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այս լուրերը, և չեք կարծու՞մ, որ սա կլինի նման ձևաչափով վերջին հանդիպումը: Շնորհակալություն:
Պատասխան. Այո, պայմանավորվածություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ ձեռք է բերվել: Վայրի և ժամանակի մասին կտեղեկացվի համապատասխան պատշաճ ժամկետներում, երբ կողմերը հարմար կգտնեն: Ինչ վերաբերում է այս ձևաչափին, ապա այն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը, ու կարծում եմ, անգամ վստահ եմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են:
Հարց. Պարո՛ն նախարար, հարցս վերաբերում է Իրանի շուրջ մեծացող լարվածությանը՝ կապված Արևմուտքի պատժամիջոցների խստացման հետ: Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը, և հնարավոր ռազմական սպառնալիքի դեպքում, ո՞րն է լինելու Հայաստանի մոտեցումը: Շնորհակալություն:
Պատասխան. Գիտեք, որ Հայաստանը միշտ արտահայտվել և արտահայտվում է Իրանին և Իրանի միջուկային ծրագրին առնչվող բոլոր հարցերի խաղաղ ճանապարհով, երկխոսության, բանակցությունների միջոցով լուծմանը: Եվ այս մասին մենք արտահայտվել էինք նաև անցյալ դեկտեմբերին` Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստան այցելության ընթացքում, և այսօր էլ կարող ենք վերահաստատել այն, ինչ ասվել էր այդ այցելության ժամանակ:
Հարց. Պարո՛ն նախարար, անցյալ տարվա ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Ինչո՞ւ այն դեռևս իրականություն չի դարձել: Եվ երկրորդ հարցը. ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից, շուտով քննարկվելու է նաև Սենատում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններն այս իրադարձության վերաբերյալ: Շնորհակալություն:
Պատասխան. Երկրորդ հարցից սկսենք: Նախևառաջ ասեմ, որ Հայաստանը բարձրագույն ղեկավարության մակարդակով իր գնահատանքն էր հայտնել Ֆրանսիայի ղեկավարությանը, Ազգային ժողովին, ժողովրդին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց համապատասխան նախագիծը: Այսօր այդ նախագիծն ընդգրկված է Սենատի օրակարգում:
Այն փաստարկները, որոնք հնչում են թուրքական կողմից այս օրենքի ընդունման դեմ՝ մեղմ ասած թույլ, սին փաստարկներ են:
Երբ ասում են, որ այս գործընթացը կամ այս օրենքը կարող է խոչընդոտել, խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նախևառաջ մեկը մյուսի հետ կապ չունի, իսկ երկրորդը, եթե ինչ-որ բան խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դա թուրքական կողմի կեցվածքն է, ինչը հայտնի է միջազգային հանրությանը, և հենց այդ պատճառով է, որ ասվում է՝ գնդակը գտնվում է թուրքական կողմում:
Իսկ այն փաստարկները, թե իբրև Թուրքիայում ինչ-որ տնտեսական շահեր կան, որ Թուրքիան ինչ-ինչ դեր կարող է խաղալ տարածաշրջանային այս կամ այն հարցում, և եթե այս օրենքը ընդունվի, կարող է խոչընդոտել դրանց: Կարծում եմ, որ սրանից մի քիչ կոռուպցիայի հոտ է գալիս: Ոչ միայն շանտաժ է, այլև ուզում են ինչ-որ մի բանով առնել:
Բայց նախևառաջ այս օրենքի նախագիծն ընդունվում է՝ ի կատարումն 2008թ. նոյեմբերի 28-ին Եվրամիության խորհրդի ընդունած շրջանակային որոշման: Եվ չեմ կարծում, որ համամարդկային արժեքները կարող են թուրքական կողմից հնչող փաստարկներին ստորադասվել:
Շփման գծում միջադեպերի քննության վերաբերյալ: Այո՛, դուք ճիշտ եք, այդպիսի պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցյալ տարի` մարտին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Համապատասխան հայտարարություն էր արվել այդ կապակցությամբ, և այս պայմանավորվածությունը լիակատար աջակցություն էր ստացել միջազգային հանրության կողմից: Սակայն մինչ օրս դա չի իրականանում, որովհետև ադրբեջանական կողմը փաստորեն խանգարում է դրա իրականացմանը և խանգարում է եռանախագահների կողմից հենց այս նպատակով մեխանիզմի ստեղծման առաջարկներին: Ադրբեջանական կողմից հնչում է, թե ընդհանրապես այսպիսի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, թե իբրև այդպիսի առաջարկներ ընդհանրապես չեն արվել: Այստեղ մեկնաբանությունները, կարծեմ, ավելորդ են:
Վերջերս՝ դեկտեմբերին, ադրբեջանական կողմն ինքն իրեն մեկուսացրեց՝ եւս մեկ անգամ դուրս գալով միջազգային հանրության դեմ:
Երբ քննարկվում էր ԵԱՀԿ բյուջեն, և եռանախագահներն առաջարկեցին համապատասխան հատկացումներ տրամադրել այս մեխանիզմի ստեղծման համար, Ադրբեջանը դեմ դուրս եկավ, իսկ երբ աջակցություն չստացավ՝ սպառնաց անգամ կիրառել վետո ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա:
Եվս մեկ անգամ ադրբեջանցիները ցույց են տալիս, թե ինչպես են հրաժարվում, հետ են կանգնում այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել հենց իրենց մասնակցությամբ:
Հուսով եմ, որ բանակցությունները կշարունակվեն և բոլորի կողմից բարձր գնահատվող այս առաջարկը, որը կարևոր մեխանիզմ կարող է հանդիսանալ ոչ միայն հետաքննությունների իմաստով, այլև նոր միջադեպերի կանխարգելման առումով, կիրականացվի:
Հարց. Պարո՛ն Նալբանդյան, Ձեր դեսպաններից մեկը վերջերս հարցազրույց էր տվել ռուսական լրատվամիջոցներին, խոսքս Շարլ Ազնավուրի մասին է: Այնուհետև հայտնի է, որ ավելի ուշ հերքվեց հայտարարությունը, բայց փորձե՞լ եք արդյոք ամեն դեպքում քննարկել այս հարցը նրա հետ կամ խոսե՞լ եք նրա հետ այս առնչությամբ: Շնորհակալություն:
Պատասխան. Այս կապակցությամբ Շարլ Ազնավուրը ինքն էր հերքել, և դրան ավելացնելու ոչինչ չկա: Շահարկումներ էին արվել, քաշքշուկներ, թե ինչ է ասել Շարլ Ազնավուրը: Շարլ Ազնավուրը, ինչպես ինքը հայտարարեց, այդպիսի բան չի ասել: Ե՛վ այն կոնտեքստը, և՛ այն ձևակերպումները, որը ինքն էր օգտագործել, այդ բնույթը չէին կրում:
Հարց. Պարո՛ն Նալբանդյան, Ձեր ասած խոսքում կան բազմաթիվ ձեռքբերումների մասին հիշատակումներ: Ուզում եմ ասեք, թե որն է գոնե մեկ բացթողումը մեր արտաքին քաղաքականության մեջ 2011թ.:
Պատասխան. Իհարկե, եթե մենք հասնեինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, դա կլիներ իսկապես շատ լուրջ ձեռքբերում: Եթե այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, և ինչպես ասացի, մեր դիրքորոշումներն այսօր համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ես կասեի ավելին՝ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշումներին: Սա, իհարկե, դրական է և կարևոր զարգացում: Բայց խաղաղ կարգավորումը դեռ չի գտնվել, և դա մեր գլխավոր նպատակներից է:
Այսպիսի բավական կարևոր և հավակնոտ նպատակներ, ինչպես որ մանրամասն ներկայացված է մեր հաշվետվության մեջ, ունենք, ես դրանց մասին ասացի իմ ներածական խոսքում: Իհարկե, սա շարունակական գործընթաց է ոչ միայն այն իմաստով, որ ինչ-որ նպատակ է դրվում, և դրան հասնում ենք:
Դիվանագիտությունը հենց նրա համար է, որ դրված նպատակների իրականացման համար պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրվեն, շատ ավելի ակտիվ աշխատանք, օրինակ՝ հարաբերությունները կարգավորելու այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք խնդիրներ:
Իսկ դուք գիտեք, որ նույն Թուրքիայի ուղղությամբ կարևոր քայլեր էին ձեռնարկվել հարաբերությունների կարգավորման համար, բայց այսօր նորից մեր մոտեցումներնըմբռնումով են ընդունվում միջազգային հանրության կողմից, և ասվում է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում, և Հայաստանն անցել է իր ճանապարհը, և Թուրքիան պետք է անցնի իր ճանապարհը և անի այն, ինչ-որ խոսք էր տվել միջազգային հանրությանը:
Եւ այսպես տարբեր ուղղություններով:
Հարց. Պարո՛ն նախարար, ինձ հետաքրքրում է հետևյալը. 2012-ին արտաքին քաղաքականության առումով ինչ հիմնական իրադարձություններ և գործընթացներ կառանձնացնեք, և այստեղ նշված է, դուք էլ հաստատեցիք. բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը` որպես հուսալի գործընկերոջ: Շատ ընդհանուր հաստատում է, գուցե ինչ-որ իրադարձություններ առանձնացնեք: Ինչպե՞ս բարձրացավ կամ ինչպե՞ս չափվեց: Շնորհակալություն:
Պատասխան. Գիտեք, այդ գլխավոր իրադարձությունները ես նշեցի: Ցանկանում ե՞ք՝ նորից հիշատակեմ: Կխնդրեի կարդաք այն փաստաթուղթը՝ ամփոփումը, որ ձեզ ներկայացվել է: Իսկ այն, որ Հայաստանն այսօր շատ ավելի հուսալի գործընկեր է, և որ մեր արտաքին քաղաքականության ուղին ըմբռնումով է ընկալվում միջազգային հանրության կողմից, դա միայն ես չեմ հայտարարում, այլ բազմաթիվ արտաքին գործերի նախարարներ, որոնք եղել են Հայաստանում, ձեր ներկայությամբ մամլո ասուլիսների ժամանակ դրա մասին բազմիցս ասել են:
2012 թվականին, իհարկե, մենք շարունակելու ենք ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել՝ առավել ամրապնդել հարաբերությունները մեր դաշնակից, ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, առավել ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ: Եվրոպական ուղղությամբ կարևոր քայլեր են սպասվում, որովհետև սկսում ենք բանակցություններ արտոնագրային ռեժիմի դյուրացման ուղղությամբ, և հուսով եմ, եկող տարվա ընթացքում այդպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի, և դրանից հետո, նոր էջ կբացենք արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:
Նաև գալիք տարի հուսով ենք, եւ կարծում եմ այդպես էլ կլինի. կսկսվեն Եվրոպական Միության հետ բանակցությունները խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, և եթե այսօր մենք փակել ենք քսան գլուխ Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում, դա նշանակում է, որ մոտենում ենք եզրափակիչ փուլին՝ Ասոցացման համաձայնագրի կնքման իմաստով:
Մինչև այստեղ գալը ձեր գործընկերներից մեկն ինձ ասաց. Եվրոպական Միությունը սպասեց, որ մինչեւ Ադրբեջանն էլ պատրաստ կլինի, նոր միայն հաստատեց վիզաների դյուրացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մանդատը: Դա թողնենք Եվրոպական Միությանը մեկնաբանելու. սպասեց, թե չսպասեց, ինչպես ստացվեց, որ այսքան ձգվեց: Իրականում Եվրոպական Միությունը դեռ մեկ ու կես տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանը կատարել է իր պարտավորությունները բանակցային գործընթացն սկսելու համար:
Փաստացի իրավիճակն այն է, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների գործընթացում Ադրբեջանը մեր փակած քսան գլուխներից դեռ կեսն էլ դեռ չի փակել:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Կարևոր ուղղություն է լինելու նաև իմ կողմից նշված այնպիսի երկրների հետ հարաբերությունները, որտեղ անցյալ տարի բավական մեծ զարգացումներ են եղել՝ չինական, Հնդկաստանի, Ճապոնիայի, լատինաամերիկյան, ասիական ուղղությամբ: Այդ ուղղություններին մենք հատուկ ուշադրություն ենք տալու 2012 թվականին:
Արաբական աշխարհի հետ մենք ունեցել ենք ավանդական բարեկամական ջերմ հարաբերություններ, չնայած որոշ արաբական երկրներում ընթացող իրադարձություններին, մենք ջանքեր ենք գործադրում եւ գործադրելու ենք, որպեսզի այդ ավանդական բարեկամական հարաբերությունները և համագործակցության բարձր մակարդակը պահպանվի: Կարծում եմ, որ մենք նոր քայլեր կանենք այդ ուղղությամբ:
ՀԱՊԿ շրջանակներում, որը Հայաստանի կարևոր անվտանգության բաղադրիչ է, մենք ջանքեր ենք գործադրելու ավելի ակտիվ ներգրավվածության և այդ կազմակերպության ամրապնդման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում և նաև միջազգային գործընթացներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածության համար:
Այս տարվա առաջին կեսին սպասվում են երկու խոշոր միջազգային հանդիպումներ՝ ամենաբարձր մակարդակով: Խոսքը գնում է Սեուլում միջուկային անվտանգությանը վերաբերող գագաթաժողովի և Ռիո-20՝ Ռիո դե Ժանեյրոյում սպասվող մեծ գագաթաժողովին: Այս գործընթացներում մենք նախապատրաստական աշխատանքներ ենք սկսել այս ուղղություններով: Կարող եք մանրամասն ծանոթանալ մեր կայքում տեղադրված ամբողջական ամփոփմանը:
Հարց. Մի փոքրիկ հարց ավելի տնտեսական հատվածից: 2012թ.-ի բյուջեով նախատեսվա՞ծ է արդյոք նոր դեսպանատների բացում և ո՞ր երկրներում:
Պատասխան. 2012 թվականին բյուջեով չի նախատեսվում նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացում: Չնայած, եթե լինի անհրաժեշտություն, և համապատասխան որոշում լինի, ապա աշխատանքներ կտարվեն նոր դեսպանատների բացման ուղղությամբ, մենք կդիմենք կառավարությանը, և վստահ եմ, որ այդպիսի հնարավորություններ կգտնվեն:
Հարց. Իսկ Եվրասիական Միության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ինչպիսի՞ն է:
Պատասխան. Այս կապակցությամբ կարծիքների փոխանակման, քննարկման փուլ է: ԱՊՀ շրջանակներում և ԵվրԱզԷՍի շրջանակներում հանդիպումների ժամանակ սա քննարկումների կարևոր նյութ էր: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլինեն նոր հանդիպումներ թե նախարարական, թե ավելի բարձր մակարդակներով, որպեսզի հստակեցվեն երկրների մոտեցումները և նախանշվեն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ: