ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը հարցին Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ համատեղ մամլո ասուլիսին
16 մարտի, 2012Բարեւ Ձեզ,
Ուրախ եմ ողջունելու իմ գերմանացի գործընկերոջը՝ Գիդո Վեստերվելեին, Հայաստանում:
Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր երկխոսությունը, մենք պարբերաբար հանդիպում ենք, վերջերս եղել եմ այցելությամբ Գերմանիայում, օգտագործում ենք տարբեր այլ հնարավորություններ միջազգային կոնֆերանսների ժամանակ:
Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը: Այս ընթացքում մենք բավական կարեւոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ տարբեր ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու, խորացնելու, զարգացնելու ուղղությամբ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է ընթանում երկու երկրների միջեւ, զարգանում են առեւտրատնտեսական փոխգործակցությունը: Այսօր մենք ունենք մոտ 400 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, բայց կարծում եմ, որ մեր հնարավորությունները, ներուժը շատ ավելին է, եւ համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել ավելիին:
Առկա է բավական ամուր իրավապայմանագրային դաշտ. մոտ 30 փաստաթուղթ է ստորագրված երկու երկրների միջեւ, եւ մենք այսօր աշխատում ենք նոր պայմանագրերի, նախագծերի վրա, որոնք կարող են ստորագրվել մոտ ապագայում:
Մենք շնորհակալ ենք Գերմանիային Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցության համար, որը ցուցաբերվել է անկախությունից ի վեր:
Միջպառլամենտական կապերը բավական ակտիվ են, զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը:
Բավական լավ են ընթանում մեր խորհրդատվություններն երկու արտգործնախարարությունների միջեւ, որոնք վերաբերվում են թե տարածաշրջանային, թե միջազգային հարցերին:
Այսօր մենք անդրադարձանք նաեւ փոխգործակցությանն Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում մենք նաեւ անդրադարձանք տարբեր միջազգային եւ տարածաշրջանային հարցերի` Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, նաեւ Միջին Արեւելքի զարգացումներին:
Նախարար Վեստերվելեին այսօր կընդունի նաեւ Հանրապետության Նախագահը, եւ մենք կշարունակենք մեր բանակցությունները:
Շնորհակալություն:
Հարց. Պարոն նախարար, ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը:
Պատասխան. Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն:
Այսպիսի հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, օրինակ՝ մեկ տարի առաջ մարտին, Սոչիի գագաթաժողովին: Այնտեղ ընդունված հայտարարության մեջ նախագահներն անդրադարձել էին մի կարեւոր պայմանավորվածության, որը չիրականցվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսի մեխանիզմ չստեղծվի:
Համապատասխան առաջարկներ եռանախագահների կողմից ներկայացվել էին դեռ 2011թ. ապրիլին, եւ Հայաստանը տվել էր դրական պատասխանը, իսկ հոկտեմբերին վերահաստատել, իսկ Ադրբեջանը մինչ այսօր պատասխան չի տվել:
Անցյալ դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, ադրբեջանական կողմն անգամ սպառնաց, որ վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե հատկացում նախատեսվի այդ մեխանիզմի ստեղծման նպատակով:
Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց չի ստացվում արձանագրել, որովհետեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց Ադրբեջանը հետո հետ է կանգնում:
Վերջին գագաթաժողովներից առաջ արտգործանախարարների մակարդակով համապատասխան նախապատրաստական աշխատանք է տարվել, ինչպես եղել է Կազանի, կամ Սոչիի, կամ Աստրախանի, կամ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից առաջ: Այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են եղել քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Ամեն անգամ, երբ մենք համաձայնություններ են ձեռք բերվել, Ադրբեջանը, գալով գագաթաժողովների, հետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջարկելով բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ:
Հենց այդ պատճառով է, որ չի ստացվում առաջընթաց արձանագրել: Ոչ թե եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Եռանախագահները բավականին մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարեւոր ջանքեր է գործադրել:
Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տասնյակ հանդիպումներ են կայացել նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, եռանախագահները բազմիցս եղել են տարածաշրջանում՝ Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում:
Սոչիում վերջին հանդիպմանը եռանախագահների գործունեության վերաբերյալ բարձր գնահատական տրվեց: Եվ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ, այո, բարձր է գնահատում եռանախագահների գործունեությունը: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձեւաչափով եւ նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:
Սոչիի հանդիպումանն Ադրբեջանի նախագահն ասում էր մեկ բան, օրեր անց, այլ մակարդակներով Ադրբեջանից շարունակվեց քննադատությունը եռանախագահների հասցեին ու արվեցին մեկնաբանություններ, որոնք հակասում են Սոչիի եռակողմ հայտարարությանը: Հենց այդ պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել:
Այս օրինակների ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Ես չգիտեմ գերմանական որ թերթը կամ լրատվական գործակալությունն եք Դուք ներկայացնում, եթե դուք ցանկություն ունենաք, ես պատրաստ եմ այդ հարցով Ձեզ առանձին ընդարձակ հարցազրույց տալ:
Շնորհակալություն: