Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին
05 ապրիլի, 2012Ես ուրախ եմ ողջունել իմ լիտվացի գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցով:
Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով:
Մենք հանդիպում ենք բավականին հաճախ: Ես Վիլնյուսում էի հունվար ամսին, մինչ այդ՝ դեկտեմբերին, իսկ մինչ այդ՝ նոյեմբերին, իսկ մինչ այդ իմ գործընկերն էր այցելել Երևան: 2011թ. կայացավ Լիտավայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի պետական այցը Հայաստան: Ձեռք բերվեցին կարևոր պայմանավորվածություններ մեր երկու երկրների ղեկավարների միջև: Այսօր մենք, օգտվելով նոր հանդիպումից, քննարկեցինք դրանց կատարման ընթացքը և այն քայլերը, որոնք մենք կձեռնարկենք նրա համար, որպեսզի ավելի մեծ խթան հաղորդենք մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, խորացմանը ամենատարբեր ոլորտներում: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարեցինք մի շարք տարածաշրջանային, միջազգային հարցերի:
Ես շնորհակալություն հայտնեցի Աուդրոնիուս Աժուբալիսին անցյալ տարի Լիտվայի՝ ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու համար: Ես ներկայացրեցի նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում արձանագրված վերջին զարգացումները:
Մենք անդրադարձանք նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանը: Մենք փոխադարձ բավարարվածությամբ նշեցինք, որ հարաբերությունները զարգանում են շատ դրական: Անդրադարձանք այն քայլերին, որոնք կձեռնարկենք նաև հետագայում, այդ թվում Լիտվայի աջակցությամբ, որպեսզի այդ հարաբերությունները դառնան էլ ավելի դինամիկ:
Եթե այս տարի շատ պետությունների հետ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ապա Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա հոբելյանը մենք նշել ենք դեռ անցյալ տարի: Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է մեր անկախությունը: Լիտվան առաջին երկիրն է, որը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ: Առաջինը բալթյան երկրներից, որը Երևանում բացել է դեսպանություն: Իսկ Հայաստանը, բնական է, բալթյան երկրներից առաջինը դեսպանություն է բացել Վիլնյուսում: Մենք իմ գործընկերոջ հետ մասնակցեցինք Հայաստանի դեսպանության բացման արարողությանը Վիլնյուսում:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել իմ լիտվացի գործընկերոջը և խոսքը փոխանցել նրան:
Լիտվական ազգային հեռուստատեսություն, հարց Լեռնային Ղարաբաղի մասին: Ձեր ադրբեջանցի գործընկերն ասել է, որ սկսել կարգավորման պայմանագրի համաձայնեցումը կարելի է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դուրս բերի իր զորքերը: Ի՞նչ եք Դուք կարծում այս առումով և տեսնու՞մ եք արդյոք այլ լուծում:
Է. Նալբանդյան: Դե, առաջին հերթին, ես կօգտվեմ առիթից և կասեմ, որ այսօր ես իմ գործընկերոջը փոխանցեցի հայտարարությունը, ես կասեի պատմական հայտարարությունը, արված Լիտվայի խորհրդարանի կողմից դեռ 1989թ. ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի: Շատ հետաքրքիր փաստաթուղթ է:
Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմի հայտարարությանը: Ի՞նչ է մտածում դրա վերաբերյալ Հայաստանը: Պարզ է թե մենք ինչ ենք մտածում: Ես կասեի, մտածում ենք այնպես, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս առիթով Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովին համանախագահ երկրների անունից հայտարարեց, որ բոլոր սկզբունքներն ու բոլոր տարրերը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք մշակվել են և ներկայացվել կողմերին որպես մեկ ամբողջություն: Եվ ի դեպ, այդպիսի դիրքորոշումը հաստատվեց նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից: Առանձնացնել մի տարրը կամ մի սկզբունքը մյուս տարրերից, մյուս սկզբունքներից, կամ տալ նախընտրություն մեկին մյուսի նկատմամբ՝ կստեղծի իրավիճակ, որը թույլ չի տա լուծել խնդիրը: Ադրբեջանն էլ հենց ասում է` եկեք կատարենք մի տարրը, իսկ այնուհետև պատրաստ կլինենք քննարկել մյուս հարցերը: Սա անհեթեթ դիրքորոշում է: Այդ առիթով համանախագահները մեկ անգամ չէ, որ պատասխանել են Ադրբեջանին:
Իսկ Ադրբեջանը ձևացնում է, թե չի լսում:
Հայաստանի և համանախագահների դիրքորոշումները համընկնում են: Հայաստանը տվել է իր համաձայնությունը սկզբունքների և տարրերի փաթեթին, որը ներկայացվել է համանախագահ երկրների կողմից, որպեսզի այդ հիմքի վրա գնա դեպի կարգավորում:
Այդ սկզբունքների և տարրերի մասին հայտարարվել է Լ’Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում Մեծ Ութնյակի գագաթաժողովների շրջանակներում համանախագահ երկրների կողմից` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով: Մենք ողջունում ենք այդ հայտարարությունները և պատրաստ ենք այդ հիմքի վրա շարժվել դեպի կարգավորում: Դժբախտաբար Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում և հայտարարություններ անում, որոնք, ոչ միայն չեն օգնում, այլև խոչընդոտում են կարգավորման գործընթացին: Դրանով հանդերձ ձևացնելով, որ շատ են հետաքրքրված ստատուս-քվոյի փոփոխմամբ, նկատի ունենալով ստատուս-քվոյի փոփոխությունը միայն տարրերից մեկով: Դա հենց ասում է այն մասին, որ Ադրբեջանը դեմ է կարգավորմանը, դեմ է ստատուս-քվոյի փոփոխությանը:
Արմեն Հովսեփյան, ՄԻՐ հեռուստառադիոընկերություն: Ես հարց ունեմ երկու նախարարներին: Ադրբեջանի Նախագահը ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի համար մեկ թշնամի հայտարարում է ամբողջ աշխարհի հայությանը: Իսկ ԵվրոՆեսթ խորհրդարանական վեհաժողովի վերրջերս կայացած լիագումար նիստին Իլհամ Ալիևը ոչ միայն Հայաստանին մեղադրեց բոլոր անհնարին հանցագործությունների և մեղքերի մեջ, բայց և անվանեց հայերին ֆաշիստներ: Ասացեք խնդրում եմ, ինչու այդպիսի կրկնվող ռասիստական հայտարարությունները մինչ այժմ չեն ստանում արժանի գնահատական միջազգային հանրության կողմից: Շնորհակալություն:
Է. Նալբանդյան: Իմ կարծիքով կա համապատասխան արձագանք միջազգային հանրության կողմից: Ես չեմ խոսի Հայաստանի կողմից արձագանքի մասին: Մենք արձագանքում ենք պարբերական հիմքի վրա, քանի որ այդպիսի անիմաստ հայտարարություններին, սադրանքներին չարձագանքել հնարավոր չէ: Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ես հիշեցնեմ համապատասխան զեկույցը՝ հրապարակված Եվրոպայի խորհրդի՝ Ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովի կողմից:
Այնտեղ հասցեական անդրադարձ կա Ադրբեջանին նշումով, որ այդ երկրում այնքան էլ լավ չէ վիճակը ռասիստական դրսևորումների հետ: Այն, ինչ ասում և ինչ անում է Բաքուն, դիսկրեդիտացնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, քանի որ Ադրբեջանն այսօր հանդիսանում է Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ: Այդ երկիրը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, ամեն օր հնչեցնում է ռազմատենչ հայտարարություններ, աննախադեպ կերպով մեծացնում է սպառազինությունները, ստեղծում է վտանգ տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը: Իսկ Ադրբեջանի կողմից ռասիզմի արտահայտումն անցնում է բոլոր սահմանները: Ինչ է նշանակում մի ամբողջ ազգ հռչակել Ադրբեջանի համար մեկ թշնամի: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են:
Այս ամենը բերում է բավականին բացասական արձագանքի միջազգային հանրության կողմից: Նայեք զեկույցները, հայտարարությունները, որոնք վերաբերվում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին, մամուլի ազատությանը: Ես երկար չեմ խոսի այդ ամենի մասին, դուք ինքներդ լավ գիտեք այդ ամենը: