ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթները և պատասխանները համատեղ մամուլի ասուլիսին

04 հունիսի, 2012

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան.

Հարգելի՛ Տիկին Պետքարտուղար,

Հաճույքով եմ ձեզ նորից ողջունում Հայաստանում: Անցյալ անգամ ձեր այցը համընկավ ԱՄՆ Ազգային տոնի՝ հուլիսի 4-ի հետ: Այս այցը համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ: Այս համընկումները դրական խորհրդանիշ են պարունակում:

Երևանյան նախորդ և այս այցի միջև անցել է երկու տարուց մի փոքր պակաս ժամանակ, բայց այս ընթացքում մենք մի շարք հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու Վաշինգտոնում և տարբեր քաղաքներում միջազգային համաժողովների շրջանակներում: Անկախ նրանից, թե տարվա որ ամսին և որտեղ են անցել այդ հանդիպումները, դրանք եղել են բացառապես ջերմ, բովանդակալից և արդյունավետ, պարունակել են կարևոր և դրական ուղերձներ: Ձեր այցը Հայաստան, տարածաշրջան վկայում է այն առանձնահատուկ վերաբերմունքի մասին, որն ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը տածում է Հարավային Կովկասի նկատմամբ: Հայաստանի և ԱՄՆ ղեկավարությունների միջև հանդիպումները, ես հատկապես կառանձնացնեյի նախագահներ Սարգսյանի և Օբամայի հանդիպումը 2010 թ. ապրիլին Վաշինգտոնում, վկայում են հարաբերությունների խորացման մեր մեծ կամքի մասին:

Հարյուրամյակից այն կողմ ձգվող մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը, որի մեջ առանձնահատուկ է նաև ամերիկահայ համայնքի դերակատարությունը, տրամաբանորեն արտացոլվեց երկու տասնամյակը բոլորած հարաբերությունների՝ միջպետական հարթությունում։

Երկկողմ ջանքերի շնորհիվ, Տիկի՛ն Պետքարտուղար, ձեր անձնական՝ անգնահատելի ավանդով մեր միջև գոյություն ունեցող փոխվստահությունը և փոխըմբռնումը բարեկամական գործընկերության հետագա ընդլայնման լավագույն հենասյուներն են։

ԱՄՆ և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը, որն արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, վերաբերում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են ինստիտուցիոնալ բարեփոխումները, ժողովրդավարության խորացումը, օրինականության գերակայությունը, տնտեսության արդիականացումը:

Մենք սերտ փոխգործակցություն ունենք նաև միջազգային ասպարեզում տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման շուրջ, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման, ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում, Կոսովոյից մինչև Աֆղանստան խաղաղապահ առաքելություններում, գլոբալ այլ մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր իր շարունակական աջակցությունն է բերել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, որը գտնվում է ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի մշտական ուշադրության կենտրոնում: Համանախագահ մյուս երկրների հետ, ԱՄՆ-ը գործադրել է ինտենսիվ ջանքեր և ընդունել բարձր մակարդակի բազմաթիվ կորևոր համատեղ հայտարարություններ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ:

Տիկի՛ն Պետքարտուղար, մեկ անգամ չէ, որ մենք արտահայտել ենք նույն մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ մոտեցումը եղել և մնում է հարաբերությունների կարգավորումը առանց նախապայամանների: Այս գործընթացում դուք ունեցել էք բացառիկ ներդրում: Ցավոք, գնդակն այդպես էլ գտնվում է թուրքական դաշտում:

Դեռևս 20 տարի առաջ Պետքարտուղար Ջեյմս Բեյքըրը նշում էր, որ ազատ, ժողովրդավարական, անկախ Հայաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, կիսում են նույն՝ ժողովրդավարության, ազատության, շուկայական հարաբերությունների, մարդու իրավունքների պաշտպանության արժեքները: 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, որն այսօր արդեն մարդասիրական օգնությունից աստիճանաբար վերածվում է զարգացման ծրագրերի եւ փոխշահավետ համագործակցության:

Հարգելի՛ տիկին պետքարտուղար, մենք երախտագիտություն ենք հայտնում Նախագահ Օբամայի վարչակազմին և Ձեզ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդման հարցում Ձեր անձնական նվիրվածության և առանձնահատուկ ներդրման համար։ Ես լիահույս եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը նոր՝ առավել լայն հեռանկարներ կբացի երկկողմ հարաբերություններում։

Կրկին անգամ կցանկանայի ողջունել Ձեզ, Տիկին Պետքարտուղար և ձեր պատվիրակությանը Հայաստանում:

Խոսքը փոխանցում եմ ձեզ: Խնդրեմ:

Պետքարտուղար Հիլարի Քլինթոն.

Շատ շնորհակալություն, պարոն Նալբանդյան:

Ես շատ ուրախ եմ այստեղ` Հայաստան, նորից վերադառնալու համար, եւ շատ շնորհակալ եմ Նախագահի եւ Ձեր կողմից ցուցաբերած ջերմ ու հաճելի հյուրընկալության համար: Եվ տեղին է, որ ես այստեղ եմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի նշանավորմանը: Նման առիթները լավ հնարավորություն են ընձեռում ետ նայելու մեր անցած ճանապարհին ու նաեւ առաջ նայելու` տեսնելու, թե ինչ ապագա ենքցանկանում տեսնել մեր երկկողմ հարաբերություններում եւ Հայաստանի դիրքը աշխարհում 20 տարի անց: Հենց այս մասին ենք մանրամասն խոսել Նախագահի եւ արտգործնախարարի հետ:

Ինչ վերաբերվում է տարածաշրջանային եւ միջազգային անվտնագությանը, ապա ես իմ երախտագիտությունն եմ հայտնել Նախագահին այն ներդրումի համար, որ Հայաստանն ունի մեր ընդհանուր առաքելության իրականացման գործում Աֆղանստանում, ինչպես նաեւ խաղաղապահ գործողություններում, որն իրականացնում ենք Կոսովոյում: Մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի` հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավման եւ ամբողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղիները: Այդ նպատակին հասնելու համար մենք հաստատակամ ենք՝ տեսնելու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված, քանի որ մենք կարծում ենք, որ սա է այն ուղին, որը կարող է բերել առավել լավ ապագա երկու երկրների քաղաքացիների համար: Մենք վճռական ենք, աջակցելու հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն` առանց նախապայմանների: Մենք ողջունում ենք այս հարցում Հայաստանի Նախագահ Սարգսյանի ցուցաբերած առաջնորդությունը:

Դեռ քսան տարի առաջ Հայաստանը սկսեց անցում կատարել դեպի ժողովրդավարություն,որի ժամանակ եղել են դրական քայլեր, իսկ այժմ մենք պետք է ձեռնարկենք շատ ավելին: Մենք մեր փորձից գիտենք, որ ժողովրդավարությունը տարիների ընթացքում է կառուցվում: Այն մեկ ընտրարշավի կամ ընտրության գործ չէ:

Սա շարունակական ծրագիր է եւ մենք ուրախ կլինենք տեսնել, որ Հայաստանը շարունակում է աշխատել ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու, դրանց թափանցիկությունը խրախուսելու, մամուլի ազատությունն ընդլայնելու, կոռուպցիան արմատախիլ անելու եւ մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգելու համար:

Այսօր վաղ առավոտյան ես հանդիպեցի մի շարք իրավապաշտպանների հետ, որոնք խիզախորեն եւ վճռականորեն աջակցում են բարեփոխումների իրականացմանն ու խթանում են հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին: Եվ մենք հաստատակամ ենք միաժամանակ աշխատելու Հայաստանի հետ երբ դուք շարունակում եք ժողովրդավարացման այդ դժվար աշխատանքը:

Ես շատ ուրախ եմ, ուրախ էի, երբ տեսա նախորդ ամիս Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից ներկայացված զեկույցները, որոնք ընդհանուր առմամբ ընտրությունները գնահատել են մրցակցային եւ բովանդակալից, որի ժամանակ թեկնածուները հնարավորություն են ունեցել իրականացմնելու իրենց ընտրարշավներն հիմնականում առանց որեւէ միջամտության: Ընտրությունների հետ կապված եղել են որոշ խնդիրներ, որոնք արդեն հայտանաբերվել են, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի աշխատել ԵԱՀԿ –ի եւ մյուսների հետ` հաջորդ ընտրություններն առավել լավ անցկացնելու համար:

Մասնավոր հատվածի ներդրողները փնտրում են բաց գործարար միջավայր` կանխատեսելի կանոններով` անկախ դատական համակարգ, թափանցիկ կանոնակարգեր, հարկեր եւ տուրքեր: Մենք շատ ուրախ ենք տեսնել Հայաստանի գրանցած առաջընթացը եւ հույս ունենք, որ առավել մեծ առաջնթաց կգրանցվի այս տարի: Ես համոզված եմ, որ եթե ամբողջությամբ օգտագործվի հայ ժողովրդի ձեռնարկատիրական ներուժը, մենք կկարողանանք վերափոխել տնտեսությունը: Ակնկալում ենք դառնալ ձեր գործընկերը այս հարցում:

Բնականաբար Նախագահի հետ լուրջ քննարկում ենք ունեցել Լեռնային Ղարաբաղի, այդ թվում նաեւշփման գծում տեղի ունեցած ամենավերջին պատահարների շուրջ: Հենց նոր իմանալով այդ պատահարների մասին` ես շատ եմ մտահոգված լարվածության սրման վտանգով եւ երիտասարդ զինվորների ու անմեղ քաղաքացիների անտեղի մահով: Ուժի կիրառումը չի լուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այդ իսկ պատճառով պետք է հրաժարվել ուժ կիրառելուց: Հորդորում ենք բոլորին հրաժարվել ուժից, ինչպես նաեւ զերծ մնալ բռնություններ կիրառելուց: Ես հավաստիացրել եմ Նախագահին, որ սա շեշտելու եմ Բաքվում, երբ կլինեմ այնտեղ երկու օրից:

Այժմ այս պատահարներն ընդգծում են խաղաղ գործընթացում առաջընթացը պահպանելու անհրաժեշտությունը: Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, Միացյալ Նահանգները հաստատակամ է աշխատելու բոլոր կողմերի հետ հետագա առաջընթացի ուղին գտնելու համար: Եվ ես վճռական եմ, որ նման ուղի կգտնվի: Եվ սա միայն առաջնորդների քայլերից կախված չէ. քաղաքացիների գործողությունները եւս պետք է ողղված լինեն այն ուղին գտնելու, որը հնարավոր կդարձնի տարածաշրջանի ժողովուրդներին համատեղ ապրելու խաղաղ եւ արժանապատիվ պայմաններում:

Այնպես որ մենք դեռ շատ անելիքներ ունենք, եւ շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն է ընձեռնվել` հանդիպելու իմ բարեկամ եւ գործընկեր Էդվարդին, ինչպես նաեւ կրկին անգամ տեսնելու Նախագահին, որոնց հետ մենք դիտարկել ենք տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի բավականին լայն շրջանակ:

Շնորհակալություն:

Հարց, Ամերիկայի ձայնը. Պետքարտուղար Քլինթոն, դուք այցելում եք Հարավային Կովկասի երեք ժողովուրդներին մի ժամանակահատվածում, երբ տեղի են ունենում մեծ տնտեսական եւ քաղաքական փոփոխություններ, ինչպես նաեւ առկա են լուրջ մարտահրավերներ` Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Իրան, Վրաստան-Ռուսաստան: Ի՞նչ է անում Միացյալ Նահանգները այս հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, մասնավորապես կապված Հայաստանի հետ, որը չունի առեւտրային հարաբերություններ ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի հետ:

Պետքարտուղար Քլինթոն: Այսպես, մեր մեծագույն հետաքրքրությունն այն է, որ Հայաստանը և Թուրքիան շարժվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Մենք լիովին աջակցում ենք այն ջանքերին, որոնք արդեն իսկ գործադրվել են: Մենք կոչ ենք արել վավերացնել հարաբերությունների կարգավորման արձանագրություններն` առանց նախապայմանների: Ինչպես արդեն ասել եմ, երբ այստեղ էի երկու տարի, գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում: Եվ ինձ գոհունակություն է պատճառում այն փաստը, որ Թուրքիայում և Հայաստանում այս խնդրի առնչությամբ բավականին լայն հանրային քննարկում են ընթանում, քանի որ, կարծում եմ, որ անկեղծ, բաց և կառուցողական քննարկումները կարևոր են երկու կողմերի համար` առաջ գնալու գործում:

Ինչ վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին որեւէ կապ չկա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացների միջեւ: Դրանք առանձին գործընթացներ են: Բայց մենք երկուսում էլ հավասարապես ներգրավված ենք և մեծ ջանք ենք գործադրում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այնպես որ տարածաշրջանային այս երկու հիմնահարցերում էլ Միացյալ Նահանգները եղել եւ շարունակելու է մնալ ակտիվորեն ներգրավված:

Մենք հավատում ենք, որ սրանք այն երկրներ են, որ պետք է ունենան բաց սահմաններ, աշխատեն միասին, առևտուր անեն և ունենան մարդկային շփումներ, քանի որ գտնում ենք, որ դա փոխադարձաբար շահավետ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, և իմ այցի պատճառներից մեկն էլ այս երկու տարբեր, սակայն շատ կարևոր հարցերի շուրջ աշխատանքի շարունակությունն է:

Հարց, Երկիր Մեդիա հեռուստաընկերություն: Տիկին պետքարտուղար, Ադրբեջանը անցյալ տարի տապալեց Կազանում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելը: Ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի տասնապատիկ ավելացմամբ, ամեն օր սպառնալով պատերազմ սկսել Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը: Այս գիշեր, Ձեր այցի նախօրեին, ևս ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Չե՞ք կարծում որ, հասունացել է պահը 1992թ. Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի գործողությունը վերականգնելու համար և որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակի սրումը կանխելու համար:

Երկրորդ հարցս պարոն Նալբանդյանին, պարոն նախարար, Թուրքիայից ամենաբարձր մակարդակով պնդում են, որ հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ ինչ-որ բանակցություններ են վարվում: Արդյոք այդ պնդումները համապատասխանում են իրականությանը:

Պետքարտուղար Քլինթոն: Ինչպես ես ասացի արդեն, շատ եմ մտահոգված այս պատահարներով եւ հորդորել եմ բոլոր կողմերին, բոլոր դերակատարներին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, քանի որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այն կարող է բացառապես լուծվել բանակցությունների սեղանի շուրջ եւ բնականաբար, վտանգ կա, որ այն կարող էր հանգեցնել առավել լայն հակամարտության, որը շատ աղետալի կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Այնպես որ Միացյալ Նահանգները, Մինսկի խմբի հետ մեկտեղ, վճռական է անել այն ամենը, ինչ կարող է: Այսօր, ես Նախագահի եւ արտգործնախարարի հետ քննարկել եմ կոնկրետ գաղափարներ եւ հստակորեն ասել եմ Նախագահին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի վրա: Եվ ոչ մեկ չի կարող առանձնացնել դրանցից որեւէ մեկը: Դրանք մշակվել են որպես մեկ ամբողջություն` կայուն լուծման հասնելու համար:

Այնպես որ մենք շարունակելու ենք մեր ջանքերը գործադրել: Այս ամսվա վերջին նախատեսվում է արտգործնախարարների հանդիպումը եւ մենք պատրաստվում ենք այս գաղափարները առաջ տանել, քանի որ կարծում ենք, որ բեկումնային լուծման հասնելն ու բռնության հետագա սրումից խուսափելը բխում է բոլորի շահերից:

Էդվարդ Նալբանդյան: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարող եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել, բանակցություններն ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարգել և իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, դա միջազգային հանրության մոտեցումն է, ինչի մասին ասաց նաև տիկին քարտուղարը:

Ես կցանկանայի հավելել նաև առաջին հարցին, որ մենք խստորեն դատապարտում ենք այն կոպտագույն սադրանքները, որ կազմակերպվել են ադրբեջանական կողմից Հայաստանի-Ադրբեջանի սահմանին, որոնք պետք է ցավով նշեմ, արդյունք են դարձել զոհերի, վիրավորների: Չբավարարվելով նրանով, որ ադրբեջանցիները ամեն օր խախտումներ են կատարում ը շփման գծում Լեռնային Ղարաբաղի հետ, իրենք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը բավականին վտանգում է բանակցային գործընթացը և ոչ միայն, վտանգում է նաև տարածաշրջանային կայունությունը: Դրա  բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:
 

Տպել էջը