Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին ԵԱՀԿ գործող նախագահող, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում

12 հունիսի, 2012

Բարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունելու Հայաստանում ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորին:

Չնայած մեր երկու երկրները աշխարհագրորեն մոտ չեն գտնվում, բայց դարերից եկող խորը կապեր են հաստատված եղել մեր ժողովուրդների միջև:

Հայաստանը կարևորում է հարաբերությունների զարգացումը, ամրապնդումը և ընդլայնումը Իռլանդիայի հետ:

Մենք պարոն Գիլմորի հետ բավական արդյունավետ հանդիպում էինք ունեցել անցյալ տարի Դուբլինում և այս այցելության ժամանակ մենք օգտագործեցինք հնարավորությունը քննարկելու համար երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի, միջազգային խնդիրների լայն շրջանակ:
Հայաստանը աջակցել է Իռլանդիային որպես ԵԱՀԿ-ի նախագահող ընտրությանը և ես վերահաստատեցի, որ Հայաստանը նպաստելու է բոլոր այն քայլերին, որոնք ձեռնարկվելու է իռլանդական նախագահությունը՝ ուղղված ԵԱՀԿ-ի առավել արդյունավետ և կենսունակ կազմակերպություն դարձնելուն:

Մենք քննարկեցինք Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը կազմակերպության գործունեության երեք հարթություններում:

Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Իռլանդիայի նախագահության կարևոր առաջնահերթություններից է կայունության ու խաղաղության ամրապնդումը Հարավային Կովկասում, ինչը կարևոր է նաև մեր երկրի համար:

Ես տեղեկացրեցի պարոն Գիլմորին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Մենք համամիտ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի:

Այս առումով Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, որոնք արտահայտվել են եռանախագահող երկրների նախագահների մակարդակով l՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում:

Մենք դեռ այսօր հնարավորություն ենք ունենալու շարունակել քննարկումները այլ հարցերի շուրջ:

Սիրով փոխանցում եմ խոսքը պարոն Գիլմորին:

Արմնյուզ հեռուստաընկերություն: Պարոն Նալբանդյան, վերջերս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարություն արեց, որում իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանցի զինվորների մահվան կապակցությամբ և ասաց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին հայկական կողմը չի արձագանքում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս հայտարարությունը: Շնորհակալություն:

Է. Նալբանդյան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այդ հայտարարությունից, թե ինքը մտահոգված է վերջին միջադեպերի արդյունքում միայն ադրբեջանցի զինվորների կորստից, ռասիստական հոտ է գալիս:

Երբևէ չենք լսել իրենից, որ ինքը մտահոգված լինի ադրբեջանցիների սադրանքների արդյունքում հայ զինծառայողների սպանություններով:

Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը խստորեն դատապարտում է այս արյունալի միջադեպերը, եւ ակնհայտ է, թե ով է դրանք կազմակերպելկոչ է անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, թուրքական կողմից այս կարգի հայտարարությունները, փաստորեն, խրախուսում են Ադրբեջանի նոր սադրանքները: 


Այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն չի արձագանքում, այլ նաև մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների դիպուկահարների դուրս բերման, հրադադարի ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկները, թուրքական կողմը փորձում է Ադրբեջանի պատասխանատվությունը բարդել այլոց վրա և ձևացնում է, թե իբրև տեղյակ չէ, թե ում պատճառով հնարավոր չեղավ առաջընթաց արձանագրել Կազանում՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության գալու հարցում:

20 տարի առաջ, երբ Հայաստանը դեմ չեղավ Մինսկի խմբում Թուրքիայի ներգրավմանը որպես անդամ, որոշ երկրներ ակնկալում էին, որ Թուրքիան անաչառ կլինի և կնպաստի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Բայց ինչպես 20 տարիները ցույց տվեցին, Թուրքիան ոչ միայն անաչառ չէ, ոչ միայն չեզոք չէ, այլ նաև իր դիրքորոշմամբ վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:

Հարց է առաջանում. արդյոք համատեղելի է Թուրքիայի նմանատիպ կեցվածքը Մինսկի խմբի անդամ լինելու հետ:

Արմենպրես գործակալություն, հարցս ուղղված է պարոն Գիլմորին: Պարոն Գիլմոր, շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին միջադեպերը հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե շանտաժի գնով հասավ նրան, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմը չկայացավ: Արդյո՞ք հանձնառություն ստանձնում է Իռլանդիան ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմը կայանա:

Արդյո՞ք պատրաստ է գնալ մինչև վերջ այս հարցում, չնայած Ադրբեջանի շանտաժին:

Է. Նալբանդյան: Ես կցանկանայի հավելել, որ Հայաստանը կողմ է եղել և մնում այս մեխանիզմի ստեղծմանը և ի տարբերություն Ադրբեջանի, երբ որ մենք ինչ-որ բանի մասին պայմանավորվում ենք, հաջորդ օրը մենք հետ չենք կանգնում:

Ես հիշեցնեմ, որ մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համապատասխան դրույթներ են պարունակվում համապատասխան հայտարարությունների մեջ, որոնք արվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, որոնք արվել էին Սոչիում թե 2011թ. մարտին և թե 2012թ. հունվարին: Մենք հարգում ենք այդ պայմանավորվածությունները և կողմ ենք մեխանիզմի ստեղծմանը:

Տպել էջը