ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսին
12 հուլիսի, 2012Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինձ հաճելի է նշել, որ Հայաստանը մեծապես աջակցել է պարոն Զանիերի ընտրությանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և համոզված ենք, որ նրա նման փորձված դիվանագետը հմտորեն և իմաստուն կերպով կիրականացնի ԵԱՀԿ քարտուղարության ղեկավարությունը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը առանցքային դեր է խաղում «Վանկուվերից Վլադիվոստոկ» ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում: Հայաստանը ԵԱՀԿ-ին իր անդամակցության 20 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել կազմակերպության ամրապնդմանը, հեղինակության բարձրացմանը, Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերում կազմակերպության շրջանակներում իրականացվող ծրագրերին և գործողություններին ԵԱՀԿ գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում:
Այժմ ԵԱՀԿ-ն գտնվում է բարեփոխումների գործընթացում, և պիտի նշեմ, որ Հայաստանը կաջակցի ցանկացած նախաձեռնության, որի նպատակն է կազմակերպության արդյունավետության և հեղինակության բարձրացումը:
Մենք նաև կարևորում ենք ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առավել քան տասնամյա արդյունավետ գործունեությունը, որը զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման
տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Ի վերջո, ԵԱՀԿ-ն մեզ համար կարևորվում է նաև նրանով, որ Մինսկի խմբի շրջանակներում են անցկացվում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները:
Հանդիպման ընթացքում, իհարկե, անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի շուրջ: Մենք համակարծիք ենք, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում: Եվ որքան շուտ բոլորը հասկանան դա, և, ինչպես նշում են համանախագահ երկրների ղեկավարները սկսեն պատրաստել հասարակությունը խաղաղության և ոչ թե պատերազմի, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի գալ համաձայնությունների:
Այս առումով մենք կարևորեցինք նաև վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ գործնական քայլերի համաձայնեցումն ու շուտափույթ կիրառումը:
Սիրով փոխանցում եմ խոսքը պարոն Զանիերին:
Աննա Նազարյան, Ռադիոլուր: Երկու հարց ունեմ: Նախ, առաջին հարցս պարոն նախարարին է ուղղված: Պարոն նախարար, վերջերս Ալիևը հայտարարեց իր ելույթներից մեկում, որ որևէ զիջում չի անի իր դիրքերից. Այս դեպքում, ինչ եք կարծում, ինչպես է արդյունավետությունը բանակցությունների և ինչ կտա այն:
Էդվարդ Նալբանդյան: Եռանախագահները հայտարարում են, կոչ են անում կողմերին զերծ մնալ մաքսիմալիստ դիրքորոշումներից՝ ի պատասխան ադրբեջանական ղեկավարության կողմից լսում ենք, որ ոչ մի զիջում չեն անելու:
Վերջերս Լոս Կաբոսի հայտարարության մեջ հստակ ասվում է, որ այլընտրանք չկա բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և ուժի գործածում չի բերի հանգուցալուծման: Դրան ի պատասխան մեկ շաբաթ անց, Ադրբեջանի ամենաբարձրագույն ղեկավարության կողմից ասվում է՝ գնել ենք, գնում ենք և ավելի շատ զենք ենք գնելու հարցի լուծման համար:
Եռանախագահներն առաջարկում են մեխանիզմ ստեղծել միջադեպների հետաքննության համար, դիպուկահարներին դուրս բերել, հրադադարի ռեժիմը ամրապնդել՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հիմնախնդրի կարգավորման համար: Իսկ ադրբեջանցիները ասում են՝ մենք կարիք չունենք ոչ մեխանիզմի ստեղծման, ոչ դիպուկահարների դուրսբերման, ոչ հրադադարի ռեժիմի ամրապնդման, որովհետև երբ կարգավորումը լինի, այդ ամենը կարիքը չի լինի: Մեկնաբանություններն ավելորդ են:
Այո, սա իրականությունն է, սակայն բանակցություններին այլընտրանք չկա և Հայաստանը շարունակելու է բանակցությունները, շարունակելու է ջանքեր գործադրել ուղղված հիմնախնդրի շուտափույթ կարգավորմանը:
Արմեն Ղազարյան, Արմենպրես գործակալություն: Պարոն նախարար, Թուրքական Միլլիեթի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն ասել է, որ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան ունի 3 քայլից բաղկացած կոմբինացիա` երկխոսություն ծավալել «տեղի ունեցած դեպքերի» շուրջ, աշխատանք` հայ սփյուռքի հետ, և զգայուն դիվանագիտության վարում Հայաստանի հետ, ինչի համար «հայերից պահանջվում է ընդամենը դուրս գալ ադրբեջանական տարածքների մի մասից»: Ինչպես կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
Էդվարդ Նալբանդյան: Գիտեք, ի տարբերություն Թուրքայից առաջարկվող նմանատիպ կոմբինացիաների, միջազգային հանրությունը առաջարկում է երեք քայլից բաղկացած այլ կոմբինացիա. առանց նախապայմանների արձանագրությունների վավերացում, առանց նախապայմանների պայմանավորվածությունների իրագործում և զերծ մնալ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապելու փորձերից ու չմիջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին:
Թուրքիան 97 տարի ձախողվել է այդ ուղղությամբ լուրջ քայլեր անելուց` առերեսվել իր պատմության հետ: Եթե հաջորդ երեք տարվա համար նույն ոճով է գործելու և առաջարկում է կոմբինացիա ինչ-որ քայլերից, որը ոչ մի տեղ չի տանում, ապա արդյունքը հայտնի է:
Մհեր Արշակյան, Ա1+: Ես ուզում էի իմանալ Հայաստանը ինչպես է իր հասարակությանը պատրաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Էդվարդ Նալբանդյան: Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, ռազմատենչ հայտարարություններ չի անում և ի տարբերություն Ադրբեջանի՝ չի ասում, որ մենք վերջին հինգ տարում 20 անգամ ավելացրել ենք մեր ռազմական բյուջեն, չի ասում, որ մեր ռազմական բյուջեն 10 անգամ ավելին է քան Ադրբեջանինը, չի մերժում միջազգային հանրության առաջարկները: Հայաստանի դիրքորոշումը այսօր համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է եռանախագահող երկրների ղեկավարների կողմից:
Արդեն չորս հայտարարություններ եղան: Լոս Կաբոսից առաջ երեք հայտարարություն էր արվել Մեծ ութնյակի շրջանակներում: Ամեն հայտարարությունից հետո Հայաստանի կողմից հնչեց համապատասխան ադեկվատ արձագանք, որ մենք ողջունում ենք այն ջանքերը որոնք գործադրվում են միջազգային հանրության կողմից, եռանախագահող երկրների կողմից և պատրաստ ենք այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորմանը:
Մինչ այսօր ոչ լ՝Աքվիլայի, ոչ Մուսկոկայի, ոչ Դովիլի, ոչ էլ Լոս Կաբոսի հայտարարությունների վերաբերյալ Ադրբեջանի կողմից մենք չենք լսում նման պատրաստակամություն: Նրանք պոկում են հայտարարություններից ինչ-որ մի դրույթի մի մաս և յուրահատուկ խմբագրությամբ ներկայացնում այն, և ձևացնում, որ միջազգային հանրություննը կիսում է իրենց կարծիքը:
Միջազգային հանրությունը հստակ կարծիք ունի, որ ուժի կիրառումը չի բերելու կարգավորման և ուժի նոր կիրառումը խստորեն դատապարտվելու է միջազգային հանրության կողմից: Չնայած դրան, Ադրբեջանից լսում ենք՝ ով կարող է մեզ ասել, թե ինչ հայտարարություն անել, թե ինչքան գումար ծախսել, ռազմական բյուջեն ինչքան ավելացնել և ինչ ձեւով լուծել այս խնդիրը: Հայաստըանի եւ Ադրբեջանի մոտեցումների մեջ տարբերությունը շատ-շատ մեծ է:
Դա բերում է այն իրավիճակին, որն այսօր Ադրբեջանում հանրային կարծիքի մեծ մասը տրամադրված է հոգուտ պատերազմի: Չեմ կարծում, որ Դուք, կամ Հայաստանում շատ մարդիկ տրամադրված լինեն հոգուտ պատերազմի: Հայաստանում բացարձակ ջախջախիչ մեծամասնությունը խաղաղության է տրամադրված: