Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսին
11 սեպտեմբերի, 2012Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:
Սա շատ կարևոր այցելություն է, որովհետև վերջին տասը տարում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի այցելություն չէր եղել: Մենք շատ ուրախ ենք ողջունել արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Այսօր մենք հնարավորություն ունեցանք խոսել անցած ճանապարհի մասին, քանի որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ կան Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև, խոսեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին:
Նաև անդրադարձանք փոխադարձ գործակցությանը տարբեր միջազգային կազմակերպություններում, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, մի շարք տարածաշրջանային, միջազգային խնդիրների:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարն ներկայացրեց զարգացումները Եվրոպական Միության շրջանակներում, եվրոպական երկրներում:
Մենք խոսեցինք Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին: Ես ներկայացրեցի մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:
Շատ ուրախ եմ ողջունել պարոն Ասելբորնին, մենք հնարավորություն ենք ունենալու շարունակել կարծիքների փոխանակումը այսօր երեկոյան:
Փոխանցում եմ խոսքը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին:
Շնորհակալություն, Մեդիամաքս գործակալություն: Առաջին հարցս պարոն Նալբանդյանին կուզեի ուղղել: Պարոն նախարար, երեկ տեղեկություն հայտնվեց ԶԼՄ-ներում, որ Հունգարիայի արտգործնախարարը նամակ է Ձեզ հղել, որում ցանկություն է հայտնել կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները և միևնույն ժամանակ սպառնալիք է հնչեցնում, որ հարաբերությունների կասեցումը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք, արդյոք ստացել եք այդպիսի նամակ և ո՞րն է Ձեր արձագանքը:
Էդվարդ Նալբանդյան: Հարցը նրանում չէ՝ եղել է այդպիսի նամակ թե ոչ: Հունգարիայի արտգործնախարար պարոն Մարտոնիի նամակը հունգարական կողմը հրապարակել է:
Գիտեք, որ հունգարաադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության մոտ և համարժեք արձագանք եղավ միջազգային հանրության կողմից:
Ի՞նչ են ասում այսօր Ադրբեջանից: Այն ինչ մենք լսում ենք այսօր Ադրբեջանից ոչ պակաս շոկ է առաջացնում: Բայց ցավով կարող եմ նշել, որ Հունգարիայից էլ ինչ այսօր մենք լսում ենք, ոչ պակաս շոկ է առաջացնում:
Ի՞նչ է ասում Հունգարիան: Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել:
Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել:
Հունգարական կողմը ուղարկել է նոտաներ, նամակներ Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ:
Բայց նույն նամակը եզրափակվում է նրանով, միգուցե ս՞ա է հունգարական կողմի վրդովմունքի դրսևորումը, որ հունգարական կողմը շարունակելու է հանձնառու լինել Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ վստահության հիման վրա:
Հունգարական կողմն ասում է, որ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ որոշումը միանգամայն համահունչ է Ստրասբուրգի կոնվենցիային, Եվրախորհրդի կոնվենցիային: Դուք գիտեք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ այս գործարքը հենց այդ կոնվենցիայի չարաշահում է:
Սա է իրականությունը: Այն արձագանքները, որոնք լսվում են հունգարական կողմից, փորձեր են արդարացնել կատարվածը: Նրանք պնդում են, որ հունգարական կողմը պատասխանատվություն չի կրում: Հունգարիայի այս գործարքին գնալու պատասխանատվության համար է, որ Հայաստանը որոշեց կասեցնել հարաբերությունները Հունգարիայի հետ:
«Ազատություն ռադիոկայան»: Հարցս ուղղված է պարոն Նալբանդյանին: Պարոն Նալբանդյան, Հայաստանը կասեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ և մասնավորապես եվրակառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից Ֆյուլեն, Էշթոնը նշել են օրերս, որ այդ արտահանձնումը միջազգային կառույցների շրջանակներում է տեղի ունեցել: Հայաստանը ինչպե՞ս է գնահատում եվրակառույցների նման կեցվածքը և այս պայմաններում դարձյալ պետք է վերադառնամ Արևելյան Գործընկերության ծրագրին, ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումը Eastern Partnership ծրագրի:
Էդվարդ Նալբանդյան: Միջազգային հանրության մոտեցումը միաձայն մոտեցում էր և միասնական արձագանք:
Չկա որևէ միջազգային կառույց, որ իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ:
Եվրամիության կողմից ոչ միայն այդ հայտարարությունն է հնչել, որին Դուք հղում եք կատարում, նաև այլ հայտարարություններ են հնչել ներառյալ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից:
Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաև Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որևէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին:
Ո՞վ կարող է արտահայտել այս պայմաններում իր աջակցությունն Ադրբեջանին: Միգուցե համար մեկ հոգեբուժական հիվանդանոցի կոլեկտիվը, որը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին և այն մի քանի օր շարունակ տեղադրված էր Ադրբեջանի նախագահական կայքում: