Նախարար Նալբանդյանի ելույթը և պատասխանը հարցերին Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ մամուլի ասուլիսին
18 սեպտեմբերի, 2012Բարև Ձեզ,
Ցանկանում եմ ողջունել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար պարոն Դեյվիդ Լիդինգտոնին: Սա իր առաջին այցելությունն է Հայաստան: Վերջին տարիների ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Դեյվիդ Լիդինգտոնի հետ Լոնդոնում, այլ մայրաքաղաքներում, բազմաթիվ հեռախոսազրույցներ են կայացել: Ես շատ ուրախ եմ հյուրընկալել պարոն Լիդինգտոնին Հայաստանում:
Սա լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը և կարող ենք ասել, որ այսօր մեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են:
Հանդիպմանն անդրադարձանք երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Դուք գիտեք, որ պարոն Լիդինգտոնը բրիտանական կառավարությունում եվրոպական հարցերով պատասխանատուն է և, բնականաբար, բանակցությունների կարևոր թեմա էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Մենք մանրամասն անդրադարձանք Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին: Ընդգծվեց այն մեծ առաջընթացը, որը գրանցվել է այդ ուղղությամբ:
Դեյվիդ Լիդինգտոնին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին իրադարձությունները: Բնականաբար, անդրադարձ եղավ նաև Սաֆարովի ազատ արձակմանը և այն մեծ վնասին, որն այդ քայլը հասցրել է բանակցային գործընթացին, և, ընդհանրապես, տարածաշրջանում անվտանգությանը և կայունությանը:
Քննարկեցինք մի շարք այլ տարածաշրջանային և միջազգային հարցեր: Այսօր մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր բանակցությունները:
Փոխանցում եմ խոսքը պարոն Լիդինգտոնին:
Հ2 հեռուստաալիք: Եթե կարելի է ես երկու հարց ուղղեմ, Ձեզ պարոն նախարար և մեր հյուրին: Եվ առաջինը Ձեզ: Միջազգային հանրությունը կարծես թե միասնական էր հունգարա-ադրբեջանական գործարքին արձագանքներ տալիս: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Ադրբեջանը պարզապես կորցնում է միջազգային հանրության վստահությունը:
Էդվարդ Նալբանդյան: Միջազգային հանրությունը պակաս չունի այն փաստերի, որոնց պատճառով արդեն բավական վաղուց կարող էր չվստահել Ադրբեջանին:
Եթե մի կողմ դնենք թե ինչու ներկայիս Հունգարիայի կառավարությունը հավատաց ադրբեջանական խոստումներին և ազատ արձակեց Սաֆարովին, ապա գիտեք, որ սեպտեմբերի 2-ին հունգարական արտգործնախարարությունը և արդարադատության նախարարությունը հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը խոստում էր տվել, որ Սաֆարովն առնվազն 25 տարի դատավճռից սկսած բանտում կանցկացնի: Բայց Ադրբեջանն իր խոստումը չկատարեց:
Բազմաթիվ անգամներ Ադրբեջանը իր խոստումները և պայմանավորվածությունները չի հարգել և անտեսել է: Ինչպես դա եղավ այն պայմանավորվածության հետ, որը ձեռք էր բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով և որի մասին երկու անգամ հայտարարվել էր 2011թ. մարտին և 2012թ. հունվարին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքում երեք նախագահների կողմից ընդունված հայտարարություններում: Խոսքը գնում է շփման գծում հրադադարի խախտումների վերաբերյալ քննության մեխանիզմի ստեղծման մասին: Չնայած այդ պայմանավորվածությանը, և չնայած նրան, որ փաստորեն դա պաշտոնապես հայտարարվել էր նաև Ադրբեջանի նախագահի կողմից, Բաքուն ամեն ինչ արեց, որ չիրականացվեն այդ պայմանավորվածությունները, որ խոչընդոտվի այդ մեխանիզմի ստեղծումը:
1994թ. մայիսին, երբ եռակողմ հրադադար էր կնքվել Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկու ամիս անց պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որն Ադրբեջանը տապալեց:
1995թ. փետրվարին նոր համաձայնություն ձեռք բերվեց հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որ մինչ այսօր Ադրբեջանը մերժում է իրականացնել:
Ադրբեջանը մերժեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից առաջ, Աստրախանի հանդիպումից առաջ, Սոչիի հանդիպումից առաջ, Կազանի հանդիպումից առաջ: Քանի-քանի անգամներ կարող ենք այսպիսի օրինակներ բերել:
Անգամ եթե վերցնենք 2001թ.-ը, երբ այսպես կոչված Փարիզյան սկզբունքների շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել և դրանք դրվեցին Քի-Վեսթում՝փաստաթղթի վրա, Ադրբեջանը նորից մերժեց դրանք:
Այնպես որ պակաս չկա այդ փաստերի: Իր գործողություններով, իր քայլերով Ադրբեջանը ավելի է խորացնում անդունդը Ադրբեջանի և միջազգային հանրության միջև: Այո, դուք միանգամայն ճիշտ եք, որ միջազգային հանրությունը միահամուռ, միաձայն արտահայտեց իր վրդովմունքը այն որոշման կապակցությամբ, որն ընդունվել էր Ադրբեջանում: Բայց Ադրբեջանը ձևացնում է, որ անձրև է գալիս:
Պանարմենիան.նեթ: Պարոն Լիդինգթոն, Մեծ Բրիտանիան մեծագույն սատարողներից է և Կոսովոյի անկախության, և Ֆոլկլենդյան կղզիների ինքնորոշման: Քարտուղար Հեյգը նույնպես նշել է, որ ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության անկյունաքարային սկզբունքներից մեկն է: Արդյո՞ք, երբ ինքնորոշման իրավունքը բխում է Մեծ Բրիտանիայի շահերից, այն գերակա է, իսկ երբ ոչ՝ Մեծ Բրիտանիան ունի այլ մոտեցում այդ ինքնորոշման իրավունքի հարցում:
Էդվարդ Նալբանդյան: Ես կցանկանայի ավելացնել, որ ինքնորոշման իրավունքը ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության գլխավոր նպատակ է, դա ոչ միայն միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք է, այլ այս հարցում շատ մեծ նշանակություն ունի նաև անվտանգության գործոնը: Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովուրդը չի կարող իրեն ապահով զգալ մի երկրի մեջ, որտեղ զինվորները դիպուկահարների դասընթացների ժամանակ շարունակաբար կրակում են մի թիրախի վրա, որի ճակատին հայ է գրված: Արցախի բնակչությունը չի կարող ապահով զգալ, որի ոստիկաններին Սաֆարովի նման մարդասպաններին որպես օրինակ են բերում:
Անվտանգության գործոնը վերջին տարիների ընթացքում ինքնորոշում ստացած ժողովուրդների դեպքում կարևորագույն գործոն է եղել: Այստեղ միացել են, կարելի է ասել, բոլոր գործոնները: Թե որպես ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ, թե որպես միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք, թե Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործոն: