ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը հարցերին Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին

14 դեկտեմբերի, 2012

Ես կցանկանայի ողջունել այսօր Հայաստան այցելող Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի իմ գործընկերներին` պարոն Կարլ Բիլդտին, Ռադոսլավ Սիկորսկուն եւ Նիկոլայ Մլադենովին: Հատկապես կցանկանայի ողջունել Նիկոլայ Մլադենովին, ով առաջին անգամ է այցելում Հայաստան: Շվեդիայի եւ Լեհաստանի իմ գործընկերները նախկինում եղել են այստեղ:

Այսօր այս երկրների հետ մենք բավական լայնածավալ երկկողմ համագործակցություն ունենք, որը հիմնված է բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Մենք համագործակցում ենք թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ շրջանակներում:

Հատկապես ես կցանկանայի նշել Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը, որի ակունքներում եղել են Շվեդիան եւ Լեհաստանը, եւ այսօր էլ կարեւոր դերակատարություն ունեն Բուլղարիայի եւ այլ երկրների հետ միասին: Մենք կարեւորում ենք այս նախաձեռնությունը եւ այդ շրջանակներում արդեն բավական կարեւոր քայլեր են արվել:

Մենք արդեն հայտարարել էինք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, որ մոտեցել ենք դրանց ավարտին: Առաջընթաց է արձանագրվել նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում: Հուսով ենք, որ այս բանակցային գործընթացն ավարտին կհասցվի մինչ մյուս տարվա նոյեմբեր ամիս` Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը:

Ավարտել ենք վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ բանակցությունները եւ շուտով` մի քանի օրից, կստորագրենք համապատասխան համաձայնագիրը: Դա լավ հնարավորություններ կտա Հայաստանի երիտասարդությանը, ուսանողներին, մշակութային գործիչներին, գործարարներին, սպորտի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներին ավելի դյուրին կերպով մուտք գործել Եվրոպական միության երկրներ:

Մենք նաեւ օգտագործեցինք առիթը քննարկելու գալիք Վիլնյուսյան գագաթնաժողովը, անդրադարձանք մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Ես տեղեկացրեցի իմ գործընկերներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների, կարգավորման հետ կապված վերջին զարգացումների մասին:
Այսքանով եզրափակեմ եւ խոսքը փոխանցեմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիին:


News.am լրատվական գործակալություն, Մարիամ Լեւինա. Հարցս ուղղված է ՀՀ արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, Դուբլինի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարություններով է հանդես գալիս` մեղադրելով Հայաստանին, որ հնգակողմ հայտարարությունը չընդունվեց հայկական կողմի պատճառով: Ինչպես կմեկնաբանեք այդ մեղադրանքները:

Էդվարդ Նալբանդյան. Ես կառաջարկեի համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ելույթները Դուբլինում եւ դուք կտեսնեք, որ ինչ-որ ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը համահունչ է եռանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը:

Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանի նախարարը։ Իրենք ասում են, իրենք` լսում: Ես հիշեցնեմ, որ դա առաջին անգամը չէ, որ չստացվեց հնգակողմ հայտարարությունը, այդպիսի դեպքեր եղել են: Օրինակներից մեկը՝ Ալմաթայում 2010 թվականի հուլիսին հնգակողմ հայտարարություն էր պատրաստվում, բայց Ադրբեջանը պնդում էր տարածքային ամբողջականության սկզբունքի կարեւորության, գերակայության վրա՝ համեմատած այլ սկզբունքների հետ: Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք առաջարկվել էին եռանախագահների կողմից, մեկ ամբողջություն են եւ չի կարելի բաժանել մեկը մյուսից եւ որեւէ սկզբունք, որեւէ դրույթ չի կարող գերակայել մյուսների նկատմամբ:

Այս անգամ ադրբեջանցիները, չգիտես ինչու, չուզեցան, որ երեք հայտնի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում եւ տարածքային ամբողջականություն, անգամ հիշատակվեն: Ինչի՞ն հասան։ Հնգակողմ հայտարարություն չեղավ, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները ընդգծեցին այս երեք սկզբունքները: Ավելին ես ասեմ, Դուբլինում եռանախագահների կողմից արված հայտարարությունը ողջունելի է Հայաստանի կողմից եւ մենք կարող ենք նույն հայտարարությունն անել:

Տպել էջը