Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսին
07 մարտի, 2013Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Լինաս Լինկևիչուսին, որը այցելությամբ գտնվում է Հայաստանում:
Մենք օգտագործեցինք հանդիպման հնարավորությունը, որպեսզի քննարկենք երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների լայն շրջանակ։ Վերջին երեք տարում միայն արտգործնախարարները վեց փոխայցելություններ են կատարել, բազմաթիվ այլ հանդիպումներ են տեղի ունեցել:
Մենք պայմանավորվեցինք պահպանել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մեջ խորհրդակցությունների անցկացման ինտենսիվությունը:
Անդրադարձանք 2011 թ. Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի Հայաստան կատարած այցելության ժամանակ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Գոհունակություն հայտնեցինք, որ մենք բավական լավ համագործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Պայմանավորվեցինք ընդլայնել իրավապայմանագրային դաշտը երկու երկրների միջև, ակտիվացնել մշակութային փոխանակումները, քննարկեցինք առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ուղղությամբ առկա հնարավորությունները: Բնականաբար անդրադարձանք մի շարք տարածաշրջանային հարցերի։ Իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից համատեղ ձեռնարկվող ջանքերին:
Հրածին Սաֆարյան, Հ2 հեռուստաընկերություն. Հարցս պարոն Նալբանդյան Ձեզ: Մի քանի օր առաջ կայացավ Ձեր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և հայտնի է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նրանց տարածաշրջանային այցը կազմակերպելու ուղղությամբ: Հայտնի՞ է արդյոք ժամանակացույցը:
Այո, ժամանակացույցը արդեն հայտնի է. եռանախագահները կլինեն Հայաստանում և Ղարաբաղում մարտի չորրորդ շաբաթվա ընթացքում:
Լիլիթ Ասատրյան, Հայաստանի Հանրապետություն. Պարոն Նալբանդյան, այս տարի մայիսին Հայաստանը առաջին անգամ նախագահելու է Եվրոպայի խորհրդում: Ինչ ծրագրեր կան այդ առումով: Շնորհակալություն:
Այս ամսվա երկրորդ կեսին մենք սպասում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի պաշտոնական այցելությունը Հայաստան, որի ընթացքում կվերջնականացնենք Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը և առաջնայնությունները, որոնք կներկայացվեն մայիսի 16-ին Ստրասբուրգում, երբ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: Նախագահության շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելությունը Ստրասբուրգ: Այդ շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների մակարդակով, Սահմանադրական դատարանների, արտգործնախարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում ինչպիսիք են մշակույթը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը: Նախագահության շրջանակներում նաև մի քանի մշակութային միջոցառումներ են նախատեսված Ստրասբուրգում: Նախատեսված է Եվրախորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետների մակարդակով համաժողով: Ամբողջական ծրագիրը ինչպես նշեցի կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։
Էմմա Գաբրիելյան, Առավոտ օրաթերթ. Պարոն Նալբանդյան, անցած շաբաթ Ռուսաստանի օդային դեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից դուրս, ՀԱՊԿ երկրներ կարող են ուղարկվել Ռուսաստանի դեսանտային ուժերը՝ կանխելու համար խնդիրներ: Այս հայտարարությունը ներքաղաքական բավական լուրջ քննարկումների առիթ հանդիսացավ, նույնիսկ սուր քննադատության: Կցանկանայի մեկնաբանեիք այս հայտարարությունը:
Այս հայտարարության հատուկ մեկնաբանության կարիք չկա։ Պետք է նայել այն որոշումը, որն ընդունվել էր ՀԱՊԿ-ի շրջանակներում և վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների միջև համապատասխան պայմանավորվածությանը, գոյություն ունի համապատասխան փաստաթուղթ և պետք է հիմնվել դրա վրա։ Չեմ կարծում, որ այս կապակցությամբ որևէ հայտարարություն, մեկ խոսք ավել կամ մեկ խոսք պակաս, զգացմունքային մեկնաբանության կարիք ունի։