Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին
17 ապրիլի, 2013Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով այդ կարգավիճակում արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան:
Պարոն Յագլանդի այս այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:
Ուղիղ մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը:
ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները` մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված։ Ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում։
Գլխավոր քարտուղարի հետ մենք քննարկեցինք նաև Եվրոպայի Խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին՝ փորձելով մեր ներդրումը բերել Եվրոպայի Խորհրդի համար կարևոր գործընթացներին: Մենք ողջունում ենք Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի ձեռնարկած բարեփոխումները և հետևողականորեն աջակցել, աջակցում և աջակցելու ենք դրանց:
Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել՝ 12 տարի: Այդ ժամանակահատվածում մենք լուրջ առաջընթաց ենք ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և խորքային բարեփոխումներ ենք իրականացրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում: Հանդիպման ընթացքում Հայաստանի՝ որպես ԵԽ անդամ պարտավորությունների և հանձնառությունների առումով, երկուստեք կարևորել ենք Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:
Այսօր պարոն Յագլանդի հետ ստորագրեցինք Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման և դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:
Հանդիպման ընթացքում Գլխավոր քարտուղարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության, միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերը:
Հիմա կցանկանայի սիրով խոսքը փոխանցել պարոն Յագլանդին:
***
Հրածին Սաֆարյան: Հ2: Պարոն նախարար, հետաքրքիր է, Հայաստանի նախագահության շրջանակներում կարևոր միջոցառումները որոնք են լինելու: Կարող եք մեկ-երկուսը նշել:
Էդվարդ Նալբանդյան: Ինչպես ասացի, ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում, բայց կարող եմ այսօր նշել, որ բավական կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը: Նախատեսված է նաև հանդիպում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով։ Մեր նախագահության շրջանակում կկայանան բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ: Հատկապես ես կցանկանայի նշել հանրապետության նախագահի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ: Մի շարք մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն, ցուցահանդեսներ, համերգներ, բայց կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում:
Այսինքն, բավական մեծ է այս միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում:
Արտակ Բարսեղյան: Հայաստանի Հանրային ռադիո: Երկու կարճ հարց: Պարոն Նալբանդյան, արդյո՞ք Հայաստանի նախագահության շրջանում սպասվում է Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և նոր կառավարության ձևավորման շրջանակներում արդյո՞ք Դուք հանդիպել եք նախագահի հետ և ստացել նրանից առաջարկություն շարունակել պաշտոնավարել: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան: Երկրորդ հարցին պատասխանեմ: Եթե դուք նկատի ունեք տարբեր բամբասանքները, որոնք տպվում են մեր թերթերի մեջ, ապա չեմ կարծում, որ դրանք մեկնաբանելու կարիք կա: Իսկ ինչ վերաբերում է Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: