ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Չեռնոգորիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարի հետ ճեպազրույցի ժամանակ

07 մայիսի, 2013

Բարև Ձեզ,

Ուրախ եմ ողջունել Հայաստանում Մոնտենեգրոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար պարոն Իգոր Լուկշիչին:

Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր սա առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունն է Մոնտենեգրոյից, որը կարող է լավ սկիզբ, լավ առիթ հանդիսանալ նոր խթան հաղորդելու մեր հարաբերությունների զարգացմանը:

Մենք օգտագործեցինք այսօրվա հանդիպման հնարավորությունը քննարկելու երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծման, քաղաքական երկխոսության ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Վերջին տարիների ընթացքում տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում մի քանի հանդիպում է կայացել արտգործնախարարների մակարդակով: Մենք համակարծիք ենք, որ հնարավոր է ավելի սերտացնել մեր փոխգործակցությունը տարբեր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ստեղծել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմ:

Մենք խոսեցինք առևտրատնտեսական հարաբերությունների խթանման մասին, նաև համագործակցության զարգացման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, անդրադարձանք մշակութային փոխանակումներին:

Քննարկեցինք մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր: Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերի մասին: Պարոն Լուկշիչը ինձ տեղեկացրեց Բալկաններում զարգացումների վերաբերյալ:

Մենք հնարավորություն կունենանք շարունակելու մեր զրույցը աշխատանքային ճաշի ընթացքում:

Այժմ խոսքը սիրով փոխանցեմ գործընկերոջս:

Տպել էջը