ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2013 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

22 հունվարի, 2014

Հիմնվելով ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների վրա` Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը 2013 թվականի ընթացքում շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, միջազգային ասպարեզում մեր հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:

Տարին նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության
միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական և ռազմավարական շահերից։

2013թ.-ին կարևոր էին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի արդյունավետ նախագահությունները:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը 2013թ. շարունակեց Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:

Հունիսի 18-ին Էնիսկիլենում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ անգամ ևս վերահաստատեց, որ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի կողմից որդեգրված դիրքորոշմանն առ այն, որ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը չունի այլընտրանք և կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:

Հայաստանը նույն օրը բարձր գնահատեց այդ հայտարարությունը և, ի պատասխան եռանախագահ երկրների ղեկավարների կոչին, ևս մեկ անգամ վերահաստատեց իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա հիմնահարցի կարգավորմանը։

Բանակցային գործընթացին նոր թափ հաղորդելու վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվեց շուրջ երկու տարի ընդմիջումից հետո՝ նոյեմբերի 19- ին, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ժամանակ:
Չնայած տարվա ընթացքում Ադրբեջանական կողմը շարունակում էր
ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները Հայաստանի հետ սահմանին և
Արցախի հետ շփման գծում, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, Կիևում դեկտեմբերին կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդին ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ նշվեց հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման գործընթացի շարունակման հանձնառությունը։

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱԳՆ և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից սփյուռքի կառույցների հետ համատեղ հետևողական աշխատանքներ են տարվել Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը:

Հայաստանը շարունակել է սերտացնել իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տարին նշանավորվեց երկու երկրների բարձրագույն ղեկավարության փոխայցելություններով ու հանդիպումներով:

Տարեվերջին ՌԴ Նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերվեցին ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ՝ միտված Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Շարունակել է խորանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի բարեկամական գործընկերությունը, ինչին նաև նպաստել է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը:

Եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության, տնտեսական
համագործակցության և մշակութային կապերի ամրապնդումը շարունակել է մնալ
Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում: 2013 թ.
շարունակվել է Հայաստան-Եվրոպական Միություն ակտիվ համագործակցությունը:

Նոյեմբերի 29-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի շրջանակներում երկուստեք վերահաստատվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու հանձնառությունը: Այդ կապակցությամբ ընդունվել է Հայաստան - Եվրոպական Միություն համատեղ

հայտարարությունը, և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի միջև նամակներ են փոխանակվել, որոնք ուրվագծում են ապագային միտված Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։

Հայաստանը շարունակել է ամրապնդել բարիդրացիական
հարաբերություններն անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը:

Տարվա ընթացքում արտգործնախարարը այցելել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մայրաքաղաքներ, հանդիպումներ ունեցել այդ պետությունների իր գործընկերների հետ։

Շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը Անկախ Պետությունների
Համագործակցության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, ԱՊՀ
մասնակից պետությունների հետ ձևավորված ավանդական կապերի խորացումը:

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության ու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին մասնակցության վերաբերյալ որոշման համատեքստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին:

Կարևոր տեղ է հատկացվել Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններին: Շարունակվել են դիվանագիտական կապերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված հետևողական քայլերը:

Աշխատանքներ են տարվել արաբական երկրների հետ ավանդական հարաբերությունների զարգացման գործում, խորացել է համագործակցությունը լատինամերիկյան և ասիական տարածաշրջանների պետությունների հետ:

Օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել սիրիահայության
անվտանգության և Սիրիայում մեր պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերը:

Հայաստանի Հանրապետության անվտանգության կարևոր բաղադրիչ
հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում Հայաստանը շարունակել է հանդես գալ կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով:

Հետևողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Հետևողական կերպով շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը Միավորված Ազգերի Կազմակերպությունում, Հայաստանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ։

 

Շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և մի շարք այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին:

Կարևորելով արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը` շարունակվել են քայլերը միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, արտաքին տնտեսական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խրախուսման ուղղությամբ, շարունակվել են աշխատանքները գործընկեր պետությունների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների շրջանակներում:

ԱԳՆ համակարգմամբ տեղի են ունեցել տասնյակ միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ:

Արտաքին գործերի նախարարության կողմից ակտիվ աջակցություն է ցուցաբերվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կարևոր տեղ է հատկացվել տարբեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին:

Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման խթանումը նույնպես եղել է արտգործնախարարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ գործուն աջակցություն է ցուցաբերվել Սփյուռքի նախարարության աշխատանքներին:

ԱԳՆ համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը և նպաստել դրանց խորացմանը:

Արտաքին գերատեսչության գերակայությունների շարքում և մշտական ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում երկկողմ և միջազգային հարթություններում մշակութային համագործակցության խթանումը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը:

2013թ. ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 15 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 3 պետության և կառավարության ղեկավար: ԱԺ նախագահը 9 արտերկրյա այց է կատարել, Հայաստան է ժամանել 6 երկրի խորհրդարանի ղեկավար։

Վարչապետն իրականացրել է 6 արտերկրյա այցելություն։ Արտգործնախարարը կատարել է 48 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 12 երկրի արտգործնախարար և միջազգային կազմակերպության 10 ղեկավար:

Փոխայցելությունների արդյունքում ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվել ութսունվեց միջազգային պայմանագրեր:

2013թ. ընթացքում Հայաստանը դեսպանատներ է հիմնել Շվեդիայում, Մեքսիկայում, Վատիկանում, Վիետնամում և Ինդոնեզիայում, մշտական ներկայացուցչություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, գլխավոր հյուպատոսություններ՝ Մարսելում և Լիոնում, դիվանագիտական հարաբերություններ հաստատել 5 պետության հետ (Վանուատու, Մյանմար, Սվազիլենդ, Ուգանդա, Մավրիկիոս):

Հայաստանը շարունակել է մնալ որպես վստահելի գործընկեր, որի մասին վկայում են, այդ թվում և Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ դրական հրապարակումները հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում:

Հանրապետության Նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը մի քանի տասնյակ հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ են տվել աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներին, մի շարք օտարերկրյա երկրներում հանդես եկել դասախոսություններով:

 ԱԳՆ տարեկան հաշվետվություն 2013

Տպել էջը