Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները հարցերին Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ համատեղ մամուլի ասուլիսին

10 մարտի, 2014

Բարև ձեզ,

Ուրախ եմ այսօր ողջունել Երևանում իմ սերբ գործընկերոջը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին, ով գտնվում է Հայաստանում պաշտոնական այցելությամբ: Մենք քիչ առաջ բավական բովանդակալից և արդյունավետ առանձնազրույց ունեցանք, խոսեցինք մեր երկկողմ հարաբերություններից, տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերից։

Մենք կշարունակենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ընթացքում: Այսօր պարոն Մրկիչը հանդիպումներ կունենա նաև Հանրապետության նախագահի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ, կայցելի Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոսին, կայցելի նաև Ծիծեռնակաբերդ:

Մենք այսօր համաձայն էինք իմ գործընկերոջ հետ, որ պետք է առավել ջանքեր գործադրենք ամրապնդելու, ընդլայնելու, խորացնելու համագործակցությունը երկու երկրների միջև բոլոր հնարավոր ոլորտներում։

Ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ամրապնդման կարևորությունը: Այսօր շատ պայմանագրեր չունենք կնքված՝ միայն հինգ պայմանագիր։

Քիչ առաջ ստորագրեցինք ևս մեկ համաձայնագիր, որը վերաբերում է երկակի հարկումից խուսափելուն։

Հուսով եմ, որ շուտով մենք կհամալրենք մեր իրավապայմանագրային դաշտը։ Բազմաթիվ նախագծեր են քննարկվում: Մենք հոսով ենք, որ հաջորդ այցելության ժամանակ դրանք պատրաստ կլինեն ստորագրմանը։

Խոսեցինք նաև մշակութային կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման մասին, ապրանքաշրջանառությունը դեռ բարձր մակարդակի վրա չէ, թեև առկա ներուժը մեծ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում առևտրաշրջանառության աճ է նկատվում է, բայց միևնույն է, այն չի համապատասխանում առկա ներուժին։

Մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, համաձայնեցինք, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա:

Անդրադարձանք նաև այն բանակցային գործընթացից, որն ընթանում է Սերբիայի և Կոսովոյի միջև, Հայաստանը գտնում է, որ դա դրական գործընթաց է, և մենք ցանկանում ենք Սերբիային հաջողություններ այդ գործում:

Այժմ խոսքս սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջը:

***
Հանրային Ռադիո- Պարոն նախարար, որն է Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Մեր մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կողմից նույնիսկ գրառում չի կատարվել Ուկրաինայի դեսպանատանը բացված սգո մատյանում։ Կպարզաբանե՞ք ինչու:

Էդվարդ Նալբանդյան- Կարծում եմ, դրանք անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցություն Ուկրաինային, Ուկրաինայի ժողովրդին: Դա եղել է այդ սգո մատյանի բացումից մեկ-երկու օր առաջ: Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Երևանում Ուկրաինայի դեսպանությունից, որը մուտքագրվել է փետրվարի 24-ին` սգո մատյանի բացման հաջորդ օրը։

Նույն օրը Ուկրաինայի դեսպանի հետ հեռախոսազրույց է ունեցել արտգործնախարարության ներկայացուցիչը և դեսպանն ըմբռնումով է մոտեցել, որ այդ հայտագիրը իրոք ուշացումով է ստացվել:

Ինչ վերավերում է մեր դիրքորոշմանը, մեր մոտեցումներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, ապա Հայաստանի մոտեցումներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակով, Հանրապետության Նախագահն է խոսել դրա մասին:

Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի իրավական դաշտում խաղաղ ճանապարհով լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն Նախարար, Հայաստանը Ռուսաստանի հետ միասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Երկու հարց ունեի` ուկրաինական ճգնաժամի հետ կապված: Քննարկվե՞լ է արդյոք ՀԱՊԿ ձևաչափում այդ ճգնաժամը, և եթե քննարկվի, Հայաստանն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան – Ընդհանրապես ես չեմ սիրում «եթե»-ներով խոսել՝ եթե այսպես, եթե այնպես։ Իհարկե, բնական է, որ ՀԱՊԿ շրջանակներում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որովհետև այդ շրջանակում արտաքին քաղաքականությանը կոորդինացնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա: Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այդ ժամանակ կտեսնենք` ինչպիսի զարգացումներ կլինեն, և համապատասխան ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն։

«Տունյա» Գործակալություն. Պարոն նախարար, ի՞նչ ուղղություններ եք տեսնում տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյան. Մենք այսօր խոսել ենք մեր տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ և, ինչպես նշեցի, կշարունակենք այդ քննարկումները: Կարծում եմ, որ ուղղությունները բավական շատ են։ Օրինակ կարող է լինել տուրիզմը։ Տուրիզմի բնագավառում պատրաստում ենք համաձայնագիր կնքել:

Դա կարող է լինել և արդյունաբերության, բանկային բնագավառներում։

Պետք է հատուկ նշեմ, որ վաղը կայանալու է բիզնես-ֆորում, և պարոն Մրկիչն եկել է գործարարների հետ։ Կարծում եմ այդ բիզնես-ֆորումի ընթացքում բավական մանրամասն կքննարկվեն հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական համագործակցության ոլորտին:

Ես ողջունում եմ, որ նախարարն եկել է բիզնեսմենների հետ: Երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև համապատասխան պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նախագահների այցելությունների ժամանակ՝ 2009թ. Սերբիայի նախագահի Հայաստան և 2011թ. Հայաստանի նախագահի՝ Սերբիա։

Կարծում եմ վաղը լավ հնարավորություն կլինի շարունակել քննարկումները երկու առևտրաարդյունաբերական պալատների միջև:

Մեդիամաքս. Պարոն նախարար, մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, մեզ հետաքրքրում է՝ նախատեսվա՞ծ է արդյոք համանախագահների հանդիպում Ձեզ հետ:

Էդվարդ Նալբանդյան. Այո, նախատեսված է։ Դա լինելու է վաղը՝ Մոսկվայում, ես կհանդիպեմ եռանախագահների հետ: Երևի, գիտեք, որ եռանախագահներին հանդիպել էի Փարիզում՝ տասն օր առաջ:

Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ:

Տպել էջը