ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սեյգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

23 հունիսի, 2014

Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Հարգելի բարեկամներ,

Բարի գալուստ Երեւան:

Մեր հանդիպումները կրում են կանոնավոր և միշտ բովանդակալից ու արդյունավետ բնույթ: Մեր միջեւ առկա է մշտական ինտենսիվ ​​երկխոսություն:

Նախարար Լավրովի այցը Երեւան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով:

Մենք Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ նշեցինք, որ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դաշնակցային փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ոլորտներում ունի դրական դինամիկա:

Բանակցությունների ընթացքում հարցերի առանձին խումբ նվիրված էր եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Մենք հանգամանալից քննարկեցինք Հայաստանի` Եվրասիական միությանը անդամակցելու հետ կապված մի շարք հարցեր:

Գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական համագործակցության և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, ապակենտրոնացված փոխգործակցության դրական ընթացքը։ ՌԴ շուրջ յոթանասուն սուբյեկտներ գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի մարզերի հետ:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերը: 2013թ. ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 10%-ով և կազմել է մոտ 1,445 մլրդ. ԱՄՆ դոլար: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ կարևոր ներդրող: Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 3,2 մլրդ. ԱՄՆ դոլարը: Այսօր Հայաստանում ռուսական կապիտալով գործում են շուրջ 1300 ձեռնարկություններ: Կան նոր մտահղացումներ, ծրագրեր, և կողմերը նպատակաուղղված աշխատում են՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները բախվեցին որոշակի դժվարությունների հետ, ինչը նույնպես այսօր մեր քննարկումների առարկան էր հանդիսանում:

Իհարկե, հանգամանալից անդրադարձ կատարվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի համար:
Մեկ ամիս առաջ նշեցինք հրադադարի հաստատման 20-ամյակը և լավ ենք հիշում, որ հատկապես ռուսական կողմի ջանքերի, ռուսաստանյան միջնորդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի ստորագրմանը, որին միացավ նաև Հայաստանը:

Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային արդի թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձանք իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Մենք ակտիվ և բարեհաջող համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ: Բնականաբար, սերտ փոխգործակցություն է իրականացվում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: ԱԳՆ-ների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ: Հաստատված ծրագրի համաձայն` յուրաքանչյուր տարի անցկացվում է շուրջ տասը խորհրդատվություն:

Սա է, ընդհանուր առմամբ, այսօրվա բանակցությունների բովանդակությունը:

Կցանկանայի կրկին ողջունել պարոն Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը, և նրան փոխանցել խոսքը:


Հարց. Վլադիմիր Կոստարև, ԻՏԱՌ-ՏԱՍՍ. Պարոն Նալբանդյան, հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատված լավ հարաբերությունները` ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Ռուսաստանը նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Շնորհակալություն:

Պատասխան. ՌԴ արտգործնախարարը ներկա էր գտնվում 2009թ. հոկտեմբերին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այդ գործընթացին աջակցող Ռուսաստանի և այլ պետությունների դիրքորոշումը արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ ասվել է, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք դրված էին 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հիմքում:

Այնպես որ Ռուսաստանը իրոք կարող է և փորձում է անել այն, ինչ հնարավոր է:


Հարց. News.am, Մարիամ Լևինա. Կապված ֆրանսիական կողմի առաջարկի հետ` կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում` Մամեդյարովը հայտնեց, որ Բաքուն սպասում է հստակության: Ինչի՞ մասին է խոսքը:

Պատասխան. Տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը
ներկայացրել է առավել քան կոնկրետ առաջարկ, այդ թվում և բովանդակային
առումով` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով կազմակերպելու վերաբերյալ: Երևում է` այդ հստակությունը Բաքվի սրտով չէ, ուստի այնտեղ այլ բանի են սպասում:

Չգիտես ինչու մշտապես Ադրբեջանի սրտով չեն միջազգային հանրության անունից համանախագահող երկրների կողմից արվող առաջարկները, այդ թվում `հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, սրտով չեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարություններում որպես մեկ ամբողջություն ներկայացված առաջարկները:

Համանախագահող երկրների կողմից ներկայացվող հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ առաջարկներին այլընտրանք պարզապես գոյություն չունի: 

Տպել էջը