ՀՀ ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին` Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին
08 սեպտեմբերի, 2014Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող իմ ավստրիացի գործընկերոջը` Ավստրիայի արտաքին գործերի նախարար պարոն Սեբաստիան Կուրցին:
Այսօր մենք լավ հնարավորություն ունեցանք խոսելու մեր երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակից: Անդրադարձանք այս հունիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական այցելության ընթացքում և դրան նախորդած Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերի` Հայաստան այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային, միջազգային հարցերի շուրջ: Մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր զրույցը նաև աշխատանքային ճաշի ընթացքում:
Ուրախ եմ, որ պարոն Կուրցի հետ Հայաստանում է գտնվում Ավստրիայից գործարարների մեծ խումբ, հատկապես էներգետիկայի ոլորտից: Կարծում եմ, որ դա խթան կարող է հանդիսանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման իմաստով:
Մենք կարծիքներ փոխանակեցինք` ինչպես ընդլայնենք արդեն բավական հարուստ իրավապայմանագրային դաշտը, որը գոյություն ունի։ Մեր երկու երկրների միջև մոտ քսան պայմանագիր է ստորագրված: Խոսեցինք այն մասին, թե ինչպես ակտիվացնենք միջխորհրդարանական կապերը, նաև նշեցինք, որ մեծ հնարավորություններ կան ապակենտրոնացված համագործակցության զարգացման համար:
Կարևորեցինք պարբերական խորհրդակցությունների անցկացումը արտաքին գործերի նախարարությունների միջև: Մենք մշտապես հանդիպումներ ենք կազմակերպում արտաքին գործերի նախարարների, ԱԳՆ-երի ներկայացուցիչների միջև տարբեր միջազգային ֆորումների ընթացքում, և մենք շարունակելու ենք այդ բարի ավանդույթը, որը, ստեղծվել է երկու արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հիմա սիրով կցանկանայի փոխանցել խոսքը Սեբաստիան Կուրցին:
Խնդրեմ:
Հարց. Պարոն Նալբանդյան, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրում, կարծես, առավելություն է տրվում տարածքային ամբողջականությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
Եվ հարց երկու նախարարներին. Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայի հարավ-արևելքում հրադադարի մասին պայմանավորվածությունը։
Էդվարդ Նալբանդյան. Վստահ եմ, որ գիտեք, որ ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: Ավելին` իր աջակցությունն է հայտնել եռանախագահող երկրների մոտեցումներին և ջանքերին, որոնք բազմիցս արտահայտվել են` նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների միջոցով, և որոնք համահունչ են Հայաստանի մոտեցումներին։
Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաև վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին և մոտեցումներին, չի համապատասխանում նաև այն բազմաթիվ հայտարարություններին և որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:
Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաև տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի և ավելի է կտրվում իրականությունից, և իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, նաև` Հելսինկյան Եզրափակիչ ակտին:
Ուկրաինայի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները և հուսով ենք, որ դրանք կյանքի կկոչվեն, արդեն սկսել են կյանքի կոչվել, և դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու, հարատև կարգավորման համար:
Հարց. Ինչպե՞ս է ընթանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, և ի՞նչ դեր է խաղում այդտեղ ղաբարաղյան հարցը։
Էդվարդ Նալբանդյան. Բանակցություններն ընթանում են բնական հունով և կարծում եմ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն, իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե Հայաստանի կողմից, թե Ռուսաստանի կողմից, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը:
Հարց. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյոք նշանակում է, որ ԵՄ հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը ամբողջովին փակվել է։
Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ` այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը: