ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ, գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հարցերին
29 սեպտեմբերի, 2014Ուրախ եմ Երևանում ողջունել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ, գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկին, որի հետ քիչ առաջ ունեցանք բովանդակալից բանակցություններ, քննարկեցինք համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագայի անելիքները, հեռանկարային նախագծերը։
Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքը՝ մեր անկախության քսաներեք տարիների ընթացքում, աջակցությունը Հայաստանի զարգացմանը, ամենատարբեր բնագավառների խնդիրների լուծմանն ուղղված օժանդակությունը:
Հանդիպման ընթացքում տիկին Քլարկի հետ մտքեր փոխանակեցինք աշխարհի տարբեր անկյուններում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող առաքելության, ինչպես նաև՝ գլոբալ խնդիրների լուծմանն ուղղված գործունեության վերաբերյալ:
Մեր բանակցությունների ընթացքում անդրադարձանք միջազգային օրակարգի կարևոր խնդիրներին և դրանց լուծման գործընթացներում ՄԱԿ-ի դերակատարությանը։
Երկուստեք խորը մտահոգություն հայտնեցինք` Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների կողմից իրականացվող բռնությունների կապակցությամբ։
Այս առումով կարևոր է անցյալ շաբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունված բանաձևը, որն ուրվագծում է ծայրահեղականների դեմ պայքարի հիմնական ուղղությունները։
Զրույցի ընթացքում կարևորեցինք ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ մեր երկրի համագործակցությունը: Մենք համոզված ենք, որ այդ կազմակերպությունների գործունեությունը որևէ երկրում պետք է հիմնված լինի տվյալ երկրի կարիքների ու նախապատվությունների վրա։
Հայաստանը մշտապես ջանացել է իր ներդրումն ունենալ գլոբալ գործընթացներին և ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի նոր օրակարգի մշակմանը: Այդ առումով, ուրախ եմ՝ հայտնելու, որ Հայաստանը հաջորդ ամիս հյուրընկալելու է «Կառավարումը և կառավարությունը կայուն զարգացման համար» տարածաշրջանային համաժողովը։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երևանյան գրասենյակին՝ համաժողովի կազմակերպմանը աջակցելու համար։
Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ տիկին Քլարկին:
Հարց. ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանին Ադրբեջանի ԱԳ նախարարը իր ելույթում շեշտեց միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մասին և կարևորեց դրանց կողմից ընդունված բանաձևերը, փաստաթղթերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Իրականում այդ փաստաթղթերն ու բանաձևերը ի՞նչ կարևորություն ունեն՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում:
Պատասխան. Կարծում եմ՝ Դուք նկատել եք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հիշատակված կազմակերպությունների շարքում չկան ԵԱՀԿ-ն և Մինսկի խմբի համանախագահները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ և ունեն միջազգային հանրության միջնորդության մանդատ, և այս խնդրի հանգուցալուծման նպատակով աջակցում են կողմերին:
Այն կազմակերպությունները, որոնք հիշատակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, ոչ միայն չունեն այս մանդատը, այլև չեն զբաղվում այս հարցով։ Ադրբեջանը փորձում է տեղափոխել բանակցային գործընթացը այլ ձևաչափեր, որտեղ չկա խորը պատկերացում այս հիմնախնդրի վերաբերյալ: Դա ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական կողմը դեռ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։ Պատրաստ չէ հանգուցալուծմանը՝ միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով ներկայացված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, դրույթների հիման վրա, որոնք արտացոլված են լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսքիլենում եռանախագահող երկրների ղեկավարների ընդունած հայտարարություններում:
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է այս հինգ հայտարարություններում ներկայացված դրույթների, առաջարկությունների, սկզբունքների հիման վրա շարունակել բանակցություններն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հարց. Հայաստանի Նախագահը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու հարցը: Ասացեք խնդրեմ, կա՞ն մոտավոր ժամկետներ՝ երբ են Հայաստանի իշխանությունները պատրաստվում խորհրդարանից հետ կանչել արձանագրությունները:
Պատասխան. Եթե այդպիսի բան արդեն լիներ, Հանրապետության Նախագահը միգուցե ասեր դրա մասին։ Բայց Նախագահն ասաց այն, ինչ որ ասել է, դրան ավելացնելու դեռ ոչինչ չունեմ: