ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հնչած հարցերին
23 հոկտեմբերի, 2014Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունել իմ լավ բարեկամին, իմ գործընկերոջը` Գերմանիայի արտգործնախարար պարոն Շտայնմայերին, ով Երևանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Վերջին մեր հանդիպումը մի քանի ամիս առաջ էր` հունիսին, երբ ես Բեռլինում էի: Մեր առաջին հանդիպումը կայացել է դեռ տարիներ առաջ՝ 2008թ., և մենք պարբերաբար հանդիպում ենք: Բոլոր մեր հանդիպումները շատ արդյունավետ են և բովանդակալից, ինչպես այսօրվանը:
Մենք անդրադարձանք երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, որը բարձր մակարդակով ու շատ ակտիվ ձևով է ընթանում, մեր առևտրատնտեսական համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտին. այսօր մենք հինգ տասնյակից ավելի կնքված պայմանագրեր ունենք, պատրաստվում են նոր փաստաթղթեր:
Խոսեցինք միջխորհրդարանական հարաբերությունների, ապակենտրոնացված համագործակցության մասին: Անդրադարձանք նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային հարցերի։
Մանրամասնորեն քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Ես ներկայացրի այն համատեղ ջանքերը, որոնք Հայաստանը եռանախագահների հետ միասին գործադրում է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, տեղեկացրի ամսվա վերջին Փարիզում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Խոսեցինք նաև Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների մասին: Մենք կարևորում ենք մեր երկկողմ համագործակցությունը Գերմանիայի հետ նաև այդ ձևաչափով, այդ համատեքստում: Շարունակելու ենք ջանքեր գործադրել մեր եվրոպական գործընկերների հետ, որպեսզի նոր իրավական հիմք ձևավորենք Հայաստանի և Եվրամիության միջև:
Մենք անդրադարձանք նաև մի շարք այլ հարցերի, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը, նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացը, իրավիճակը Սիրիայում, Իրաքում, ընդհանրապես, Միջին Արևելքում: Մենք դեռ այսօր շարունակելու ենք մեր քննարկումները:
Սիրով փոխանցում եմ խոսքը պարոն Շտայնմայերին:
Հարց. (Մեդիամաքս). Պարոն Նալբանդյան, Էրդողանը երկու օր առաջ հայտարարել է, որ 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների և արխիվների նյութերի վրա։ Թուրք հետազոտողները, վկայակոչելով այդ նույն արխիվները, եզրակացնում են, որ ցեղասպանությունն իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ։ Ի՞նչպես կմեկնաբանեք դա։
Պատասխան. Տարօրինակ է, որ թուրքական գրադարաններում կամ արխիվներում ցեղասպանությանը վերաբերող նյութերն իրենց բովանդակությամբ միանգամայն տարբերվրում են ողջ աշխարհի արխիվներում և գրադարաններում պարունակվող նյութերից։ Եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են նման նյութերի վրա, պատահական չէ, որ զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքների։
Ի դեպ, քիչ առաջ իմ գործընկերոջը՝ պարոն Շտայնմայերին, փոխանցեցի գերմանական արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանությունը վկայող շուրջ 240 փաստաթղթերից բաղկացած մի նոր հրատարակություն։
Հարց. (Շպիգել). Հարցս ուղղում եմ երկու նախարարներին, առաջինը` Հայաստանի արտգործնախարարին: Գերմանիայում այժմ ցուցադրվում է մի ֆիլմ “The Cut”, որի ռեժիսորը գերմանացի թուրք է: Ֆիլմում խոսվում է 1915թ. հայերի հանդեպ կոտորածի մասին: Հաջորդ տարի այդ կոտորածների 100-ամյակն է: Կարո՞ղ եք պատկերացնել, որ այդ 100-ամյա ողբերգական տարելիցին ընդառաջ ինչ-որ հաշտեցման նշաններ ի հայտ գան Թուրքիայի հետ, նաև՝ Ադրբեջանի հետ:
Պատասխան. Գիտեք, որ դեռ 6 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ մենք այդպիսի լուրջ ոչ միայն նշաններ, այլև լուրջ քայլ արեցինք. ձեռք մեկնեցինք, սկսեցինք մի գործընթաց, որը բերեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը, որոնք պետք է մեզ հնարավորություն տային կարգավորել հարաբերությունները, բացել սահմանները, և նաև պայմաններ ստեղծել երկու ժողովուրդների միջև շփվելու, անկաշկանդ խոսելու բոլոր հարցերի շուրջ։ Եվ ոչ թե Հայաստանը, այլ հենց Թուրքիան էր, որն ուժ չգտավ իր մեջ վավերացնել և իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, այն արձանագրությունները, որոնք ստորագրվել էին:
Ի դեպ, ստորագրմանը ներկա էին միջազգային կառույցների, տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի արտգործնախարարները, Եվրամիությունից, Եվրախորհրդից ներկայացուցիչներ:
Միջազգային հարաբերություններում կարևորագույն սկզբունքը՝ Pacta sunt servanda սկզբունքն է։ Այսինքն պետք է հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Թուրքիան չկարողացավ հարգել, իրականացնել ձեռք բերված և ստորագրված պայմանավորվածությունները:
Այնպես որ այդպիսի նշաններ մեր կողմից արվել են, և ինչպես միջազգային հանրության կողմից բացմիցս նշվել է, գնդակը գտնվում է թուրքական դաշտում։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ևս մեկ անգամ նշեմ, որ Հայաստանը պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանը այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են միջազգային հանրության համապատասխան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից, հնչեցվել են այդ երկրնեի նախագահների մակարդակով՝ հինգ հայտարարություններում։ Իսկ Ադրբեջանի կողմից չենք լսել, որ այդպիսի պատրաստակամություն կա։ Այնպես որ գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում: