ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամլո ասուլիսին հնչած հարցերին
24 հոկտեմբերի, 2014Հարգելի գործընկեր,
Տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ Երևանում հյուրընկալելու իմ լիտվացի գործընկերոջը՝ նախարար Լինաս Լինկյավիչուսին:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում. դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում, զգալիորեն հաճախակիացել են տարբեր մակարդակներով երկու երկրների միջև փոխադարձ այցերը: Մենք շահագրգռված ենք պահպանելու հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացման վերընթաց դինամիկան: Այս ամենը թույլ է տալիս վստահաբար ասել, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը հետայսու ևս կշարունակեն ընթանալ խորացման ու ընդլայնման ուղիով:
Երախտագիտությամբ պետք է նշենք, որ Լիտվան պատկանում է այն երկրների թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սեյմասի կողմից 2005թ. Ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ ևս փաստեց Լիտվայի պետության և ժողովրդի հավատարմությունը համամարդկային անվիճարկելի արժեքներին և արդարությանը:
Այսօր մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք ներառում են երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, կրթական, մշակութային կապերը, իրավապայմանագրային դաշտի ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում պայմանավորվեցինք համատեղ ջանքերով ակտիվացնել տնտեսական կապերը` կլոր սեղանների, բիզնես ֆորումների, համապատասխան ցուցահանդեսների կազմակերպման միջոցով: Այս գործում մեծ կարևորություն ունի նաև հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը: Հուսով եմ, որ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ քայլերը կավարտվեն մոտակա ժամանակներում, և ձեռնամուխ կլինենք առաջին նիստի անցկացման օրակարգի մշակմանը: Դրա մասին մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք:
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը: Մենք խրախուսում ենք խորհրդարանականների միջև ակտիվ շփումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Հուսով ենք, որ մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում ստորագրված համաձայնագրերն իրենց նպաստը կբերեն նաև այդ կարևոր ասպարեզներում մեր երկրների միջև համագործակցության զարգացմանը:
Նախարար Լինկյավիչուսի հետ անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատանքներին։
Մենք քննարկեցինք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձանք ուկրաինական ճգնաժամին, Մերձավոր Արևելքում շարունակվող մտահոգիչ զարգացումներին։
Բանակցությունների օրակարգում էր, իհարկե, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Ես ներկայացրի այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Այժմ հաճույքով խոսքը փոխանցում եմ իմ լիտվացի գործընկերոջը:
Հարց (Արմենպրես գործակալություն). Հարցս ուղղում եմ երկու նախարարներին. այսպես կոչված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունները չափազանց լարված իրավիճակում են պահում ողջ Մերձավոր Արևելքը, նաև ուղղակի սպառնալիք են հանդիսանում այնտեղ բնակվող հայերի, այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
Պատասխան. Ահաբեկչությունը սպառնալիք է բոլորի համար։ Փորձը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի աջակցում են ահաբեկիչներին կամ փորձում նրանց օգտագործել ինչ-ինչ նպատակներով, կարող են դառնալ այդ նույն ահաբեկիչների թիրախը։
Հայտնի է, որ արցախյան պատերազմի ընթացքում Աֆղանստանից և այլ վայրերից Ադրբեջանը արմատական իսլամիստական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների էր օգտագործում: Նույն Ադրբեջանը այսօր հայտարարում է, որ երկրի ներսում պայքարում է ծայրահեղականների դեմ: Այդ պայքարի արդյունավետության կամ անկեղծության աստիճանը չէի ցանկանա մեկնաբանել, սակայն հայտնի է, որ այժմ էլ այսպես կոչված «Իսլամական պետության» շարքերում բավական քանակությամբ գրոհայիններ կան հենց Ադրբեջանից: Երեկ լրատվամիջոցների, ներառյալ և ադրբեջանական ԶԼՄ-երի տարածած տեղեկատվության համաձայն՝ միջազգային կոալիցիայի հարվածների արդյունքում Քոբանիում սպանվել է «Իսլամական պետության» շարքերում գործող ադրբեջանական ջոկատներից մեկի ղեկավար, հայտնի ահաբեկիչ Խալեդ Ազերին, որն, ի դեպ, ժամանակին ստեղծել էր տխրահռչակ այսպես կոչված «ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը։ Այդպիսինների հովանավորները պետք է գիտակցեն, որ ահաբեկչությունը կարող է ունենալ անկառավարելի բումերանգի էֆեկտ։
Ծայրահեղականների գործողությունները հրամայական են դարձնում քաղաքակիրթ աշխարհի ջանքերի միավորումը և վճռականությունը ահաբեկչության դեմ պայքարում։
Հարց (Արմենիա հեռուստաընկերություն). ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով զեկուցող է նշանակվել, որի հետ խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը կարծես թե չի պատրաստվում համագործակցել։ Ինչպիսի՞ն է ԱԳՆ մոտեցումն այս հարցում։
Պատասխան. Դուք գիտեք, որ մենք սկզբունքորեն դեմ ենք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից դուրս հանելուն, քանզի այն միակ միջազգային մանդատ, լիազորություններ ունեցող ձևաչափն է։ Ադրբեջանի մշտական փորձերը՝ այլ ձևաչափեր տեղափոխելու հիմնախնդրի քննարկումները, վկայում են բանակցային գործընթացը ձախողելու Բաքվի մտադրության, հետևողական քայլերի մասին։
Զեկույցի պատրաստումը որևէ օգուտ բանակցային գործըթացին, խաղաղ կարգավորմանը չի կարող բերել, տրամագծորեն հակառակը, արհեստածին և ինքնանպատակ զեկույցների պատրաստումը միայն առավել կբորբոքի կրքերը, մթնոլորտը, ինչը Բաքվի ամենամեծ ցանկությունն է, և նմանատիպ քայլերը խոչընդոտում են գործընթացը։ Սա է մեր դիրքորոշումը։