Հայաստանի ԱԳ նախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին
27 ապրիլի, 2015Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, առևտրի և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսին, ով Հայաստանում է գտնվում նաև որպես Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ:
Մենք այսօր հնարավորություն ունեցանք բանակցությունների ընթացքում խոսելու երկկողմ հարաբերությունների, Եվրախորհրդի շրջանակներում իրականացվող համագործակցության մասին:
Քննարկման թեմաներից էր նաև բելգիական նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը: Հայաստանը 2013թ. նախագահում էր Եվրախորհրդի նախարարների կոմիտեում, և երբ համեմատում ենք մեր առաջնայնությունները, ապա դրանք շատ մոտ են, եթե չասենք, որ շատ հարցերում համընկնում են: Մենք ողջունում ենք Եվրախորհրդում Բելգիայի բավական հաջող նախագահությունը, որը արդեն եզրափակիչ փուլ է մտնում: Մայիսի 19-ին կկայանա նախարարական հանդիպումը, և ես հաստատեցի դրան իմ մասնակցությունը։
Երկկողմ ձևաչափով քննարկումների ժամանակ մենք անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։ Խոսեցինք առևտրատնտեսական փոխանակումների մասին, որոնց ծավալը 2014թ. կազմել է մոտ 150 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը նվազել է 2013թ. համեմատ, երբ այն կազմում էր՝ 200 մլն ԱՄՆ դոլարից ավել: Իհարկե, մենք ունենք շատ ավելի մեծ ներուժ և պետք է համատեղ ջանքերով նոր ծրագրեր մշակենք՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար: Դրա հնարավորությունները կան, բազմաթիվ բիզնես ֆորումներ են անցկացվել, առևտրական պալատն է գործում, որը բավական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
Մենք խոսեցինք միջխորհրդարանական շփումների զարգացման մասին, անդրադարձանք տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցերի:
Չմոռանամ նշել, որ բանակցություններին նաև կարևոր տեղ էր հատկացվել Հայաստան - ԵՄ համագործակցությանը, հատկապես՝ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ նախապատրաստական շրջանում:
Իմ գործընկերոջը ես ներկայացրի Հայաստանի և եռանախագահների համատեղ ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային օրակարգի տարբեր հրատապ խնդիրների շուրջ՝ Ուկրաինայում իրավիճակը, զարգացումները Միջին Արևելքում և այլ հարցեր:
Հատուկ կցանկանայի նշել, որ պատվիրակությունը այցելում է Հայաստան, երբ հայ ժողովուրդը, միջազգային հանրությունը նշում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում զոհերի հիշատակը։ Բելգիան այն երկրներից է, որը դեռ 1998թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պարոն Դիդիե Ռեյնդերսը այսօր նաև կայցելի Ծիծեռնակաբերդ:
Մենք հուսով ենք, որ այն ակտիվ շփումները, որ մենք մշտապես ունեցել ենք նախկինում և ունենք տարբեր ձևաչափերում, միջազգային համաժողովների ընթացքում, որոնք միշտ օգտագործել ենք՝ հանդիպելու, կարծիքներ փոխանակելու համար, մենք կշարունակենք նույն, միգուցե առավել ինտենսիվությամբ:
Շնորհակալություն:
Հարց (Մեդիամաքս գործակալություն). Երկու հարց, առաջին հարցս Ձեզ եմ ուղղում, պարոն նախարար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների և կազմակերպությունների կողմից արված հայտարարություններին:
Էդվարդ Նալբանդյան. Թուրքիայի արձագանքի մասին, ավելի շուտ ես կասեի՝ հակաարձագանքի մասին, որովհետև Թուրքիան այս վերջին օրերին, վերջին շրջանում քննադատում է բոլորին, քննադատում է Հռոմի պապին, 28 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանին, քննադատում է Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, այլ երկրների: Կարծում եմ՝ ավելի հեշտ կլինի Թուրքիային այսօր մեկ հայտարարություն անել` քննադատելով ամբողջ քաղաքակիրթ աշխարհը նրա համար, որ միջազգային հանրությունը խոսում է լեզվով, որը հասկանալի չէ Անկարային։ Բայց եթե ամբողջ աշխարհը խոսում է մեկ լեզվով, և դու չես հասկանում, ուրեմն պետք է անդրադառնաս և գլխի ընկնես` միգուցե սխալը հենց քո մեջ է:
Հարց (բելգիական լրատվամիջոց). Քանի որ Ձեր երկիրը ընտրություն կատարեց՝ մտնելու Եվրասիական միություն, ցանկանում եմ հարցնել` ինչ սպասելիքներ ունեք դեռ Արևելյան գործընկերությունից, ի՞նչ է առաջարկում ձեզ Եվրոպական միությունը և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռիգայի գագաթաժողովից:
Էդվարդ Նալբանդյան. Ես կարող եմ կրկնել այն, ինչ որ մենք ասել էինք Եվրամիության հետ միասին Վիլնյուսի գագաթաժողովին: Հայաստանը և Եվրամիությունը ընդունել էին համատեղ հայտարարություն, որտեղ ընդգծված է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր բնագավառներում և ձևաչափերով՝ նկատի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում: Դա մենք վերահաստատեցինք այս տարվա հունվար ամսին՝ Հայաստան-Եվրամիություն խորհրդի նիստի ընթացքում, և կարծում եմ, որ պետք է հաստատենք նաև Ռիգայի գագաթաժողովի ժամանակ:
Հարց (Հանրային հեռուստաընկերություն). Ի՞նչ նոր հանդիպումներ են սպասվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում, ինչպիսի՞ ձևաչափով: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան. Ապրիլի 29-ին Փարիզում նախատեսված է իմ հանդիպումը եռանախագահների հետ։ Բանակցային գործընթացը շարունակվում է, բանակցային գործընթացին այլընտրանք գոյություն չունի: