ԱԳ նախարարի պատասխանները Ռոզ-Ռոթ սեմինարի ընթացքում հնչեցված հարցերին

18 հունիսի, 2015

Չարլզ Հյուբեր (Գերմանիա). Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Պետք է նշեմ, որ երկկողմ հարաբերություններում, ինչպես գիտեք, Գերմանիան Հայաստանի համար լավ գործընկեր է, սակայն ես այստեղ ոչ թե Գերմանիայի անունից եմ հանդես գալիս, այլ` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի: Մենք ի՞նչ պիտք է անենք քաղաքական-տնտեսական ուղղություներով:

Երբ մենք խոսում ենք «Իսլամական պետության» մասին, այն պետք է դիտարկել տարածաշրջանային համատեքստից դուրս: Դա իսլամական կրոնի մեկնաբանությունից դուրս է: Այդ պատճառով էլ մենք չենք դիտարկում «ԻՊ» գործոնը միայն մերձավորարևելյան տարածաշրջանում` Սիրիայում, Իրաքում: Խնդիրն է, որ մենք պետք է գնահատական տանք, թե ինչու «ԻՊ» շարքերում ընդգրկվում են երիտասարդներ, և ես կարծում եմ, որ սա միայն կրոնի խնդիր չէ: Այն իր մեջ պարունակում է նաև տնտեսական բաղադրիչ, քանի որ մեր երիտասարդները ցանկանում են ճանաչվել կամ ցանկանում են ապագա ունենալ: Ես կարծում եմ, որ սա առանձնահատուկ թեմա է, որը պահանջում է մեր աշխատանքը նաև այս շրջանակներում` միջխորհրդարանական նստաշրջանի շրջանակներում:

Մյուս կողմից ձեր հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի հետ և, հատկապես, ձեր մոտեցումները Ղարաբաղի մասով` հաշվի առնելով, որ դուք միացել եք Եվրասիական միությանը: Այս պատճառով հարցս վերաբերում է նրան, թե Եվրոպայի կողմից ինչ պետք է արվի՝ դյուրացնելու առևտուրը ձեր և Եվրամիության միջև։ Մենք այսօր եկել ենք այստեղ հարցնելու` ինչ կարող ենք մենք անել:

Բեատրիս Ռոդրիգես-Սալմոնես (Իսպանիա). Շատ շնորհակալ եմ՝ ձեր գեղեցիկ երկրում մեզ հյուրընկալելու համար։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ՝ ելույթների համար: Իմ հարցը, եթե կարելի է, ուղղված է արտգործնախարարին: Ձեր ելույթը շատ ընդգրկուն և հետաքրքիր էր: Եվ իմ հարցը վերաբերում է Ռուսաստանին: Ո՞րն է Ձեր կարծիքը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հարցում: Ես նկատի չունեմ մյուս երկու տարածքները, քանի որ մենք ունենք Մինսկի պայմանավորվածությունները: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը խնդրի լուծման և Ձեր դիրքորոշման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Նախ և առաջ պատասխանեմ Չարլզ Հյուբերի հարցերին, որոնք վերաբերում են Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր հարաբերություններին, Եվրոպական Միություն - Հայաստան հարաբերությունների ապագա հնարավոր զարգացումներին, տնտեսական համագործակցությանը, ընդհանրապես անվտանգության ամրապնդման իմաստով այս տարածաշրջանում Հայաստանի մոտեցումներին։

Ինչ վերաբերում է անվտանգության ամրապնդմանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման իմաստով, շատ կարևոր է, ինչպես ես իմ խոսքում նշեցի, գործնականում, այլ ոչ թե միայն ձևական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին։ Մինսկի խմբի համանախագահությունը միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է, որը զբաղվում է հիմնախնդրի կարգավորմամբ։ Համանախագահներն են երեք երկրներ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան: Միջազգային հարաբերություններում դա, թերևս, միակ կոնֆլիկտն է այսօր, որի վերաբերյալ այդ երեք երկրներն ունեն միասնական մոտեցում, թե ինչպես պետք է հակամարտությունը լուծվի: Ցավոք, այլ խնդիրների վերաբերյալ այսօր նման միասնական մոտեցում չկա:

Այս հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահ երկրների ղեկավարները հինգ հայտարարություն են արել։ Սա ևս բացառիկ երևույթ է, որովհետև չկա այլ հիմնախնդիր, կոնֆլիկտ միջազգային հարաբերություններում, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի Նախագահները հինգ հայտարարություն արած լինեն, թե ինչ սկզբունքների, ինչ դրույթների հիման վրա պետք է լուծում տրվի հիմնախնդրին: Խոսքը գնում է Լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում արված հինգ հայտարարությունների մասին:

Դրանք ընդհանուր հայտարարություններ չեն, այլ շատ մանրակրկիտ մշակված առաջարկներ են պարունակում։ Հայաստանը յուրաքանչյուր հայտարարությունից հետո ասել է. «Մենք պատրաստ ենք դրանց հիման վրա գնալ կարգավորման»:

Այսօր մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության, եռանախագահող երկրների դիրքորոշմանը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Ո՞րն է Ադրբեջանի մոտեցումը: Ադրբեջանը մերժում է ոչ միայն այդ առաջարկները, այլև եռանախագահող երկրների կողմից վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկները։ Բաքուն փորձում է իր ժողովրդին համոզել, թե իբր միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը:

Միջազգային հանրությունը արտահայտել է իր դիրքորոշումը եռանախագահների միջոցով, և Ադրբեջանը մինչ այսօր որևէ աջակցություն դրան չի հայտնել: Սա է տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով: Ես կցանկանայի նաև նշել, որ հակամարտության հիմնական կողմերը Ադրբեջանը և Ղարաբաղն են, որոնք դեռ 1994թ. և 1995թ. կնքել են հրադադարի հաստատման և ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերը, որոնց միացել է նաև Հայաստանը:

Մենք երբևէ որևէ երկրի չենք խնդրում աջակցել մեզ՝ ընդդեմ Ադրբեջանի: Մենք պարզապես կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այդ աջակցությունը նպաստավոր կլինի հիմնախնդրի կարգավորման համար։

Դուք ճիշտ նշեցիք, որ Գերմանիայի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, պարբերաբար հանդիպումներ են կայանում ամենաբարձր մակարդակով: Մի քանի շաբաթ առաջ էր վերջին հանդիպումը, որը կայացավ Նախագահ Սարգսյանի և Կանցլեր Մերկելի միջև: Պարբերաբար շատ ակտիվ շփումներ են կայանում նաև արտգործնախարարների մակարդակով: Բացի այդ, Դուք ճիշտ եք, որ այդ հարաբերություններն ունեն համապարփակ բնույթ նաև տնտեսական համագործակցության իմաստով:

Ինչ վերաբերում է Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին։ Մեր ցանկության մասին՝ մտնելու Մաքսային միություն, որը հետագայում ձևավորվեց որպես Եվրասիական միություն, ասվել էր բավական ժամանակ առաջ: Այդ տեղեկատվությունը հասանելի է նաև կայքերում։ Ինտերնետային դարում այդ ամենը պահպանվում է և կարելի է տեսնել։ Հարցին, թե Հայաստանը ցանկանո՞ւմ է լինել Մաքսային միության անդամ, մենք ասում էինք՝ այո։ Սակայն մեզ չէին հրավիրում: Դրա համար կային պատճառներ, տրվում էին համապատասխան բացատրություններ, օրինակ՝ ընդհանուր սահմանի բացակայությունը և այլն։

Կողմերի մասնակցությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը հետագայում եզրակացության հանգեց, որ, չնայած որոշ խոչընդոտների, Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը: Եվ, բնականաբար, մենք վերահաստատեցինք մեր ցանկությունը՝ անդամակցելու այդ միությանը, և սկսեցինք բանակցությունները:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ բանակցային գործընթացին` ասոցացման պայմանագրի շուրջ, ներառյալ նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ. Արևելյան գործընկերության նախաձեռնողներն ասում էին, որ դա նպատակ ունի աջակցել, խրախուսել բարեփոխումների գործընթացը Արևելյան գործընկերության երկրներում՝ «որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ աջակցություն» սկզբունքով: Իհարկե, գաղափարը լավն էր:

Մենք ասացինք՝ այո, մենք ցանկանում ենք մասնակցել այդ ծրագրին։ Բայց մենք հստակ ընդգծեցինք մեր շահագրգռվածության մասին՝ մասնակցելու նաև այլ ինտեգրացիոն ձևաչափերին: Եվ եթե դա չի հակասում մեկը մյուսին, ուրեմն մենք պատրաստ ենք աջակցել այդ ծրագրին: Մենք սկսեցինք բանակցությունները թե՛ ասոցացման պայմանագրի, թե՛ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ և արագ ձևով առաջ ընթացանք: Հայաստանը նաև առաջիններից էր, որ Եվրամիության հետ ստորագրեց շարժունակության, ինչպես նաև՝ ռեադմիսիայի, արտոնագրային ռեժիմի դյուրացման, Եվրամիության տարբեր ծրագրերին մեր մասնակցության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:

Սակայն արդեն վերջին փուլում Բրյուսելից սկսեցին ձայներ հնչել, որ Արևելյան գործընկերների կողմից պետք է ընտրություն կատարվի՝ կամ Եվրամիություն, կամ Ռուսաստան, անգամ` քաղաքակրթական ընտրություն։ Մենք բազմիցս Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակ, հայտնել էինք մեր կարծիքն այն մասին, որ այդ մոտեցումը կարող է բերել անցանկալի զարգացումների՝ թե՛ Եվրամիության, թե՛ Արևելյան գործընկերների, թե՛ Եվրամիություն - Ռուսաստան հարաբերությունների համար։

Ի՞նչ է նշանակում քաղաքակրթական ընտրություն: Մեր ընտրությունը մենք կատարել ենք դարեր առաջ։ Մենք ցանկանում ենք Եվրամիության հետ, Եվրամիության անդամ երկրների հետ հնարավորինս սերտ, խորը քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունենալ: Բայց մենք ցանկանում ենք խորը, համապարփակ և շատ ակտիվ հարաբերություններ ունենալ նաև այլ ուղղություններով: Իրականում մենք եկանք հենց դրան: Վիլնյուսի գագաթաժողովին մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք Եվրամիության հետ, որտեղ Հայաստանը և Եվրամիությունը պատրաստակամություն էին հայտնում շարունակել բազմաբովանդակ համագործակցությունը բոլոր հնարավոր ձևաչափերով, ուղղություններով` նկատի ունենալով Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Նաև Վիլնյուսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ համաձայնության եկանք ապագային միտված` Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգի՝ այսպես կոչված road map-ի շուրջ, այսինքն՝ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, և համապատասխան նամակներ փոխանակեցինք:

Եվ այդ աշխատանքը շարունակվեց: Անցյալ աշնանից մենք ԵՄ հետ բանակցություններ էինք վարում, որոնք, սակայն, կոչվում էին խորհրդատվություններ, քանի որ Եվրամիությունը իր բանակցային թիմին դեռ մանդատ չէր տվել։ Ռիգայի գագաթաժողովից առաջ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվեց տալ այդ մանդատը: Հուսով եմ, որ մոտակայում Եվրամիության խորհուրդը կհաստատի այդ մանդատը, և մենք բանակցություններ կսկսենք՝ մշակելու համար մեր հարաբերությունների իրավական հենքը։

Ինչ վերաբերում է Եվրամիության անդամ երկրների հետ մեր հարաբերություններին, ինչպես և նախկինում դրանք սերտ և ակտիվ են։

Այսպես կոչված «Իսլամական պետության» մասով. Դուք ճիշտ եք, այդ կառույցի կողմից շահարկվում և չարաշահվում է կրոնի գործոնը։ Հայտնի է, որ այդ խմբավորման շարքերում բազմաթիվ գրոհայիններ կան ոչ միայն Միջին Արևելքից, այլև՝ եվրոպական մի շարք երկրներից։

Այդ կառույցը և այլ ահաբեկչական խմբավորումներն այսօր վտանգ են ներկայացնում բոլորի համար, բայց, հատկապես, փոքրամասնությունների համար՝ անկախ իրենց կրոնից։ Եվ չեմ թաքցնի՝ առաջին հերթին նաև քրիստոնյա փոքրամասնության համար։ Հայաստանը՝ Ռուսաստանի, Լիբանանի և Վատիկանի հետ, Ժնևում Մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնեց քննարկումներ այդ խնդրի շուրջ։ Միջին Արևելքում, որը քրիստոնեության բնօրրանն է եղել, այսօր քրիստոնյաների ներկայությունը իրական սպառնալիքի տակ է։

Ահաբեկչական կառույցների դեմ պետք է պայքարել ոչ միայն ձևականորեն, այլ՝ գործնական: Գործնական՝ առաջին հերթին ֆինանսական հնարավորություններից զրկելով: Որովհետև հայտնի է, որ ֆինանսավորում է տրամադրվում այդ կառույցներին, և անգամ հրապարակումներ կան, թե որ երկրներից են գալիս և ինչպես: Նաև ենթակառուցվածքային աջակցություն է ցուցաբերվում, ահաբեկիչների համար սահմաններ են բացվում, վարձկաններ են հավաքագրվում… Եվ պետք չէ որոշ ահաբեկչական խմբավորումների վրա նայել ինչ-որ նեղ շահերից ելնելով։ Ալ-Քաիդան այսօր քննադատում է «Իսլամական պետությանը»։ Ի՞նչ է, դրանով Ալ-Քաիդան պակա՞ս ահաբեկչական կառույց է դառնում։ Որոշ վերլուծաբաններ փորձում են Ալ-Նուսրային, որոշ այլ ահաբեկչական կառույցներին մեղմ աչքով նայել՝ ձևացնելով, թե դրանք այդքան էլ ահաբեկչական չեն։ Ինչպե՞ս կարելի է աչք փակել, որ հենց այդ խմբավորումներն են եկեղեցիներ պայթեցնողները և տարբեր բարբարոսությունների հեղինակները։

Միջազգային հանրությունը պետք է համախմբի իր ուժերը և ընդհանուր պայքար պետք է մղի ահաբեկչության դեմ, որովհետև դա սպառնալիք է ոչ միայն այս տարածաշրջանի, այլև՝ ամբողջ աշխարհի համար։ Մեր համեստ հնարավորությունների սահմաններում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել այս ուղղությամբ:

Տիկին Սալմոնիսը հարց տվեց Ուկրաինայի, Ղրիմի վերաբերյալ, ես մի քանի խոսքով ասացի իմ ելույթի մեջ, բայց կցանկանայի մի փոքր հավելում անել: Ինչպես ես ասացի, մենք Ուկրաինայում ունենք բազմահազարանոց հայկական համայնք։ Ուկրաինան մեզ համար շատ կարևոր երկիր է, և ես ասացի նաև մեր պատմական բարեկամական հարաբերությունների մասին, և մեր ցանկությունն է ապագայում ևս շարունակել մեր բարեկամությունը։

Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց մի բանաձև, որը ընդհանրացնում է միջազգային իրավունքի մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականության սկզբունքը որպես գերակայող սկզբունք բոլոր մնացած սկզբունքների նկատմամբ: Հայաստանը որևէ միջազգային կառույցում, լինի դա ՄԱԿ կամ այլ կառույցներ, երբևէ չի աջակցել որևէ բանաձևի, որն առավելություն է տալիս միայն մեկ սկզբունքի: Այստեղ Ջորջ Օրվելի հայտնի ձևակերպումը չի կարելի կիրառել՝ բոլոր սկզբունքները հավասար են, բայց մեկ սկզբունքն ավելի հավասար է, քան՝ մյուսները: Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակ է հանդիսանում։ Եթե այսօր ՄԱԿ-ում մոտ 200 անդամ երկիր կա՝ 193, դրանց ջախջախիչ մեծամասնությունը իրացրել են ինքնորոշման իրավունքը և դարձել անկախ երկրներ և ՄԱԿ-ի անդամ: Երբ ՄԱԿ-ը ստեղծվում էր, այնտեղ չորս անգամ ավելի քիչ անդամ երկիր կար: Ինչու՞ է այսօր չորս անգամ ավել. հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում։

Դա է պատճառը, որ մենք քվեարկեցինք այդ բանաձի դեմ։

Ղարաբաղի հարցով միջագային հանրությունը գտնում է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա, և այդ սկզբունքները դիտարկում է որպես մեկ ամբողջություն։

Կորյուն Նահապետյան. Պարոն նախարար, հրապարակեմ հերթագրվածների ամբողջական ցուցակը՝ Հարի վան Բոմել (Նիդերլանդներ), Դոմենիկո Շիլիպոտի Իսգրո (Իտալիա), Դուբրավկա Ֆիլիպովսկի (Սերբիա), Օյարս Էրիկս Կալնինշ (Լատվիա) և վերջում, բայց ոչ ամենավերջինը՝ Թևան Պողոսյան (Հայաստան): Խնդրում եմ այս հերթականությամբ հարցերը ուղղեք: Եվ պատասխանների պարագայում խնդրելու եմ մի փոքր ավելի սեղմ տարբերակով ներկայացնել՝ հաշվի առնելով, որ ժամը 1-ին մենք պետք է փորձենք ավարտել մեր աշխատանքները:

Հարի վան Բոմել (Նիդերլանդներ). Շատ շնորհակալություն, պարո՛ն նախարար: Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի մասին և ներկայացրիք հինգ հայտարարություններն ու սեղանին դրված մանրամասն առաջարկները: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ մենք երկու իրողության ենք հանդիպում՝ թղթի վրայի և տեղում տիրող փաստացի իրավիճակին: Դուք նշեցիք, որ Ադրբեջանը խախտում է խաղաղությունը և կիրառում է ծանր սպառազինություն: Որո՞նք են այս պահին ընթացող փաստացի զարգացումները: Մենք տեղյակ ենք դիպուկահարներից, մենք տեղյակ ենք բռնության մասին, մենք տեղյակ ենք կորուստներից: Բայց ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին: Եվ արդյո՞ք որևէ փոփոխություն եղավ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Դոմենիկո Շիլիպոտի Իսգրո (Իտալիա). Պարոն նախարար, թուրքական կողմը պնդում է, թե Հայաստանի ատոմակայանը խնդիրներ է առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման համար, արդյո՞ք դա խնդի՞ր է, թե՞ ընդամենը պատրվակ:

Դուբրավկա Ֆիլիպովսկի (Սերբիա). Շնորհակալություն ելույթի համար: Ես մի հարց ունեմ՝ ուղղված արտգործնախարարին: Պարո՛ն նախարար Նալբանդյան, Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միակողմանիորեն հրաժարվել է ստորագրել կայունացման և ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ՝ Եվրասիական տնտեսական միությանն իր անդամակցության պատճառով: Նկատի ունենալով այն, որ շարունակվում են բանակցությունները Եվրամիության հետ` հետագա համագործակցության ուղիներ գտնելու նպատակով այնպիսի ոլորտներում, որոնք չեն հակասում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից բխող իրավունքներին և պարտավորություններին: Հարցս հետևյալն է. որո՞նք են Հայաստանի հետագա քայլերը այս հակասական գործընթացում:

Օյարս Էրիկս Կալնինշ (Լատվիա). Շատ շնորհակալ եմ: Շնորհակալություն, պարո՛ն նախարար: Եվրամիության հետ Հայաստանի նախկին հարաբերությունները նկարագրելիս Դուք հիշատակեցիք Քեթրին Էշթոնին և, ամենակարևորը, նախորդ Եվրոպական հանձնաժողովին: Սակայն նոր Հանձնաժողովի նոր բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի նշանակմամբ մենք զգում ենք, որ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը հաջողություն կունենա, քանի որ երաշխավորում է ԵՄ 28 անդամների և Արևելյան գործընկերության 6 երկրների միջև շարունակական համագործակցությունը՝ հիմնված անհատականացման և տարբերակման վրա:

Երկու հարց ունեմ: Առաջինը, Դուք արդեն հանդիպե՞լ եք Ֆեդերիկա Մոգերինիին: Ձեր կարծիքով՝ ձևավորվե՞լ է արդեն նոր՝ Ձեր նշած նախկին դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում: Եվ երկրորդ, Դուք ակնկալո՞ւմ եք Եվրոպական միության և Եվրասիական միության միջև հնարավոր համագործակցություն: ԵՄ-ում գերիշխում է այն կարծիքը, որ Եվրասիական միությունը դեռևս պատրաստ չէ, չի ձևավորվել կառույց՝ դա հնարավոր դարձնելու համար: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է հասնել դրան երկարաժամկետ հեռանկարում, և կաջակցե՞ք Դուք այդ համագործակցությանը, եթե դա հավանական է թվում:

Թևան Պողոսյան (Հայաստան). Պարո՛ն նախարար, մի կողմից ուրախ եմ՝ նշելու, որ Հայաստանն իսկապես քայլ առ քայլ հետ է վերադառնում եվրոպական ինտեգրման գործընթացին: Հուսով եմ, որ այս տարվա ընթացքում մենք իսկապես կստորագրենք Հայաստան - Եվրամիություն նոր իրավական պայմանագիրը: Բայց հարցս հետևյալն է. պարո՛ն նախարար, մենք ունենք նաև մեկ այլ հետաքրքիր հարևան՝ Իրանը: Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքրում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, հնարավոր սանկցիաների թուլացման վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Բավական դժվար խնդիր է դրել նախագահողը, որովհետև ասում է, որ վեց հարցին վեց րոպեում պետք է պատասխանեմ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ հարցին և թե կան արդյոք փոփոխություններ այդ հարցում մեր՝ Եվրասիական միությանն անդամակցությունից հետո. շատ կարճ պատասխանեմ: Եվրասիական միությանն անդամակցությունը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցություններն ընթանում են եռանախագահող երկրների միջնորդությամբ, և, ինչպես ես մանրամասն անդրադարձա իմ ելույթի մեջ, նաև պատասխանեցի հնչեցված հարցին, մենք շարունակելու ենք, ինչպես և նախկինում, եռանախագահող երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Իրավիճակն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև շփման գծում, Հայաստանի հետ սահմանին վերջին օրերին մի փոքր ավելի հանդարտ է: Փորձագետները դա կապում են Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման հետ: Բայց դա չի նշանակում, որ նոր սրացումներ չեն կարող ակնկալվել։ Որովհետև այն պատրաստությունները, որոնք ադրբեջանցիներն իրականացրել էին վերջին շրջանում՝ բավական սրելով իրավիճակը, դրանք չեն վերացվել։ Վստահություն չկա, որ ադրբեջանցիներն իրենց սադրիչ քաղաքականությունից հետ են կանգնել։

Ինչ վերաբերում է ատոմակայանի հետ կապված իտալացի պատգամավորի հարցին, որ իբրև թուրքերն այդ հարցը կապում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ. ես բանակցել եմ թուրքական կողմի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների շուրջ, մենք ունեցել ենք արտգործնախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումներ և երբևէ ատոմակայանի հարց չի բարձրացվել թուրքական կողմից:

Դա արդեն ինչ-որ նոր, ինչպես Դուք եք ասում, պատրվակ է։ Մենք սկսել ենք այդ բանակցություններն ընդհանուր ըմբռնումով, որ վարում ենք դրանք առանց նախապայմանների։ Եվ այդպես էլ եղավ. մենք վարեցինք բանակցությունները, եկանք պայմանավորվածության և որևէ նախապայման չկա արձանագրությունների մեջ: Հիմնական նախապայմանները միշտ երկուսն են եղել, որոնք թուրքական կողմն ուներ այս բանակցային գործընթացից առաջ: Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո իրենք վերադարձան իրենց հին նախապայմանների լեզվին` կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ:

Մենք բազմիցս ասել ենք, և ես անձամբ Թուրքիայում մամլո ասուլիսի ժամանակ եմ ասել, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դրել և չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը և դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Մենք դա բանակցային գործընթացի սկզբից ենք ասել:

Երկրորդը կապված էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, և թուրքական կողմն ինքը ճանաչեց, որ իրենք իրենց փակուղու մեջ են դրել, և սխալ քայլ է արվել՝ կապելով այդ երկու գործընթացները` փաստորեն խոչընդոտելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Այն երկրները, որոնք աջակցում էին այս գործընթացին, իսկ մենք բավական թափանցիկ էինք վարում բանակցությունները, աջակցում էին առանց նախապայմանների կագավորման մոտեցմանը։

Տարբեր ասեկոսեներ եղան, թե արձանագրություններում ինչ-որ նախապայմաններ կան, բայց մենք աննախադեպ քայլի գնացինք` արձանագրությունների ստորագրումից վեց շաբաթ առաջ մենք դրանք հրապարակեցինք: Միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չի լինում: Բոլոր ասեկոսեները, թե արձանագրություններում ինչ-որ նախապայմաններ կան հօդս ցնդեցին: Բայց հարցը նրանում է, որ երբ թուրքական կողմը նորից վերադարձավ նախապայմանների լեզվին, տարբեր երկրներից հնչեցին կարծիքներ, որ այս գործընթացն առանց նախապայմանների է վարվել, և որ հարաբերությունները պետք է առանց նախապայմանների կարգավորվեն, որ թուրքական կողմի դաշտում է գտնվում գնդակը:

Ատոմային կայանի հետ կապված` դա ինչ-որ շինծու պատրվակ է:

Ինչ վերաբերում է տիկին Ֆիլիպովսկու հարցին, թե Հայաստանն ինչ է անելու Եվրամիության հետ, ես ասացի արդեն` ինչ է անելու Եվրամիության հետ, և ես լրիվ կիսում եմ պարոն Կալնինշի կարծիքը, որ, իսկապես, Ռիգայում դրական զարգացում եղավ, որովհետև այն համաձայնությունը, որին մենք եկել էինք Վիլնյուսում, վերահաստատվեց նաև Ռիգայում՝ մենք շարունակելու ենք բանակցությունները` նոր իրավական շրջանակը ձևավորելու համար: Թե՛ տիկին Մոգերինիի, թե՛ պարոն Հանի, թե՛ Եվրամիության այլ ղեկավարների հետ և նաև Եվրամիության անդամ երկրների հետ մենք կիսում ենք այդ մոտեցումը։

Երբ մենք հայտարարեցինք մեր ցանկության մասին` անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, ես այցելեցի ԵՄ անդամ երկրներ, և իմ գործընկերների մեծամասնությունը ըմբռնումով էր մոտենում մեր որոշմանը ու մեր ցանկությանը` շարունակելու Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և զարգացումը:

Բայց ես Ձեզ հետ համաձայն չեմ, տիկի՛ն Ֆիլիպովսկի, որ մենք միակողմանի հրաժարվեցինք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Իրականությունն այն է, որ երբ սեպտեմբերի 3-ին մենք հայտարարել էինք մեր ցանկության մասին` անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը, ամսի 5-ին ես Բրյուսելում էի, և այնտեղ, և դա հրապարակված է նաև մամլո հաղորդագրության մեջ, մենք հայտնեցինք մեր ցանկության մասին` շարունակելու մեր համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ։ Սակայն մեզ ասվեց, որ Ասոցացման պայմանագիրը, հատկապես՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, չի կարող համատեղվել Եվրասիական տնտեսական միությանը մեր ապագա անդամակցության հետ։ Ես հարցրի` իսկ ո՞րտեղից գիտեք, որ չի համապատասխանում: Դուք գիտե՞ք: Օրինակ, մենք չգիտենք, բանակցությունները դեռ նոր պետք է սկսենք։ Եվրասիական միությունը դեռ ստեղծված էլ չէր: Բայց ասացին, որ ոչ, գիտենք, որ չի համապատասխանում: «Լավ, - ասացինք, - այն մասը, որը չի համապատասխանում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, եկեք թողնենք։ Իսկ Ասոցացման պայմանագրի մասով ստորագրենք»: Ասացին. «Ոչ, դա ընդհանուր փաստաթուղթ է»: Բայց հետո Ուկրաինայի հետ ստորագրվեց Ասոցացման համաձայնագիրն առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի:

Խորհրդարանական որոշ շրջանակներ, չիմանալով այս գործընթացների բոլոր մանրամասները, ինչ-որ եզրակացություններ, հայտարարություններ էին անում։

Ես կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը երկիր է իր շահերով, իր աշխարհագրական կոորդինատներով, և մեր երկիրը նկատի է առնում, թե մեր շահերը ինչ են պահանջում, թե ինչպես մենք պետք է զարգացնենք մեր ռազմավարական և տնտեսական հարաբերություններն այլ երկրների հետ: Եվ մեր մոտեցումն այն է, որ՝ այո, մենք ցանկանում ենք զարգացնել, խորացնել մեր դաշնակցային ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միաժամանակ նաև ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները այլ ուղղություններով և ոչ միայն Եվրամիության հետ: Այդ մասին է խոսում այն ակտիվ դիվանագիտությունը, որ մեր փոքր երկիրը վարում է տարբեր ուղղություններով՝ թե՛ ասիական, թե՛ լատինամերիկյան, թե՛ Միջին Արևելքի, թե՛ տարբեր այլ ուղղություններով:

Եվրամիությունը եղել է, մնում և լինելու է մեր գլխավոր գործընկերներից մեկը, որի հետ մենք ցանկանում ենք և անելու ենք հնարավորը՝ մեր հարաբերությունների ամրապնդման համար:

Պարոն Պողոսյանը հարց բարձրացրեց Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների մասին։ Մենք, առանց աղմուկ անելու, փորձել ենք մեր համեստ նպաստը բերել այդ բանակցային գործընթացին, հատկապես այն շրջանում, երբ այդ գործընթացը դեռ նոր էր սկիզբ առնում։ Մենք ունենք վստահելի և սերտ հարաբերություններ թե՛ բանակցությունները վարող երկրների, թե՛ Իրանի հետ:

Հայաստանը եղավ առաջին երկիրը, ոչ թե առաջիններից, այլ՝ առաջին երկիրը, որը ողջունեց այս ապրիլին Լոզանում ձեռք բերված շրջանակային համաձայնությունը։

Մենք շատ շահագրգիռ ենք, որ այդ հիմնախնդիրն իր լուծումը գտնի: Իրանը մեր հարևան երկիրն է, մենք տարբեր ծրագրեր ունենք՝ իրականացված և իրականացվելիք, մենք ակտիվ տնտեսական և առևտրական հարաբերություններ ունենք։ Բայց, ցավոք, տնտեսական պատժամիջոցները խոչընդոտներ են ստեղծում մեր տնտեսական համագործակցության զարգացման համար։

Դա է պատճառը, որ մեր տնտեսական, առևտրական հարաբերությունների ծավալը աճ չի ապրել վերջին տարիներին: Մենք հուսով ենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության ձեռք բերումից հետո մեր բարեկամ Իրանի հետ մեր տնտեսական համագործակցության առումով ավելի մեծ հնարավորություններ կբացվեն։

Տպել էջը