Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ համատեղ մամլո ասուլիսին

25 հունիսի, 2015

Բարև ձեզ,

Ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը` Չեխիայի արտաքին գործերի նախարար պարոն Լյուբոմիր Զաորալեկին, ով գտնվում է պաշտոնական այցելությամբ Հայաստանում: Սա իր առաջին այցելությունը չէ Հայաստան, բայց որպես արտաքին գործերի նախարար պարոն Զաորալեկը առաջին անգամ է Երևանում։

Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Վերջին մեր հանդիպումը, երկու ամիս առաջ էր` ապրիլ ամսին: Սա լավ հնարավորություն է` շարունակելու մեր քննարկումները, և այսօր բանակցությունների ժամանակ մենք անդրադարձանք երկկողմ հարաբերությունների բավական հագեցած օրակարգին, քաղաքական երկխոսությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացմանը, անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, կարևորեցինք բարձր մակարդակի փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերը:

Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետն էր գտնվում Չեխիայում, և Պրահայում բավական լավ բանակցություններ են կայացել, հատկապես տնտեսական համագործակցության խորացման վերաբերյալ:

Մեր հարաբերությունների համար շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2014թ. պետական այցելությունը Պրահա, որի ընթացքում Չեխիայի Նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացման, առավել ամրապնդման, խորացման հեռանկարները, և այսօր մենք գոհունակությամբ կարող ենք նշել, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:

Գոհունակությամբ ես կնշեի, որ երկու մայրաքաղաքներում արդյունավետ գործում են մեր դեսպանությունները։ Այսօր մենք նաև պաշտոնապես կբացենք Չեխիայի դեսպանությունը Հայաստանում, որն արդեն գործում է բավական ժամանակ: Ես կցանկանայի նշել նաև մեր երկու դեսպանների՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքը։

Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ նաև տարբեր միջազգային, տարածաշրջանային հարցերի: Ես ներկայացրի իմ գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Մենք այսօր հնարավորություն կունենանք շարունակել քննարկումները աշխատանքային ճաշի ընթացքում, որը կհետևի մեր մամլո ասուլիսին, և ապա ներկա կգտնվենք Չեխիայի դեսպանության բացման արարողությանը:

Շնորհակալություն: Սիրով խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը: Խնդրեմ, Լյուբոմիր:


Հարց. Պարոն Նալբանդյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ ճանաչումներ եղան: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը. արդյո՞ք կշարունակվի այս գործընթացը:

Էդվարդ Նալբանդյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ, նոր սկիզբ է հանդիսանում այս անշրջելի գործընթացի համար: Եվ հատկանշական է, որ տարբեր երկրներում, խորհրդարաններում ճանաչման այս գործընթացը իրականանում է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ և աջակցությամբ: Ճանաչումների վերջին շարքում ես կցանկանայի նշել ինչպես դա եղավ Բոլիվիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Բրազիլիայում:

Շատ գնահատելի են հայտարարությունները, որոնք արվում են տարբեր երկրների ղեկավարների կողմից այս կապակցությամբ: Այս շարքում հատկապես կցանկանայի նշել Գերմանիայի Նախագահի հայտարարությունը: Վերջին հայտարարություններից էր Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հայտարարությունը, որը բարձր գնահատականի է արժանի: Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի գործընթաց է:

Հարց. Պարոն Նալբանդյան, օրերս ԵԽԽՎ-ում քննարկվեց Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը, որտեղ, մեղմ ասած, անհեթեթ ձևակերպումներ կային Ղարաբաղի վերաբերյալ: Ճիշտ է, ի վերջո, վերջնական փաստաթղթում հանվեցին այդ ձևակերպումները, չներառվեցին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Կասեի, որ օրեցօր վատթարացող, ես անգամ կավելացնեի՝ ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում: Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ձեր հիշատակած բանաձևի հետ կապված:

Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ և թե՛ մյուս հարցում: Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների հոտը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ:

Դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում: 

Տպել էջը