Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյունքներով
25 մարտի, 2016Ողջունում եմ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։
Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր վրացի բարեկամներին։ Գիտեք, որ տարիների ընթացքում մեր երկու հարևան երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև ավանդաբար ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ուղղված են մեր պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։ Արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում այս առումով։
Ասել, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել։ Այն ամենն, ինչը բնորոշում է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված է։ Եվ դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տարիներ։ Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված և ժամանակով ստուգված բարեկամություն է։ Այս հարաբերությունները շարունակում են ընդլայնվել ու խորանալ մեր երկու երկրների միջև՝ ունենալով նաև այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը։
Միևնույն աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող երկրների արտաքին գերատեսչություններին միշտ օգտակար է մտքերի փոխանակումը միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա ես բազմիցս ասել եմ և կցանկանայի Վրաստանի նոր արտգործնախարարի ներկայությամբ կրկնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են։
Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր: Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը, լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Իմ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվեցինք առավել ակտիվացնել երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Մտքեր փոխանակեցինք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ։ Այս հարցերին անդրադարձ կլինի նաև այսօր ՀՀ վարչապետի հետ պարոն Ջանելիձեի հանդիպմանը։ Խոսեցինք ակտիվ միջխորհրդարանական համագործակցության մասին։
Քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
Մենք շարունակում ենք համագործակցությունը Վրաստանի հետ՝ հայկական մշակութային ժառանգության պահպանման առումով։ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Վրաստանի ղեկավարների հետ միասին ներկայությունը Թբիլիսիի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը դրա վառ վկայությունն է։
Ես գործընկերոջս տեղեկացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին։ Այս առումով կարևոր է Վրաստանի աջակցությունը միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափին՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Պարոն Ջանելիձե, ուրախ եմ Ձեզ ընդունել արտգործնախարարության նոր շենքում, որտեղ Դուք առաջին արտերկրյա բարձրաստիճան հյուրն եք, ում հետ համատեղ հանդես ենք գալիս մամուլի առջև։ Հաճելի է այս պահը կիսել բարեկամ վրաց ժողովրդի ներկայացուցչի հետ։
Այժմ խոսքը փոխանցեմ գործընկերոջս։